Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԴԻՄԱՑ ՄԵՐ ՀԱՅԵԼԻՆ Է

Հոկտեմբեր 26,2007 00:00

Այն թյուրիմացամերձ պնդումները, թե հայերը անմիաբան են, ոչ մի քննության չի դիմանում: Հայոց իրական պատմությանը քիչ թե շատ առնչվողը գիտի, որ պատմական Հայաստանում եւ այնուհետեւ, քանզի ամեն անցնող օր արդեն ինքնին պատմություն է, չի եղել ժողովրդական ապստամբություն: Եղել են, իհարկե, անմիաբան իշխաններ, արքունական դավադրություններ, անհնազանդ նահանգներ նույնպես եղել են, բայց հայ ժողովուրդը, ազգը երբեք դուրս չի եկել սեփական պետության եւ իշխանության դեմ: Մի բան, որ բազմիցս տեղի են ունեցել Հայաստանի բոլոր հարեւան պետություններում: Այսինքն թե՝ անմիաբան հայի տարածված լեգենդը ավելի շատ հորինված է, քան է…Եվ այսօր, երբ վաղուց խոստացված միտինգն է, որին, ցավոք, նախորդել է հոկտեմբերի քսաներեքի դեպքերը, ինչից հետո մամուլում սկսեցին հնչել հեղափոխական կոչեր, ինձ վախեցնում է, տանջալիորեն անհանգստացնում. կարծում եմ՝ երկուստեք սթափվել է պետք:Իշխանությունը, որպես երկրի հայր, պարտավոր է հանդուրժող եւ օրինապահ լինել՝ հարգելով սեփական երկրի նաեւ իրենից դժգոհ քաղաքացիներին, ինչպեսեւ միտինգավորները դարձյալ հանդուրժող եւ օրինապահ լինեն, երբ կհնչեցնեն քննադատության իրենց խոսքը, հիշելով, որ մենք մեր տեսակով այս մեծ աշխարհում մենակ ենք: Մեր ճակատը լայն է, գիրը՝ մանր, եւ ուրիշներն այդքան ժամանակ չունեն կարդալու: Եվ մեր ճակատի գիրը մենք ենք ճանաչելու՝ ճանաչելով իրար: Հասկանալով նաեւ, որ մեր դեմը մեր եղբայրներն ու քույրերն են կանգնած, եւ չլինի այնպես, որ վերջին խոսքը՝ վերջնագիրը, սկզբից ներկայացնենք եւ կորցնենք համազգային ճանապարհը՝ կորցնելով իրար: Չհռչակենք, թե ճանաչում ենք ճշմարտությունը եւ միակ ճիշտը մենք ենք ասում, քանի որ ճշմարտությունը իմացողը գոյություն չունի, այլ կա ճշմարտության ճանապարհը փնտրողը, որը տանում, մեզ տեղավորում է մեր հայրենիքի փառաբանության մեջ: Չասեմ համոզված եմ, բայց կարծում եմ՝ ճիշտ է, որ բարձր ժայռը մեկի մեջ ներքեւ նետվելու, մյուսի մեջ ներքեւ թքելու ցանկություն է առաջացնում, բայց այդ զգացողություններն ունենալու համար նախ պետք է մագլցել-բարձրանալ այդ ժայռը, բայց արժե դրա համար ժայռը բարձրանալ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել