Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ ՎԿԱՆԵՐԻ ԱՍԱԾՆԵՐԸ, ՈՉ՝ ՀԱՎԱՏՈՒՄ

Հոկտեմբեր 24,2007 00:00

\"\"Երկուշաբթի ՀՀ քրեական վերաքննիչ դատարան անհայտ պատճառով չներկայացավ վկա Նելլի Գասպարյանը

Վերջինս վկայություն էր տվել նախորդ դատական նիստի ժամանակ Վիրաբ Գասպարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Նախագահող Ժորա Հովսեփյանը նրան բերման ենթարկելու մասին որոշում կայացրեց: Վիրաբ Գասպարյանը մեղադրվում է Հայկ Մելիքյանի («Օշականցի Հայկո» մականունով) դեմ 2004թ. նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Հալաբյան փողոցում գտնվող «Բոուլինգ» կենտրոնի եւ «Տաթեւիկ» շոգեբաղնիքի տարածքում մահափորձ կատարելու մեջ:

Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է 9 տարվա ազատազրկման: Այս գործով կա մեկ տուժող էլ՝ Արագածոտնի մարզի Արեգ գյուղի բնակիչ Գեւորգ Խաչատրյանը, որը դեպքի օրը գտնվելով իր «Նիվա» ավտոմեքենայի մեջ, որովայնի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք:

Դատարանը հրապարակեց «Բոուլինգ» կենտրոնի մատուցող Էլյա Պետրոսյանի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքները:

Այս վկան նախաքննական իր ցուցմունքում նշել էր, որ դեպքի օրը, երբ ոստիկաններ են եկել իրենց օբյեկտ ու հարցրել, թե կրակոցի ձայն լսե՞լ է, պատասխանել է, որ կրակոցի ձայն չի լսել: Նա չի հիշել, թե այդ օրն իրենց մոտ որքան հաճախորդներ են եղել, ո՞վ էր նրանցից վերջին հեռացողը:

Քննիչի հարցին, թե Վիրաբին (հայտնի է «Բանգլադեշցի Վիրաբ» մականունով) ճանաչո՞ւմ է, մատուցողը պատասխանել էր, որ՝ ոչ, լսել է միայն նրա մասին: Իսկ «Օշականցի Հայկոյին» ճանաչել է տարբեր օբյեկտներում աշխատելու ընթացքում: Վկան առաջին ցուցմունքում ասել էր, որ դեպքի օրը վերջինիս չի տեսել:

2005 թվականին քաղաքի դատախազությունում նույն վկան՝ Էլյա Պետրոսյանը, լրացուցիչ ցուցմունք տալու ժամանակ ասել է, որ կարմիր գույնի արտասահմանյան մեքենայով իրենց օբյեկտ («Բոուլինգի» կողքին գտնվող «Մեծ տնակ» կոչվող բացօթյա սրճարան) է մտել մի քանի տղամարդ, իսկ ինքը տեսել է Հայկոյին: «Մեծ տնակում» հաճախորդները մնացել էին մինչեւ ժամը 23-ի սահմանները: Նրանց հեռանալուց հետո, ըստ վկայի, լսվեցին կրակոցի ձայներ եւ ավտոմեքենայի ճռռոց:

Մեկ այլ հարցաքննության ժամանակ՝ 2006թ. հունվարի 26-ին, այս վկան լրացուցիչ ցուցմունք է տալիս, թե կռվի մասին իրեն պատմել է մենեջեր Արթուրը (Մերդինյան ազգանունով). «Արթուրն ասաց, թե Վիրաբն ու Հայկոն են եղել, ինչ-որ Արտակ: Այլ տղաների անուն չտվեց: Ասաց, որ զենքը եղել է Վիրաբի մոտ»:

Վիրաբ Գասպարյանի անունը (որը պնդել է, որ զենքից ու կրակոցից տեղյակ չէ) այս վկայի ցուցմունքում հայտնվում է այսկերպ: Առաջին ատյանի դատարանում Էլյա Պետրոսյանն ասել էր. «Քննիչը ստիպել է, որ ասեմ, թե Արթուրն է պատմել: Գրում էի, որովհետեւ ասում էր, որ կպահի այստեղ: Քննիչի թելադրանքով գրել եմ այն, որ զենքը Վիրաբի մոտ է եղել, որ Վիրաբն է կրակել»:

Վիրաբ Գասպարյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ քրեական գործ պետք է հարուցվի կամ վկաների, կամ քննիչների նկատմամբ: «Այս գործով գոյություն չունի գեթ մի վկա, որին խոշտանգած չլինեն,- հայտարարեց փաստաբանը, ապա հավելեց,- չեմ ընդունում այն դատարանի հայտարարությունը, որն ասում է՝ օբյեկտիվ եմ քննել գործը, երբ վկաները պնդում են, թե իրենց նկատմամբ բռնություններ են եղել»: Իսկ Վիրաբ Գասպարյանի երկրորդ պաշտպանը՝ փաստաբան Կրոմվել Գրիգորյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վկաների, մասնավորապես Նելլի Գասպարյանի եւ Էլյա Պետրոսյանի ցուցմունքները բովանդակային առումով գրեթե կրկնվում են:

Հ. Գ. Այս գործով տուժողները նույնպես իրենց «յուրահատկություններն» ունեն. մեկը դատարան չի գալիս եւ նրա նկատմամբ բերման որոշում կա, մյուսը՝ «Օշականցի Հայկոն», հետախուզման մեջ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել