Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետին վախենո՞ւմ են տուգանել

Հոկտեմբեր 19,2007 00:00

Շիրակի մարզպետարանի նախկին աշխատակիցը մարզի աշխատանքային տեսչությանը մեղադրում է անգործության մեջ:

Ինչպես հայտնի է՝ վերջերս Շիրակի մարզպետ Լիդա Նանյանն աշխատանքից ազատել էր իր օգնական, դաշնակցական Մեսրոպ Ղալաչյանին: Լ. Նանյանն «Առավոտին» վստահեցրել էր, որ պատճառը ոչ թե քաղաքական է, այլ նրա հանդեպ ունեցած անվստահությունը: Բացի այդ, ըստ մարզպետի, Ղալաչյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրն անօրինական է եղել, քանի որ դրա վրա կնիք չի եղել:

Մարզպետի այս բացատրությունը հունից հանել է նրա նախկին օգնականին՝ Մեսրոպ Ղալաչյանին: Ըստ նրա, իրականում պայմանագիրը, ինչպես հարկն է, կնքվել եւ ստորագրվել է իր եւ գործատուի, այսինքն՝ նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի միջեւ, իսկ եթե նույնիսկ այնտեղ չկա կնիք, ուրեմն մեղավորը մարզպետն է, որովհետեւ Աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդվածի համաձայն՝ «աշխատանքային պայմանագիրը պատշաճ կազմելու պատասխանատվությունը կրում է գործատուն»: Մեսրոպ Ղալաչյանի խոսքերով՝ «Նանյանը երեւի թե մինչեւ օրս չհասկացավ, որ ես ոչ թե տիկին Նանյանի օգնականն էի, այլ՝ Շիրակի մարզպետ Նանյանի օգնականը, կարծեմ թե սրանց մեջ հսկայական տարբերություն կա, իսկ նա առաջին իսկ օրվանից շփոթում էր, մտածում էր, թե օգնականը տեղ տանել-բերելու, եղունգ քսելու համար է: Կարո՞ղ է բացատրել՝ ինչ է նշանակում աշխատողին անվստահություն հայտնել: Տիկինը չգիտի՞, որ դա եւս կարգավորված է օրենքով: Թե՞ մտածում է ես Գիքորն եմ, ինձ շուկա բալ բերելու է ուղարկել, ես էլ՝ գյուղացու անփորձ տղաս, միամտաբար տեղեկացրել եմ՝ բալը թանկ է, տիկինն էլ զայրացել ու ինձ անվստահություն է հայտնել: Աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածում հստակ նշված է, թե որ դեպքերում գործատուն իրավունք ունի աշխատողի հետ դադարացնել աշխատանքային պայմանագիրը: Վստահությունը կորցրած համարվում են նրանք, ովքեր փչացրել, վնասել, կորցրել են գործատուի գույքը, կատարել են հափշտակություն եւ այլն: Ես ոչ գույք եմ փչացրել, ոչ էլ մի չոփ՝ թուղթ կամ գրիչ եմ մարզպետարանից վերցրել, դա բոլորը կարող են փաստել: Մարզպետարանում 135 հոգի աշխատող կա, եթե մարզպետն Աշխատանքային օրենսգիրքը չի կարդացել, գոնե նրանցից մեկը կարդար՝ մարզպետին տեղյակ պահեր օրենքների մասին»:

Այն, որ իր աշխատանքային իրավունքները խախտվել են՝ Ղալաչյանը մեղադրում է նախեւառաջ Աշխատանքի պետական տեսչությանը, որը մատը մատին չի տալիս: «Տեսչության աշխատակիցներին բացարձակապես չի հետաքրքրում, որ մարզպետարանի աշխատակցին անհիմն աշխատանքից ազատել են: Ոչ մի տեսուչ այս ընթացքում չեկավ-չուզեցավ գործն ուսումնասիրել ու Նանյանին ստիպեր օրենքը հարգել: Նանյանի ազգանունը նրանց համար վախենալու է»:

Շիրակի մարզի աշխատանքային պետական տեսչության պետ Եղիշե Նազարեթյանն այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց, որ Մեսրոպ Ղալաչյանն իրենց կառույցին հարկ չի համարել դիմելու, որպեսզի իրենք խնդրով զբաղվեն. «Նա բողոքել է ամենաբարձր ատյանին՝ դատարանին, իսկ մի վեճը, գանգատը կարող է քննարկվել մեկ վարույթում: Ինչ վերաբերում է մարզպետարանի գործավարությանը, յուրաքանչյուր հիմնարկի ղեկավար ինքն է լիազորված պատասխան տալու իր գործավարության համար»: Այսինքն, ստացվում է, որ աշխատանքային տեսչությունը ասելիք ու անելիք չունի եւ սա այն դեպքում, երբ «Աշխատանքային պետական տեսչության մասին» ՀՀ օրենքի 169 հոդվածը հենց այդ նույն պաշտոնյային՝ պարոն Նազարեթյանին, իրավունք է տալիս «աշխատանքային հարաբերությունների ընթացքում գործատուի կողմից օրենսդրությանը հակասող փաստերի արձանագրման ժամանակ կիրառել վարչական պատժամիջոցներ»: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ տեսչությունը չի համարձակվում մարզպետարանում անգամ ստուգումներ իրականացնել, ուր մնաց թե՝ տուգանի: Մեսրոպ Ղալաչյանի հավաստմամբ՝ «աշխատանքային տեսուչները մի տարվա մեջ ուրիշ կառույցներ 14 անգամ այցելում են, ստուգումներ են անցկացնում, իսկ մարզպետարան արդեն չորրորդ տարին է՝ ոտք չեն դնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031