Լրահոս
Օրվա լրահոսը

Միայնակ կնոջը նպաստ չի հասնում

Հոկտեմբեր 24,2007 00:00

Պատճառաբանում են, թե ապրում է եղբոր տանը

Փախստական, 73-ամյա Ռիմա Շավեդովան չնայած բնակվում է եղբոր տանը, միայնակ թոշակառու է, ինչի համար մինչեւ այս տարի Արաբկիր համայնքի տարածքային սոցիալական ծառայությունից՝ «Փարոսից», 7 հազար դրամ նպաստ է ստացել: Սակայն այս տարի «Փարոսը» Ռ. Շավեդովային նպաստից զրկել է՝ պատճառաբանելով, որ չի հասնում: «Ես միայնակ կին եմ, ոչ մի տեղ չեմ աշխատում, առանձնապես լավ չենք ապրում եւ այդ 7 հազար դրամի կարիքը շատ ունեմ: Եղբայրս հազիվ իր ընտանիքի ծախսերն է ծայրը ծայրին հասցնում: Չեմ հասկանում, ինչո՞ւ մինչեւ անցած տարվա սեպտեմբեր ինձ նպաստ հասնում էր, հիմա չի հասնում: Ախր ես փախստական եմ, բազմաթիվ զրկանքներ եմ տեսել: Ճիշտ է, ծերության թոշակ ստանում եմ, բայց մի բան գնելու համար հո չեմ կարող եղբորս դիմել, նա էլ պիտի իր ընտանիքից կտրի, որ ինձ համար մի բան անի»,- օրերս «Առավոտին» դժգոհեց տիկին Ռիման: Ռիմա Շավեդովան այս նույն բողոքով դիմել է նաեւ «Փարոսի» աշխատակիցներին եւ խնդրել, որ բացատրեն, թե ինչ հիմքեր ունեն իրեն մերժելու: Աշխատակիցներն էլ նրան պատճառաբանել են այսպես՝ այդ նպաստը տրվում է միայն նրանց, ովքեր ապրում են միայնակ եւ ընտանիք չունեն: «Ի՞նչ է, ես ընտանիք ունե՞մ: Չէ՞ որ ես էլ եմ միայնակ եւ ընտանիք չունեմ: Եթե ապրում եմ եղբորս սեփական բնակարանում, այլ ոչ թե հանրակացարանի անտանելի պայմաններում, ապա ինձ այդ գումարը չի՞ հասնում: Բացի այդ, մինչեւ այս տարի էլ ես բնակվել եմ եղբորս ընտանիքում, ինչո՞ւ այն ժամանակ հասնում էր, հիմա՝ ոչ»,- վրդովվեց Ռ. Շավեդովան:

Այս առնչությամբ Արաբկիրի տարածքային սոցիալական ծառայության պետ Ադրինե Նիկոյանն ասաց, որ Ռ. Շավեդովային այս տարի էլ նպաստ հասնում է: Իսկ նրան զրկել են, քանի որ կինը պարզապես անհրաժեշտ փաստաթղթերը չի ներկայացրել եւ չի հաշվառվել, այդ պատճառով էլ մինչեւ հիմա չի ստացել իրեն հասանելիք գումարը: Նրանք տիկին Ռիմային խորհուրդ տվեցին օրերս այցելել եւ ներկայացնել նպաստը վերականգնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Սակայն երբ Ռ. Շավեդովան կրկին դիմել է սոցիալական ծառայությանը, նրան մերժել են՝ ասելով, որ. «Չեն կարող տալ, իսկ այսքան ժամանակ էլ որ տվել են՝ ուղղակի լավություն են արել»:

Երբ «Առավոտը» կրկին պարզաբանում խնդրեց Արաբկիրի սոցիալական ծառայության գրասենյակի պետ Ադրինե Նիկոյանից, նա խոստացավ անձամբ զբաղվել Ռ. Շավեդովայի հարցով: Նա ասաց, որ տիկին Ռիման եւս մեկ անգամ այցելի տարածքային կենտրոն. «Դա կոչվում է ընտանեկան նպաստ: Հավանաբար այդ պատճառով էլ նրան արդեն չի հասնում: Բացի այդ, նա բավականին բարձր կենսաթոշակ է ստանում՝ մոտ 19 հազար դրամ»: Իսկ երբ հարցրինք, թե ինչո՞ւ է մինչեւ հիմա տրվել, չէ՞ որ Ռիմա Շավեդովան 15 տարուց ավելի ապրում է եղբոր ընտանիքի հետ, Ա. Նիկոյանը պատասխանեց. «Թող այցելի՝ կորոշենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել