Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հոկտեմբեր 20,2007 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք հինգերորդ

Գլուխ քսանմեկերորդ

ԼՈՂԱՑՈՂ ԳՐԱՖԻԿՈՎ

Եվ երկրորդն ինձ թարս նայեց, այնուհետեւ նայեց առաջինին ու ասաց՝ «ոնց որ սխալ մտածում են, ըտենց սխալ էլ գրում են», եւ առաջինը երկրորդին հարցրեց՝ «ո՞վ», եւ երկրորդը պատասխանեց ու ասաց՝ «էս ժուռնալիստները», եւ առաջինն ինձ հարցրեց՝ «կարող ա՞ իսկականից վրեքս գրես, ձյաձՖ», եւ երկրորդն ասաց՝ «ի՞նչ ենք արել, որ ինչ գրի, ա՛յ Սուրո», եւ Սուրոն երկրորդին ասաց՝ «նոր դու էիր ասում, որ կարան իրանցից դուս բաներ գրեն», եւ երկրորդն ասաց՝ «ո՛չ անուններս գիտի, ո՛չ էլ մեր մաշնի համարն ա տեսել», եւ առաջինը երկրորդին ասաց՝ «անուններս ո՞նց չգիտի. մի գլուխ Սուրո ես ասում» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «որ շատ ուզենա, մաշնի համարն էլ կարա տենա ու գրի», եւ երկրորդը քմծիծաղ տվեց ու ասաց՝ «որ թողենք՝ կտենա. մինչեւ ինքն իրա ճամփով մի հարուր մետր չառաջանա, մենք տեղներիցս չենք շարժվի, ու ես էլ համարները փակած կպահեմ», եւ ես վիրավորված ասացի՝ «ինձ ինչի՞ տեղ եք դրել», եւ առաջինը հարցրեց՝ «ինչի՞ տեղ ենք դրել», եւ ես ասացի՝ «միլիցու», եւ երկրորդը վրդովված ասաց՝ «էդ արդեն չեղավ. մենք քու մասնագիտությանը կպե՞լ ենք, որ դու մերին կպնում ես», եւ ես ասացի՝ «մի ժամ ա՝ կպնում եք», եւ երկրորդը զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա կպել», եւ ես ասացի՝ «անձամբ դու», եւ երկրորդն առաջինին ասաց՝ «ա՛յ Սուրո, չես տենո՞ւմ՝ արդեն վրեքս շառ ա անում», եւ Սուրոն երկրորդին ասաց՝ «մի գլուխ անունս ես տալի, հետո էլ ասում ես՝ անուններս չգիտի» եւ այդ ասելով՝ ինձ նայեց, ժպտաց ու ասաց՝ «ուրեմն, պայմանավորվում ենք, որ վրեքս բան չես գրում, ձյաձՖ», եւ երկրորդը վրդովված ասաց՝ «մեկն ըլնի՝ իրանց վրա գրի. ժուռնալիստ մարդ են, բայց մինչեւ գիշերվա իրեքը ղումարի մեջ են խրված», եւ առաջինը երկրորդին ասաց՝ «իրանց գործն ա. խաղադրույք կատարելը քրեական օրենսգրքով արգելված չի», եւ երկրորդն առաջինին ասաց՝ «բայց քրեական օրենսգրքից բացի՝ բարոյական չգրված օրենքներ է՛լ կան», եւ առաջինը երկրորդին ասաց՝ «էդ արդեն իրա պրոբլեմն ա. մեզ չի վերաբերվում», եւ երկրորդն ասաց՝ «իմ ձեռն ըլներ՝ էդ բարոյական օրենքներն էլ քրեական օրենսգրքի մեջ մեկ առ մեկ կգրեի», եւ ես ժպտալով երկրորդին ասացի՝ «լավ ժուռնալիստ կըլնեիր», եւ երկրորդն ինձ ասաց՝ «գիտես սուտ ե՞ս ասում. դպրոցում շարադրություններից միշտ էլ հինգ էի ստանում», եւ առաջինն ինձ ժպտաց ու ասաց՝ «ուրեմն, պայմանավորվանք, որ չես գրելու, ձյաձՖ», եւ ես ասացի՝ «մինչեւ գրեմ, մինչեւ տպվի, դուք արդեն բարձր պաշտոնների կըլնեք», եւ երկրորդը զարմացած հարցրեց՝ «գրածներդ էդքան ուշ ե՞ն տպվում», եւ ես ասացի՝ «մի տարուց հազիվ տպվի», եւ առաջինը զարմացած հարցրեց՝ «բա ի՞նչ գիտես, որ մի տարուց բարձր պաշտոնի կըլնենք», եւ ես ասացի՝ «զգում եմ», եւ երկրորդն ինձ ասաց՝ «Աստված ձենդ լսի, ախպեր ջան», եւ առաջինն ինձ ասաց՝ «բայց ինձ որ լսես, ոչ մի բան էլ չես գրի, հոպար ջան», եւ երկրորդն առաջինին ասաց՝ «ա՛յ Սուրո, չես զգո՞ւմ, որ հանաք ա անում. մեր մասին ի՞նչ պիտի գրի», եւ Սուրոն երկրորդին ասաց՝ «նոր դու էիր ասում, որ մտքներին էկածը կարան գրեն», հետո ինձ նայեց, ժպտաց ու երկրորդին ասաց՝ «բայց Շեկոյան Արմենն էդ տղեն չի», եւ ես զարմացած հարցրի՝ «անո՞ւնս որտեղից գիտես», եւ Սուրոն ծիծաղեց ու ասաց՝ «էդ ուդոներիդ վրեքն էր գրած», եւ ես ասացի՝ «շա՜տ ուժեղ հիշողություն ունես», եւ ինքը ժպտաց ու ասաց՝ «մեր գործն էլ մարդկանց անունները հիշելն ա», եւ ես ասացի՝ «մեր գործն էլ ա անուն հիշելը, բայց չեմ կարում հիշեմ», եւ երկրորդն ինձ ասաց՝ «ես ու դու մեծ մարդիկ ենք, Շեկոյան ջան. Սուրոյի թայը չենք», եւ Սուրոն երկրորդին ասաց՝ «էլի անունս տվի՞ր. էս մարդը երեւի անունս արդեն մոռացել էր», եւ ես ժպտացի ու երկրորդին ասացի՝ «մենք մեր դարն ապրել ենք. ապագան Սուրոյինն ա», եւ Սուրոն ինձ հարցրեց՝ «հիմի չես նստո՞ւմ՝ տանենք», եւ ես ասացի՝ «որ պետք ըլներ՝ տաքսի կնստեի», եւ երկրորդն ինձ նայեց, խորամանկ ժպտաց ու ասաց՝ «բա նոր ասում էիր՝ փող չունես», եւ առաջինն ինձ ասաց՝ «նոր ասում էիր՝ սաղ փողերդ կրվել ես», եւ ես ասացի՝ «ինչքան էլ կրվեմ, տաքսու փողը միշտ պահում եմ», եւ երկրորդն ասաց՝ «էդ մեկը շատ ճիշտ ես անում», եւ առաջինն ասաց՝ «ավելի ճիշտ կանի՝ վաբշե չխաղա», եւ երկրորդն ասաց՝ «ճիշտ ես ասում. ղումարից ո՞վ ա խեր տեսել», եւ ես ասացի՝ «իրանք են ղումար դարձնում», եւ երկրորդն ինձ հարցրեց՝ «իրանք՝ ո՞վ», եւ ես ասացի՝ «համաշխարհային բուքմեյքերական մաֆիան», եւ երկրորդը հարցրեց՝ «էդ մաֆիան ինչո՞վ ա զբաղվում», եւ ես ասացի՝ «հետեւում ա, որ «Քլիվլենդն» իրա դաշտում «Սիեթլին» ոչ մի չետվերտ չկրի», եւ երկրորդն ասաց՝ «մի բանից որ չեմ հասկանում՝ բան չեմ կարա ասեմ», եւ առաջինն ինձ ասաց՝ «ղումարի մեջ փլավ չեն բաժանում, ձյաձՖ», եւ երկրորդն ինձ հարցրեց՝ «ինչքա՞ն ես կրվել, Շեկոյան ջան», եւ ես հարցրի՝ «վաբշե՞», եւ ինքն ասաց՝ «չէ՝ էսօր», եւ ես ասացի՝ «կարեւոր չի», եւ առաջինը երկրորդին ասաց՝ «իրա անձնական փողն ա. մեզ չի վերաբերվում», եւ երկրորդն ինձ ասաց՝ «ճիշտն ասած, անցած ամառ տղես կպավ թե՝ Բրազիլիայի վրա հինգ հազար ստավկա դնենք», եւ ես հարցրի՝ «հինգ հազար ի՞նչ», եւ երկրորդն ասաց՝ «որ ասեմ դոլար՝ կհավատա՞ս», եւ ես ասացի՝ «հինգ հազար դոլար դնողներ էլ կան», եւ երկրորդն ասաց՝ «աշխարհի չեմպիոնատն էր. Բրազիլիան Ֆրանսիայի հետ էր խաղում», եւ ես ասացի՝ «Ֆրանսիան Բրազիլիային կրեց», եւ երկրորդը ծիծաղեց ու ասաց՝ «համ Բրազիլիային կրեց, համ էլ՝ մեզ», եւ ես հարցրի՝ «էդ մի անգամն ե՞ք ստավկա դրել», եւ երկրորդն ասաց՝ «հա. էդ առաջին ու վերջին անգամն էր», եւ ես ասացի՝ «լավ եք պրծել», եւ Սուրոն ասաց՝ «հո հիմար չե՞ն, որ էլի դնեին», եւ երկրորդը Սուրոյին ասաց՝ «փաստորեն, մեր Շեկոյանին վիրավորում ես», եւ Սուրոն ասաց՝ «ոչ մեկին էլ չեմ վիրավորում. ուղղակի ուզում եմ ասեմ՝ ղումարի մեջ փլավ չեն բաժանում», եւ երկրորդը Սուրոյին ասաց՝ «էդ միտքդ արդեն մի քանի անգամ ասեցիր», եւ Սուրոն ասաց՝ «ճիշտ խոսքն ինչքան էլ կրկնես՝ ուժը չի կորցնում», եւ ես Սուրոյին հարցրի՝ «քանի՞ տարեկան ես», եւ Սուրոն ասաց՝ «քսանութ», եւ ես ասացի՝ «հաստատ մեծ պաշտոնների կհասնես», եւ Սուրոն ասաց՝ «ձենդ Աստված լսի» եւ անմիջապես հարցրեց՝ «բայց մեր մասին բան չես գրի, չէ՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «մինչեւ գրածս տպվի, ամենաքիչը վարչության պետ կըլնես», եւ Սուրոն ժպտաց ու ասաց՝ «բերանդ չի բռնո՞ւմ մի քիչ ավել ասես», եւ ես ժպտացի ու ասացի՝ «զամմինիստր», եւ Սուրոն ծիծաղեց ու ասաց՝ «մի քիչ էլ բարձրացի ու վերջ», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «մինիստր», եւ երկրորդը ծիծաղեց ու ասաց՝ «հո՛պ. լավ ա», եւ Սուրոն ինձ ասաց՝ «որ հետներս չես գալի, մենք էթանք», եւ երկրորդն ինձ ասաց՝ «մեզ ավելպակաս կներես, Շեկոյան ջան», եւ Սուրոն երկրորդին ասաց՝ «Շեկոյանը շատ հետաքրքիր մարդ ա», եւ երկրորդն ասաց՝ «ազգանունն է՛լ ա հետաքրքիր», եւ Սուրոն հարցրեց՝ «խի՞ ա ազգանունդ Շեկոյան», եւ ես ասացի՝ «որովհետեւ շեկ եմ», եւ Սուրոն ասաց՝ «բայց հեչ չի զգացվում, որ շեկ ես», եւ ես ասացի՝ «որովհետեւ մութ ա», եւ երկրորդը ծիծաղեց ու ասաց՝ «ով էլ էդքան կրվեր՝ կսեւանար», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «հումորդ է՛լ ա տեղը», եւ երկրորդն ինձ հարցրեց ու ասաց՝ «հո չե՞ս նեղանում, որ հանաք ենք անում», եւ ես ասացի՝ «ընդհակառակը. հումոր ունեցողներին հարգում եմ», եւ Սուրոն ասաց՝ «դե լավ, մենք գնանք», եւ երկրորդն ինձ ասաց՝ «մեզ ավելպակաս կներես, Շեկոյան ջան», եւ ես հարցրի՝ «ինչի՞ համար», եւ երկրորդն ասաց՝ «որ քեզ կանգնացրինք», եւ ես ասացի՝ «դուք ինձ ներեք. ես եմ ձեզ գործից կտրել», եւ Սուրոն ինձ ասաց՝ «հիմի որ հետդ ըսենց խոսում ենք, մեր համար էդ էլ ա գործ», եւ ես ժպտացի ու ասացի՝ «բայց մեջը փող չկա», եւ Սուրոն ասաց՝ «ամեն ինչ փողով չի որոշվում», եւ ես ժպտացի ու ասացի՝ «զամմինի՛ստր», եւ Սուրոն ծիծաղեց ու ասաց՝ «մի քիչ էլ բարձրացի», եւ երկրորդը Սուրոյին բոթեց ու ասաց՝ «գնացինք, անկուշտ», եւ Սուրոն ինձ ժպտաց, այնուհետեւ նայեց երկրորդին ու ասաց՝ «էս ժուռնալիստների հետ որ մոտիկից շփվում ես, նոր ես հասկանում, որ շատ էլ նորմալ մարդիկ են», եւ ես ասացի՝ «որ միլիցեքի հետ էլ ես մոտիկից շփվում, միլիցեքն էլ՝ ընենց ոչինչ», եւ երկրորդն ինձ ասաց՝ «որ ճիշտն ուզում ես իմանաս, ձերոնց մեջ էլ հազար տեսակ շուն կա, մերոնց մեջ էլ», եւ Սուրոն ծիծաղեց ու ասաց. «բա խի՞ են մենակ մերոնց շուն ասում», եւ երկրորդը միանգամայն լուրջ պատասխանեց ու ասաց՝ «էդ արդեն հնուց էկած սովորություն ա», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «ադաթ ա», եւ Սուրոն ինձ ասաց՝ «փաստորեն, խոսք տվիր, որ մեր մասին ավելպակաս բաներ չես գրի», եւ երկրորդն ասաց՝ «էսքանից հետո ո՞նց կգրի», եւ Սուրոն հարցրեց՝ «ինչքանի՞ց հետո», եւ երկրորդն ասաց՝ «իրար հետ համարյա ախպերացանք», եւ Սուրոն ծիծաղեց ու ասաց՝ «ախպերությունն ախպերություն, գործը՝ գործ», եւ երկրորդն ասաց՝ «որ էսքանից հետո էլ պիտի գրի՝ թող գրի. հալալ ա իրան», եւ ես ասացի՝ «որ ձեր մասին գրեմ էլ՝ մենակ լավն եմ գրելու», եւ Սուրոն ասաց՝ «լավը քեզ ըլնի. որ վատը չգրես, գոհ կըլնենք», եւ ես զարմացած հարցրի՝ «ախր ի՞նչ վատ բան եք արել որ վատը գրեմ», եւ երկրորդը հարցրեց՝ «բա լա՞վը ոնց ես գրելու. մեզանից ի՞նչ լավություն ես տեսել», եւ ես ասացի՝ «ինձ շա՜տ մեծ լավություն եք արել», եւ երկրորդը զարմացած հարցրեց՝ «ե՞րբ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հենց հիմա», եւ Սուրոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ լավություն», եւ ես ասացի՝ «ձեր հետ որ խոսացի, մի քիչ թեթեւացա», եւ երկրորդն ինձ հարցրեց՝ «ինչի՞ց թեթեւացար», եւ ես ասացի՝ «ահագին փող էի կրվել. որ հետներդ խոսացի, մի քիչ ցրվեցի», եւ Սուրոն հարցրեց՝ «ինչքա՞ն ես կրվել», եւ ես ասացի՝ «ահագին», եւ երկրորդն ինձ ասաց՝ «ինչքան էլ ցրվես, մեկ ա՝ չես կարա լրիվ մոռանաս», եւ ես ասացի՝ «բայց ամեն դեպքում ցրվելը պարտադիր ա», եւ երկրորդն ասաց՝ «անցած ամառ Բրազիլիայի էրեսից որ էդ հինգ հազարը կրվանք, մինչեւ հիմի չենք կարում մոռանանք», եւ ես ասացի՝ «որ շատ ես կրվում, սովորական ա դառնում», եւ երկրորդն ինձ ասաց՝ «քո տրամադրությունից հեչ չի էրեւում, որ սովորական ա դառնում», եւ ես ասացի՝ «էս մեկը հըլը շատ թարմ ա», եւ երկրորդն ինձ ասաց՝ «ճիշտ կանես՝ թարգես, Շեկոյան ջան», եւ Սուրոն ասաց՝ «ղումարի մեջ փլավ չեն բաժանում», եւ երկրորդն ինձ հարցրեց՝ «կարող ա՞ չես կարում թարգես. չի ստացվո՞ւմ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «շատ լավ էլ ստացվում ա. մի քանի անգամ թարգել եմ», եւ Սուրոն ձեռքն ինձ մեկնեց ու ասաց՝ «մենք գնանք, հոպար ջան», եւ ես իր ձեռքը սեղմելով ասացի՝ «հաջողություն», եւ երկրորդը ձեռքս սեղմեց ու ասաց՝ «հաջողություն, Շեկոյան ջան» եւ ավելացրեց՝ «մյուս անգամ որ իրար տենանք՝ կրա՛ծ ըլնես», եւ ես ասացի՝ «հաջողություն», եւ ինքը Սուրոյին ժպտաց ու ասաց՝ «գնացինք, մինի՛ստր ջան», եւ իրենց ավտոմեքենան սուրաց դեպի Կայարան, ու ես դանդաղ շարունակեցի ընթացքս, եւ իսկապես ահագին թեթեւացած էի ու սրտխփոցս էլ արդեն չէի զգում, եւ չնայած տանուլ տվածս իսկապես ահագին էր, բայց արդեն վստահ էի, որ առավոտյան մյուսներիդ պես կզարթնեմ ու մյուսներիդ պես կշարունակեմ ապրել, եւ չնայած դեռեւս հեչ պարզ չէր, թե ինչ ուղղությամբ ու ինչ ձեւով էի շարունակելու, բայց արդեն որոշակիորեն զգում ու պատկերացնում էի, որ «Քլիվլենդից», ավելի ճիշտ՝ «Սիեթլից» ստացած էդ հարվածն էլ ի վիճակի չի լինելու վերջնականապես տապալել ինձ, ու որ ասում եմ՝ էդ երկու ոստիկաններն ինձ շեղեցին էդ ահարկու հարվածի հնարավոր հետեւանքներից, միանգամայն անկեղծ եմ ասում, ու, կարելի է ասել, էդ անգամ փրկեցին ինձ, որովհետեւ էդ ուժգին ու ահարկու հարվածները տեւականորեն շարունակվելու հատկություն ունեն, եւ ամենադժվարը հենց առաջին ժամերն են, եւ ամենակարեւորն ու ամենադժվարը վերահաս գիշերը լուսացնելն է, եւ Սուրոն ու երկրորդն իսկապես շոշափելիորեն ու որոշակիորեն թեթեւացրին վիճակս, եւ երբ իրենց էդ մասին ասացի, էդ ասելս ամենեւին էլ սեթեւեթանք չէր, որովհետեւ Ուպռավլենու մոտ արդեն ինձ հաջողվեց կյանքիս ու ապրելուս համար հարմար շարունակություն գտնել, եւ դա լուրջ հաջողություն էր, եւ երբ Ուպռավլենու մեծ ժամացույցին նայեցի, արդեն համարյա երեքն անց կես էր, այսինքն՝ վաղուց չորեքշաբթին ավարտվել ու հինգշաբթին արդեն սկսվել էր, եւ քանի որ հինգշաբթին արդեն ավելի քան սկսված էր, ֆրանսիական դպրոցի մոտերքում մտքովս անմիջապես Հինգշաբթվա վկաներն անցան, ու հենց տեղում մտքումս որոշեցի, որ անպայման կմասնակցեմ իրենց վաղվա, ավելի ճիշտ՝ արդեն էդ օրվա հավաքին, եւ որոշումս միանգամայն հստակ էր, որովհետեւ արդեն միանգամայն վստահ էի, որ առավոտյան բոլորիդ պես զարթնելու ու շարունակելու եմ ապրել, եւ երբ ֆրանսիականի մոտի երկու մշտական շներին խաբս տվի ու արդեն մեր շենքին էի հասել, հանկարծ ավտոմեքենայի ուժեղ ազդանշան լսեցի եւ շրջվելով տեսա, որ Ուսուցիչների վերապատրաստման հիմնարկի կողմով մի ոստիկանական ավտոմեքենա սլացավ Ուպռավլենու կողմը, եւ մինչ կհասկանայի, որ Սուրոյենք են ազդանշանով ինձ ողջունում, իրենց ավտոմեքենան արդեն Ուպռավլենի էր հասել, ու ես ավելի թեթեւացած՝ մեր ստալինյան երեք հարկերը մի շնչով հաղթահարեցի ու տուն մտա, ու մերոնք, բնականաբար, խորը քնած էին եւ, բնականաբար, իմ բաժին թփով տոլման խոհանոցում դրված էր, եւ իմ բաժին տոլման տաքացնելով՝ սկսեցի անգիտակից ու անզգայաբար ուտել, առանց մտածելու՝ արդյո՞ք արժանի եմ էդ թփով տոլմային ու էդ սխտորմածնին, եւ հաջորդ օրը բարեհաջող զարթնելով ու բարեհաջող երեկոյան ժամերին հասնելով՝ առաջին անգամ այցելեցի Հինգշաբթվա վկաներին, եւ դա առաջին այցելությունս էր, ու էդ առաջինն էս երրորդի հետ դժվար է համեմատել, որովհետեւ էդ առաջինի ժամանակ միակ հրավիրյալն էի, ավելի ճիշտ՝ միակ կողմնակի մարդն էի, որովհետեւ էդ առաջինի ժամանակ Բիձեն ինձ ոչ թե հրավիրել էր, այլ ընդամենը տեղեկացրել էր, որ իրենք հինգշաբթի իրիկունները Դոցենտի տանը հավաքվում են, եւ ահա երեկ երրորդ անգամ էի ներկա գտնվում իրենց հավաքին՝ արդեն հրավիրյալի եւ նույնիսկ համակիրի կարգավիճակով, եւ ահա մյուս երեք հրավիրյալների հետ Դոցենտի խոհանոցում սպասում էինք՝ մինչեւ Բիձեն ու մյուսները քվեարկեն պրծնեն, եւ երբ խոհանոցի դռան մեջ վերստին շողշողաց Դոցենտը, մենք միանգամայն ինքնուրույն հասկացանք, որ Հինգշաբթվա վկաների երկրորդ օրվա հավաքների հարցը երկրորդ ընթերցմամբ էլ է անցել, եւ երբ Դոցենտը մեզ հրավիրեց հյուրասենյակ, եւ երբ Բիձեն մեր ձեռքերը մեկ առ մեկ սեղմելով ասում էր՝ «շնորհավորում եմ, քաջե՛ր», Դոցենտի դեմքն ուղղակի շողշողում էր, եւ, ըստ ամենայնի, Դոցենտը մյուսներիցս ավելի էր ուրախ, որովհետեւ ոչ միայն իմ էդ գաղափարն էր երկրորդ ընթերցմամբ քվեարկվել ու վերջնականապես հաստատվել, այլեւ Դոցենտն էդ օրը բջջային հեռախոսի տեր էր դառել, եւ առաջինը լինելով՝ Դոցենտի էդ բջջայինն իր տիրոջ համար իսկական երեւույթ էր, եւ ժամանակ առ ժամանակ Դոցենտը գրպանից հանում ու հիացմունքով նայում էր իր էդ բջջային խաղալիքին, եւ երբ Բիձեն մեր ձեռքերը սեղմելով ասաց՝ «շնորհավորում եմ, քաջեր», հենց էդ պահին Դոցենտի բջջայինը սպիտակգվարդիական մի մեղեդի նվագեց, եւ Դոցենտը ոգեւորված բացականչեց՝ «առաջին զանգն ա. տեսնես ո՞վ ա» եւ զանգահարողին ասաց՝ «բարեւ, Արտաշ ջան, առաջին զանգը քեզնից ստացա», այնուհետեւ մի քիչ դադար տվեց ու ասաց՝ «հա՛, արի՛, տղերքով ենք», եւ Բիձեն Դոցենտին ասաց՝ «ասա՝ թող մի շիշ արաղ բերի», եւ Դոցենտը հեռախոսով ասաց՝ «մի շիշը լրիվ հերիք ա, Արտաշ ջան», եւ երբ Դոցենտը բջջայինն անջատեց, Բիձեն հարցրեց՝ «էդ ի՞նչ Արտաշ ա», եւ Դոցենտը պատասխանեց ու ասաց՝ «իմ էքսպեդիցիայի բանվորներից ա», եւ Բիձեն հարցրեց՝ «ո՞ր մեկն ա. էն ա՞, որ միլիցեքը գետնուղում շռելուց բռնել էին», եւ Դոցենտը պատասխանեց եւ ասաց՝ «խեղճը ցիստիտ ունի. չէր կարացել պահի», եւ Բիձեն ժպտաց ու բացականչեց՝ «մենք բոլորս, բոլորս մանուկներ ենք որբ», եւ Դոցենտը Բիձուն զգուշացրեց ու ասաց՝ «հանկարծ իրա մոտ էդ թեման չբացես», եւ Բիձեն ժպտաց ու ասաց՝ «մեր ծրագրում բանվոր դասակարգի առաջնայնության մասին հատուկ կետ կա», եւ Դոցենտն ասաց՝ «առավել եւս», եւ Բիձեն Դոցենտին ժպտաց ու ասաց՝ «այնպես որ, միանգամայն ողջունելի է, որ առաջին զանգդ բանվոր դասակարգից ստացվեց», եւ Դոցենտը գոհունակությամբ ժպտաց, ձգվեց ու երգեց՝ «վստավա՜յ, ստռանա ագռոմնայա», եւ Բիձեն Դոցենտին կանխեց ու ասաց՝ «էլի չսկսես. հազիվ ենք պրծել», եւ Դոցենտը Բիձուն նորից նախազգուշացրեց ու ասաց՝ «Արտաշի մոտ էդ գետնուղու դեպքի հաշվով հանկարծ խոսակցություն չբացես», եւ Բիձեն շատ մեղմ ժպտաց ու ասաց՝ «էդ կախված ա նրանից, թե՝ ինչ արաղ կբերի», եւ Դոցենտն ասաց՝ «բանվոր մարդ ա. ի՞նչ արաղ ես ուզում բերի», եւ Բիձեն ժպտաց ու ասաց՝ «բանվոր է՛լ կա, բանվոր է՛լ», եւ Դոցենտն ասաց՝ «ինքը հազվագյուտ բանվոր ա», եւ Բիձեն ժպտաց ու ասաց՝ «բանվոր կա՝ աշխարհն է շալակած տանում, բանվոր կա՝ ելել է շալակն աշխարհի», եւ Դոցենտը ծիծաղեց ու ասաց՝ «հա. անցած ամառվա պեղումներին Արտաշն ահավոր ծանր քարեր էր շալակած տանում», եւ Բիձեն շատ մեղմ ժպտաց ու ասաց՝ «փաստորեն, քարից հաց եք քամել», եւ Դոցենտն ասաց՝ «հա» եւ ավելացրեց՝ «էսքան պեղումներ եմ արել, բայց Արտաշի պես բանվոր չեմ տեսել», եւ Բիձեն ասաց՝ «մինչեւ արաղը չբերի, իրա կենացը չենք խմելու», եւ Դոցենտն ասաց՝ «բան չունեմ ասելու», եւ Բիձեն ասաց՝ «իսկ ես բան ունեմ ասելու», եւ Արոն ասաց՝ «ասա՛, Մե՛յջեր», եւ Բիձեն նախ մեղավոր հայացքով մեզ նայեց, այնուհետեւ խոհանոցի կողմ նայեց եւ ասաց՝ «ձեզ մի քիչ էլ եմ համբերություն ցանկանում, քաջե՛ր», եւ ես հարցրի՝ «ի՞նչ իմաստով», եւ Բիձեն պատասխանեց ու ասաց՝ «քվեարկության իմաստով», եւ Դոցենտը զարմացած ասաց՝ «քվեարկեցինք պրծանք. էլ ի՞նչ քվեարկություն», եւ Բիձեն Դոցենտին մեծահոգաբար ժպտաց ու ասաց՝ «պրոցեդուրային», եւ Արոն Բիձու ասածը բացատրեց ու ասաց՝ «նախորդ քվեարկությամբ որոշեցինք, որ շաբաթվա մեջ էրկու օր ենք հավաքվելու, իսկ հիմա պիտի որոշենք՝ էդ երկրորդ օրը շաբա՞թ պիտի լինի, թե, ասենք, կիրակի», եւ Բիձեն նայեց Արոյին ու ասաց՝ «կարող է եւ երկուշաբթի լինել, պարոն համանախագահ», եւ Արոն ասաց՝ «հա. նայած թե՝ ինչ որոշում կկայացնենք», եւ Բիձեն Արոյին ճշտեց ու ասաց՝ «նայած թե՝ համանախագահների խորհուրդն ինչպիսի՞ որոշում կկայացնի», եւ Դոցենտն ասաց՝ «մարդ ենք, գործեր ունենք. ես առաջարկում եմ, որ էդ երկրորդ օրը փոփոխվող լինի», եւ Բիձեն հարցրեց՝ «այսինքն, լողացո՞ղ», եւ Դոցենտը բացատրեց ու ասաց՝ «հինգշաբթվա մեր էս հիմնական հավաքների վերջում որոշենք, թե հաջորդ անգամ երբ ենք հավաքվելու», եւ Բիձեն ըմբռնումով նայեց Դոցենտին եւ ասաց՝ «այսինքն, լողացող», եւ Դոցենտը շարունակեց եւ ասաց՝ «ուզում եմ ասել, որ…», եւ Բիձեն չափազանց խիստ հայացքով կանխեց Դոցենտին ու ասաց՝ «դուք արդեն կանոնադրական խախտում եք թույլ տալիս, պարո՛ն Դոցենտ», եւ Դոցենտը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ կանոնադրական խախտում», եւ Բիձեն շատ խիստ տոնով բացատրեց ու ասաց՝ «համաձայն Հինգշաբթվա վկաների կանոնադրության, կողմնակի մարդկանց եւ նույնիսկ հրավիրյալների ու համակիրների ներկայությամբ կանոնադրական եւ նույնիսկ պրոցեդուրային հարցերի քննարկումը խստիվ արգելվում է», եւ Դոցենտը մեղավոր ժպտաց ու ասաց՝ «կներես, Մայոր ջան. մոռացել էի», եւ Բիձեն կիսամեղավոր հայացքով մեզ նայեց, կիսամեղավոր ժպտաց եւ ձեռքը խոհանոցի կողմ պարզելով ասաց՝ «համեցե՛ք, պարոնայք», ու մենք միասնաբար ճաշասենյակից դուրս եկանք եւ երբ արդեն խոհանոցում էինք, Գագոն փռթկացրեց ու ասաց՝ «լրիվ ցիրկ են», եւ Տիկոն ծիծաղեց ու ասաց՝ «բայց շատ խիստ ռեգլամենտ ունեն», եւ Վահանն ասաց՝ «սրանց ռեգլամենտն ավելի խիստ ա, քան՝ Ազգային ժողովինը», եւ ես ասացի՝ «Ազգային ժողովինը ղալաթ ա արել», եւ Գագոն ասաց՝ «ավելի հարմար ա շաբաթ հավաքվենք, քան՝ կիրակի», եւ Տիկոն ասաց՝ «ավելի լավ ա շաբաթկիրակի տունը մնանք՝ հանգստանանք», եւ Գագոն ասաց՝ «կարող ա՞ ըստեղ չենք հանգստանում», եւ Վահանն ասաց՝ «էրկուշաբթի էլ ա հարմար», եւ Գագոն ասաց՝ «երկուշաբթին ծանր օր ա», եւ Վահանն ասաց՝ «ավելի լավ. ծանր ա՝ էս ձեւով կթեթեւացնենք», եւ Գագոն ասաց՝ «Դոցենտի ասած վարիանտն ավելի ճիշտ ա», եւ Տիկոն ծիծաղեց ու ասաց՝ «լողացո՞ղ», եւ Գագոն հարցրեց՝ «էդ լողացող որ ասում էր՝ ո՞րն ա», եւ Տիկոն ծիծաղեց ու ասաց՝ «ամեն ըստեղ գալուց առաջ պիտի անպայման լողանանք», եւ Գագոն ասաց՝ «լուրջ եմ հարցնում. լողացողը ո՞րն ա», եւ Վահանը պատասխանեց ու ասաց՝ «լողացողն էն ա, որ ամեն անգամ տեղում որոշենք հաջորդ հանդիպման օրը», եւ Գագոն ասաց՝ «ըտենց ավելի ճիշտ ա», եւ Վահանն ասաց՝ «ես էլ եմ էդ կարծիքին», եւ Գագոն հարցրեց՝ «բա որ, ասենք, հինգշաբթի չեկանք, ո՞նց իմանանք հաջորդ հավաքի օրը երբ ա», եւ Վահանն ասաց՝ «կզանգենք իրար՝ իմաց կանենք», եւ Գագոն ասաց՝ «ես երեւի հինգշաբթի օրերին չգամ», եւ ես հարցրի՝ «խի՞», եւ Գագոն ասաց՝ «էս հինգշաբթին աչքիս շատ կանոնադրական ու ծանր օր ա», եւ Վահանը ծիծաղեց ու ասաց՝ «հա. հինգշաբթին ավելի ծանր օր ա, քան՝ էրկուշաբթին», եւ Տիկոն ծիծաղեց ու ասաց՝ «հինգշաբթին համ էլ ձկան օր ա», եւ Գագոն ասաց՝ «էդ մի վախտ էր ձկան օր», եւ Տիկոն ասաց՝ «փաստորեն, հիմի է՛լ ա ձկան օր. չտեսա՞ր Դոցենտն ինչքան ձուկ էր էփել», եւ Գագոն ասաց՝ «հա. մանավանդ սազանը շատ հաջող էր ստացվել», եւ ես ասացի՝ «ինքը էփելու հարցում շատ շնորհքով ա», եւ Տիկոն ասաց՝ «դրա համար էլ մինչեւ հիմի չի պսակվել», եւ հենց էդ պահին խոհանոցի դռների մեջ վերստին շողշողաց Դոցենտն ու ասաց՝ «համեցեք հյուրասենյակ, պարոնայք», եւ երբ մտանք հյուրասենյակ, Բիձեն չորսիս ձեռքերը մեկ առ մեկ սեղմեց ու ասաց՝ «շնորհավորում եմ, քաջեր», եւ ես Բիձուն հարցրի՝ «ո՞նց որոշեցիք», եւ Բիձեն պատասխանեց ու ասաց՝ «էդ երկրորդ օրը լողացող գրաֆիկով կհավաքվենք», եւ ոգեւորված Դոցենտը Բիձուն ասաց՝ «բացատրի, որ հասկանան՝ լողացող գրաֆիկն ինչ ա», եւ Բիձեն Դոցենտին շատ չոր տոնով ասաց՝ «ես այն կարծիքին չեմ, թե մեր հրավիրյալների մեջ անհասկացող մարդիկ կան», եւ ես ասացի՝ «էդ լողացող գրաֆիկն արդեն լրիվ հասկացել ենք», եւ Վահանը ժպտաց ու ասաց՝ «մենակ մի բան չենք հասկացել», եւ Բիձեն մեծահոգաբար մեզ ժպտաց ու ասաց՝ «եթե հարցեր կան, խնդրեմ», եւ Վահանը ժպտաց ու հարցրեց՝ «էդ լողացող գրաֆիկն առաջի՞ն ընթերցմամբ հաստատեցիք», եւ Բիձեն ներողամտորեն ժպտաց ու ասաց՝ «պրոցեդուրային ու հավելյալ խնդիրներին մենք ընդամենը մի ընթերցմամբ ենք անդրադառնում, դոն Վահան», եւ Արոն ավելացրեց ու ասաց՝ «համաձայն Հինգշաբթվա վկաների կանոնադրության», եւ Վահանը ժպտաց ու հարցրեց՝ «այսինքն, էլ մեզ խոհանոց չե՞ք ուղարկելու», եւ Բիձեն միանգամայն ըմբռնումով ժպտաց ու ասաց՝ «անկեղծ ասած, ինքս էլ եմ ձեւականություններից խորշում. այդուհանդերձ, երբեմն ստիպված ես լինում ձեւական կողմը պահպանել ու ապահովել», եւ Արոն Բիձու ասածը հաստատելով ասաց՝ «եթե մի անգամ կանոնադրությունից շեղվում ես, հետո արդեն սովորություն է դառնում», եւ Բիձեն գոհունակությամբ նայեց Արոյին, ժպտաց ու ասաց՝ «շատ ճիշտ ես նկատել, Սերգե՛յիչ», եւ Արոն ինքնագոհ ասաց՝ «էդպես է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել