Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիտեխնիկցիները կօգտվեն Թորոսյանի դիրքից

Հոկտեմբեր 19,2007 00:00

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկվանից ոչ միայն Երեւանի Տնտեսագիտական համալսարանի (ԵՏՀ) խորհրդի, այլեւ «ԵրՊԻ-ՀՊՃՀ շրջանավարտների ասոցիացիայի» նախագահն է: Հրավիրվել էր ասոցիացիայի խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում բուհի բոլոր խորհուրդների անդամները միաձայն քվեարկեցին նրա օգտին: Հիշեցնենք, որ ասոցիացիայի նախկին նախագահը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էր, որի մահից հետո նախագահի պաշտոնը թափուր էր մնացել: «3 տարի որպես պատգամավոր շփվելով Տիգրան Թորոսյանի հետ, համոզվեցի, որ այսպիսի բծախնդիր, օրենսդրական դաշտը լավ իմացող, իր մայր բուհին հավատարիմ անձնավորության թեկնածությունն առաջադրելն ինձ համար հեշտ կլինի: Ունենք մի շրջանավարտ, որը պոլիտեխնիկից ստացած գիտելիքների շնորհիվ կարողանում է բոլոր դժվարին իրավիճակներում ելքեր գտնել»,- իր ելույթում հայտնեց ՀՊՃՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը: ՀՊՃՀ «Շրջանավարտների ասոցիացիայի» գործադիր տնօրեն Խաչատուր Խաչատրյանի ելույթն ավելի գործնական էր. «Որպես գործադիր տնօրեն՝ ապագայում անպայման առնչվելու եմ նախագահի հետ: Եվ որքան նա հզոր լինի եւ մեծ շրջապատ ունենա, այնքան պոլիտեխնիկական համայնքի գործերը լավ կգնան: Բնավորությանս համաձայն՝ սիրում եմ համալսարանի համար գնալ այս կամ այն բանը խնդրել: Ուզում եմ համոզված լինել, որ հետագայում թույլ կտաք օգտվել ձեր հզորությունից, հակառակ դեպքում՝ հաջողության չենք հասնի, որովհետեւ այսօր շրջանավարտների միության դրամարկղում ընդամենը 5 միլիոն 229 հազար 650 դրամ ունենք: Այդ գումարը պետք է ավելացնենք»: Տ. Թորոսյանն էլ նշեց. «Շրջանավարտների ասոցիացիայի» նախագահ լինելը մեծ պատիվ է ինձ համար, քանի որ այս կազմակերպությունը ժամանակին գլխավորել է Անդրանիկ Մարգարյանը: Նա ինձ հարազատ է ոչ միայն որպես պոլիտեխնիկցի, այլեւ մոտ ընկեր, որի հետ բազում դժվարություններ եմ անցել»: ՀՊՃՀ ռեկտոր Ո. Մարուխյանը երեկ անակնկալ էր մատուցել ասոցիացիայի նորանշանակ նախագահին. նա Տ. Թորոսյանին հանձնեց նրա անձնական գործի պատճենը եւ ատեստատի բնօրինակը: Ժողովի ավարտից հետո «Առավոտը» Տ. Թորոսյանին հարցրեց, թե ինչպե՞ս է հասցնելու ղեկավարել ԱԺ-ն, ԵՏՀ խորհուրդը եւ ՀՊՃՀ «Շրջանավարտների ասոցիացիան»: ԱԺ նախագահը պատասխանեց. «Եթե մարդ մի բան ցանկանում է, կարողանում է 100 միջոց գտնել իրականացնելու համար»: Մեզ հետաքրքրեց նաեւ, արդյո՞ք ԱԺ նախագահը չի կարծում, որ ՀՊՃՀ ասոցիացիայի նախագահ դառնալով՝ միգուցե կնեղացնի տնտեսագիտականի անձնակազմին: «Ինչո՞ւ պիտի նեղանան»,- զարմացավ Տ. Թորոսյանը: Իսկ բուհական խորհուրդների ձեւական լինել-չլինելու մասին ԱԺ նախագահը մեզ առաջարկեց այլ առիթով առանձին զրուցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031