Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԿՈԾԿԵԼ

Հոկտեմբեր 26,2007 00:00

ԺՀԿ ղեկավար Պետրոս Մակեյանը երեկ «Առավոտին» պատմեց. «Երբ մեզ հոկտեմբերի 23-ին բերման ենթարկեցին ոստիկանություն՝ տեսա, որ դեռահասներից մեկի՝ Լեւոնի, ամբողջ դեմքը կապտած է, ճակատն ու քիթն արյունոտ: Խնդրեցի, որ նրան բժշկական օգնություն ցույց տան, բայց ոստիկանները ո՛չ մերժեցին, ո՛չ էլ որեւէ պատասխան տվեցին:

Երեխան մնաց այդ վիճակում: Հետո ամեն մեկիս տարան մի խուց: Վերջում, երբ արդեն փաստաթղթային ձեւակերպումներն էին անում՝ հետաքրքրվեցի, թե երեխան որտե՞ղ է: Պատասխանեցին, թե չգիտեն: Լեւոնը հայտնվեց դուրս գալու վերջին պահին: Հարցնում եմ՝ որտե՞ղ էիր: Ասում է՝ ինձ առանձին խցում էին փակել: Եվ պարզվեց, որ նրան մեկուսացրել էին, քանի որ պատգամավորներ էին մտնում ոստիկանություն, օմբուդսմենը՝ հանկարծ չտեսնեն այդ երեխային ջարդված, կապտած վիճակում: Նա հետո դատաբժշկական փորձաքննության ուղեգիր էր ստացել, որը գիշերը կորցրել էր: Առավոտյան ստիպված քննիչից երկրորդ ուղեգիրը խնդրեցինք՝ փաստաբան Տիգրան Տեր-Եսայանի միջոցով: Հոկտեմբերի 25-ին գնացել էր ստուգման, բայց չէին ընդունել: Ասել էին, թե ուղեգրի վրա քննիչը պիտի գրի, որ չի ստացել բուժօգնություն: Նախորդ օրը մյուս 3 երեխաներն էին ստուգվել: Բաժնի վարիչներին հարցնում եմ՝ բա նրանց ո՞նց ընդունեցիք: Պատասխանում են, թե ընդառաջել են: Ասում եմ՝ այսօր էլ կընդառաջեք, թե չէ՝ ստացվում է, որ կոծկում եք Աֆյանի նմանների հանցագործությունները: Դրանից հետո ընդունեցին նրան: Բայց եթե մյուս 3-ին ուղարկել էին լրացուցիչ ստուգման՝ մասնագիտական հետազոտությունների, այս ամենաշատ տուժած երեխուն չուղարկեցին: Եվ երբ բերեցին արդյունքները, պարզվեց, որ լղոզված բաներ են ձեւակերպել: Միայն մի կին է հստակ նշել, թե աչքերի բորբոքումը քիմիական նյութերի օգտագործման հետեւանք է, այսինքն՝ օգտագործվել է արցունքաբեր գազ»: Տիգրան Տեր-Եսայանը հավելեց. «Իմ վստահորդներն անհանգստացած են բժիշկների կողմնապահությամբ, որ փորձում են այս կողմի մարմնական վնասվածքները մեղմացնել, իսկ ոստիկաններինը՝ ավելի ծանրացնել: Երբ ծանոթանանք վերջնական եզրակացությանը, պարզ կդառնա՝ ճի՞շտ էր արդյոք տուժածների մտահոգությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել