Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՎԱՍՏՎԵԼ ԵՆ ՔԻՉ, ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՇԱ՞Տ

Հոկտեմբեր 18,2007 00:00

\"\"Առողջապահության նախարարությունը պնդում է, թե իբր խոցելի խմբի 96 տոկոսը մի մարդու պես գնացել է պատվաստման:

Արդեն երկու շաբաթից ավելի է՝ առողջապահության նախարարությունը շարունակում է կարմրուկի եւ կարմրախտի դեմ պատվաստումներ իրականացնել հանրապետության ողջ տարածքում: Թեեւ պատվաստումները պետք է անցկացվեին հոկտեմբերի 1-ից 13-ը, բայց, ինչպես արդեն նշել ենք «Առավոտի» նախորդ համարում, նախարարությունը որոշել է այդ ժամկետը երկարաձգել, որպեսզի չպատվաստվածները, ովքեր այս ընթացքում մտափոխ են եղել, հնարավորություն ունենան պատվաստանյութն ընդունելու:

Նախարարության հրապարակած տվյալներով՝ 6-27 տարեկան խոցելի խմբի ավելի քան 96 տոկոսը կամ 776 հազար 28 մարդ արդեն պատվաստվել է, այսինքն՝ ընդամենը 4 տոկոսն է մնացել: Ամենապարզ հաշվարկը կատարելով՝ պարզ է դառնում, որ պատվաստվածների մասին նախարարության ներկայացրած այդ ցուցանիշն ուռճացված է: Իսկ թե նախարարությունն ինչու պետք է շահագրգռված լինի պատվաստվողների մասին ուռճացված կամ ոչ ճիշտ թվեր հրապարակել՝ ունի իր բացատրությունը: Նախ, պատվաստանյութն անվճար տրամադրվել է ՄԱԿ-ի կողմից, ուստի նախարարությունն էլ իր կողմից պետք է արդարացներ միջազգային կառույցի հույսերը: Բացի այդ, միջազգային ցուցանիշներով՝ պատվաստումներին բնակչության մասնակցությունը միջինը 60 տոկոս է կազմում, ու եթե մեր երկրում 96 տոկոսը պատվաստվել է, նշանակում է մեր առողջապահության նախարարությունը խիստ կազմակերպված է գործել: Եվ հետո, այդ պատվաստանյութերը ձեռք բերելու համար ՄԱԿ-ը բավականին մեծ միջոցներ է ծախսել, հանրապետության մասշտաբով պատվաստվելու քարոզարշավի համար էլ հսկայական ֆինանսներ են տրամադրվել, ու եթե պարզվեր, որ այդքանից հետո խոցելի խմբի կեսն էլ չի պատվաստվել՝ բնականաբար նախարարության այլ ծրագրերը ֆինանսավորելու հետ կապված խնդիրներ կառաջանար: Ուստի անկախ նրանից, թե քանի հոգի կպատվաստվեր՝ նախարարությունը, միեւնույն է, պետք է իր համար ձեռնտու ցուցանիշներ հրապարակեր: Համոզվելու համար, որ Հայաստանում 6-27 տարեկանների շրջանում 4 տոկոսից ավելի մարդ է մնացել չպատվաստված՝ ներկայացնենք մի հաշվարկ:

Այսպես. նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի համակարգող Գայանե Սահակյանը երեկ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ պետք է պատվաստվի 808 հազար 845 մարդ, այսինքն՝ չի պատվաստվել ընդամենը 32 հազար 817 մարդ: Հաշվի առնելով, որ պատվաստանյութը հակացուցված է Մարդու իմունային անբավարարության վիրուս եւ Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՄԻԱՎ/ՁԻԱՀ) ունեցողներին, հղիներին, բարձր ջերմություն, արյան հետ կապված հիվանդություններ ունեցողներին, նրանք ընդհանուր առմամբ 33 հազարից ավելի մեծ թիվ են կազմում:

Այս առնչությամբ Գայանե Սահակյանը պարզաբանեց, որ իրենք պատվաստվողների ցուցակը կազմելիս արդեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրներին եւ հղիներին հանել են: Ինչպես ճշտեցինք ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից, մեր հանրապետությունում 6-27 տարեկան ընդամենը 20 ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիր կա գրանցված: Բնականաբար, նախարարությունը պետք է ցուցակից հաներ գրանցվածներին, որոնք մեծ թիվ չեն կազմում ու ցուցակում էլ առանձնապես տարբերություն չէին տալու: Ուրիշ հարց է, որ ցուցակից հանված լիներ չգրանցված վարակակիրների թիվը, որը, մասնագետների հաշվարկներով՝ մոտ 10 անգամ մեծ է: Ինչ վերաբերում է հղիներին, Գայանե Սահակյանը տեղեկացրեց, որ նրանց մասին տվյալները վերցրել են պոլիկլինիկաներից: Այդ ցուցանիշը նույնպես վերաբերում է գրանցված ու հաշվառված հղիներին, մինչդեռ իրականում հազարավոր հղիներ կան, հատկապես մարզերում, որոնք երբեւէ չեն դիմել պոլիկլինիկաներ ու որեւէ տեղ հաշվառված չեն: Հղիության վաղ շրջանում նույնպես հաճախ չեն դիմում բժշկի, ուստի նրանք նույնպես չպատվաստվածների ցուցակում են:

Այս օրերին հանրապետությունում խիստ տարածված է հարբուխ եւ գրիպ, որն ուղեկցվում է մարդու օրգանիզմում ջերմության բարձրացումով: Ուստի նրանք նույնպես չէին կարող պատվաստվել: Իրենք՝ առողջապահության նախարարության մասնագետներն էլ վերջերս մտահոգություն էին հայտնել, որ մեր երկրում ավելացել է արյան հետ կապված հիվանդների թիվը: Նրանք նույնպես իրավունք չունեին պատվաստվելու, ուստի նրանք էլ մտնում են 4 տոկոս չպատվաստվածների մեջ:

Բացի վերը նշված դեպքերից, բժիշկները չպետք է պատվաստեին նաեւ ալերգիկ հիվանդներին ու բոլոր նրանց, ովքեր նախորդ պատվաստումները վատ են տարել: Ուստի եթե գումարենք չգրանցված ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրների, չհաշվառված հղիների, ալերգիկ հիվանդների եւ ջերմություն ունեցողների թիվը, նրանք նախարարության հաշված այն 4 տոկոսը կանցնեն: Պատվաստանյութերի որակի եւ վտանգավորության հետ կապված շրջանառվող լուրերից հետո 6-27 տարեկանների մի ստվար զանգված հրաժարվել է պատվաստանյութն ընդունել: Հենց միայն մեր խմբագրությունում պատվաստման ենթակա շատ աշխատակիցներ կան, ովքեր չեն գնացել ներարկվելու: Ուստի եթե նրանց էլ գումարենք, ակնհայտորեն խոցելի խմբի 96 տոկոսը չի կարող պատվաստված լինել: Դա հնարավոր կլիներ միայն այն դեպքում, եթե բժիշկները զոռով պատվաստանյութը ներարկեին նաեւ նրանց, ում այն հակացուցված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել