Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ՔԱՐՏԵՐԻ ՁԵՌՔԸ ԿՐԱԿՆ ԵՆ ԸՆԿԵԼ

Հոկտեմբեր 31,2007 00:00

\"\"Օպերատորներն էլ՝ բաժանորդների

Այսօր «ԱրմենՏելի» եւ «ՎիվաՍելլի» կանխավճարային քարտերի գրանցման վերջին օրն էր: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մայիսին որոշում էր ընդունել, որ բջջային կապի կանխավճարային «իզի», «ալո» եւ «գոու» քարտերի բաժանորդները պետք է մինչեւ նոյեմբերի 1-ը օպերատորների հետ պայմանագիր կնքեն եւ գրանցեն իրենց քարտերը: Սակայն հաշվի առնելով, որ երկու օպերատորների շատ ու շատ բաժանորդներ դեռ չէին հասցրել պայմանագրերը կնքել, ընկերությունները դիմել էին հանձնաժողովին՝ խնդրելով երկարաձգել սահմանված ժամկետը: Երեկ այդ առնչությամբ հանձնաժողովը արտահերթ նիստ հրավիրեց ու որոշեց ժամկետը երկարացնել մինչեւ 2008թ. մարտի 1-ը:

Նկատենք, որ եթե հանձնաժողովը նման որոշում չընդուներ, բջջային կապի երկու օպերատորներն էլ մեծ թվով բաժանորդներ կկորցնեին: Բացի այդ, դա իր հետ մի շարք խնդիրներ կստեղծեր թե՛ ընկերությունների, թե՛ հանձնաժողովի համար: Բանն այն է, որ մինչ օրս «ԱրմենՏելն» ու «ՎիվաՍելլը» դեռ չգիտեին, թե ինչ պետք է անեին չգրանցված քարտերի հետ: Հանձնաժողովը նույնպես այդ մասին որեւէ որոշում չէր կայացրել: Տեսականորեն հնարավոր էր մեկ տարբերակ՝ համարը փակել: Սակայն դրանից ընկերությունները միայն կտուժեին: Բացի այդ, օրինակ՝ «ՎիվաՍելլը» երկու տարի առաջ, երբ նոր էր մուտք գործում բջջային կապի շուկա, քարտերը վաճառելիս բաժանորդներին նաեւ գրքույկ էր տրամադրում, որտեղ նշված էին բաժանորդի եւ ընկերության պարտավորությունները՝ միմյանց նկատմամբ: Այդ գրքույկում ընկերությունը ֆիքսել է, որ եթե բաժանորդը ժամանակին վերալիցքավորում է հաշիվը, ընկերությունն իրավունք չունի անջատել համարը: Դա նշանակում է, որ եթե այդ բաժանորդներն իրենց համարը չգրանցեին, ընկերությունը, անջատելով համարը, կխախտեր բաժանորդի առջեւ ստանձնած իր պարտավորությունը:

Երեկ «Առավոտի» հետ զրույցում «ԱրմենՏելի» եւ «ՎիվաՍելլի» ներկայացուցիչները հավաստիացնում էին, որ իրենք հնարավորին ամեն ինչ արել են, որ բաժանորդները հասցնեն այս ժամանակահատվածում իրենց քարտերը գրանցել: Սակայն երեկվա տվյալներով՝ «ԱրմենՏելի» բաժանորդներից պայմանագիր կնքել էր ընդամենը 25 տոկոսը՝ մոտ 100 հազար բաժանորդ, «ՎիվաՍելլի» բաժանորդների՝ 17 տոկոսը: «ԱրմենՏելի» քաղաքականության եւ կարգավորման գծով տնօրեն Հայկ Ֆարամազյանի խոսքերով՝ «Հիմնականում բաժանորդները հոկտեմբերին են եկել քարտերը գրանցելու, նրանց 20%-ը գրանցվել է հենց այդ ամսին: Եթե վերջին 1-2 շաբաթների նման հաճախորդների հոսքը շարունակվի, անպայման կհասցնենք նոր ժամկետի մեջ տեղավորվել: Այդ նպատակով ավելացրել ենք եւս 17 կետ, այն կետերում, որտեղ մինչեւ հիմա կանխավճարային քարտերի գրանցում չէին կատարում, այժմ արդեն բաժանորդները կարող են այդ գրասենյակներն էլ այցելել»: «ՎիվաՍելլի» արտաքին գծով իրավախորհրդատու Վահան Հարությունյանը նույնպես վստահեցրեց, որ բաժանորդ չկորցնելու համար իրենց կողմից հնարավոր ամեն ինչ արել են. բազմաթիվ կետեր են բացել հանրապետության տարբեր թաղամասերում:

Նշենք, որ չնայած ընկերությունների այդ հավաստիացումներին, այս օրերին «Առավոտի» խմբագրություն էին զանգահարում սպասարկման կետերում հերթի կանգնած բազմաթիվ բաժանորդներ ու բողոքում, որ իրենք վաղ առավոտից սոված-ծարավ հերթ են կանգնել, մինչդեռ ընկերությունների աշխատակիցներն այնքան դանդաղաշարժ են, որ 5-6 ժամում չեն կարողանում 20 բաժանորդի սպասարկել: Օրինակ, «ԱրմենՏելի» բաժանորդներից մեկը բողոքեց, որ ինքը առավոտյան ժամը 9-ից հերթի մեջ է, եւ արդեն ժամը 13.30 է՝ դեռ 5 հոգու էլ պետք է սպասարկեն, որ իր հերթը հասնի: Նրա խոսքերով՝ «մի կետում սպասարկում են ընդամենը 2 աշխատակից, որոնք ֆիզիկապես չեն հասցնում»:

Մեր հարցին, եթե մարտի 1-ին բաժանորդները դարձյալ քարտերը գրանցած չլինեն՝ ի՞նչ կլինի այդ քարտերի ճակատագիրը՝ «ԱրմենՏելի» ներկայացուցիչը պատասխանեց. «Դեռեւս իրավական հետեւանքները հայտնի չեն, այսինքն՝ չգիտենք, այդ դեպքում ինչ պետք է անել՝ ժամանակավոր անջատե՞նք համարը, քարտը ոչնչացնե՞նք, թե՞ մեկ այլ բան»: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը բջջային կապի օպերատորներին նախազգուշացրեց, որ մարտի 1-ը իսկապես վերջին ժամկետն է, որն այլեւս երկարաձգել չի լինի. «Նախորդ 5 ամիսների ընթացքում օպերատորները բավարար ջանքեր չգործադրեցին, որ ավելի շատ բաժանորդներ իրենց քարտերը գրանցեին եւ պետք է այս ավելացրած 4 ամիսների ընթացքում զգոնությունը պահեք, որ մարդկանց հոսքը չդադարի»:

Ուշագրավ է, որ չնայած հանձնաժողովը ժամկետը երկարաձգելու մասին որոշումը կայացրել է երեկ, բայց «ՎիվաՍելլն» արդեն մի քանի օր առաջ իր բաժանորդներին «sms» էր ուղարկում ու հայտնում, որ ժամկետը երկարաձգվել է:

Հիշեցնենք, որ հանձնաժողովը քարտերը գրանցելու մասին որոշումն ընդունել էր, որպեսզի բաժանորդների զանգերը վերահսկելի լինեն: Այդ որոշումն արդեն բաժանորդների համար խնդիրներ է ստեղծել ու դեռ ստեղծելու է: Եթե քարտը կորցնեն կամ գողանան ու հետո այդ համարը վատ նպատակներով օգտագործեն, բաժանորդը ստիպված է շտապ դիմել ընկերությանը, որպեսզի պատասխանատվություն չկրի: Բայց այս դեպքում էլ հարց է՝ բաժանորդը կկարողանա՞ ապացուցել, որ իր քարտը իրոք գողացել են եւ որ «վատ նպատակով» զանգահարողն ինքը չի եղել: Բացի այդ, բաժանորդները եթե ուզենան միմյանց իրենց հեռախոսահամարը վաճառել՝ մեծ քաշքշուկների մեջ կընկնեն. պետք է քարտի տերը դիմի օպերատորին, հաշվառումից դուրս գա, տվյալները հետ վերցնի, իսկ քարտի գնորդը նույնպես իր հերթին պետք է դիմի օպերատորին ու այն գրանցի: Այս ամենի պարագայում հարց է՝ որեւէ մեկը կցանկանա՞ վաճառել իր համարը: Այն դեն նետել նույնպես չի թույլատրվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել