Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ԱԿԱՆ ԵՆՔ, ԲԱՅՑ ՔԱՐՈԶ ՉԵՆՔ ԱՆՈՒՄ»

Նոյեմբեր 16,2007 00:00

\"\"Երեկ հավաստիացրին բուհերի ուսխորհուրդների կուսակցական նախագահները

«Հայացք» ակումբի երեկվա հյուրերն էին Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսխորհրդի նախագահ Ռուբինա Բոստանջյանը եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Նարեկ Մանթաշյանը, թեման՝ «Միասնության ծառատունկ 2007-ը»: Ռ. Մակարյանը հայտնեց, որ արդեն 3-րդ տարին է, ինչ «Նիգ-Ապարան» միությունը ՀՀ եւ ԼՂՀ տարածքներում կազմակերպում է ծառատունկ: Նա տեղեկացրեց, որ այս տարի պետական բուհերի 12 ուսանողական միություններ միացել են ծառատունկի ակցիային, որը անցկացվելու է նոյեմբերի 17-18-ը՝ Նոր Նորք եւ Աջափնյակ համայնքներում: Բանախոսներն անդրադարձան ուսանողության հիմնախնդիրներին:

«Առավոտը» ուսխորհուրդների նախագահներից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիքի են ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Նարեկ Գալստյանի այն հայտարարության մասին, ըստ որի՝ ուսխորհուրդների մեծամասնությունը «հանրապետականացված» է:

«Իրենք («Սարգիս Տխրունին»- Ե. Հ.) մի քանի անգամ հայտարարել են, թե մոնիտորինգներ են անցկացնում բուհերում, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ կոնկրետ մեր բուհում այդ կառույցը երբեք որեւէ մոնիտորինգ չի արել: Ինչ վերաբերում է հանրապետականացված լինել-չլինելուն, ոչ մեր ուսխորհուրդը, ոչ էլ բուհը երբեք այդպիսին չի եղել: Ինքս ՀՀԿ անդամ եմ, բայց բուհում քարոզ չեմ անում ՀՀԿ-ական դառնալու: Թե ինչ կողմնորոշում ունեմ, դա իմ անձնական խնդիրն է: Ի դեպ, իմ կուսակցական լինելը հաճախ նաեւ օգուտ է բերում: Իմ քաղաքական հայացքների ու իմ կուսակցության շնորհիվ երբեմն օգնություն ենք հատկացնում անապահով ու ապաքաղաքականացված ուսանողներին»,- պատասխանեց Ն. Մանթաշյանը: Ռ. Բոստանջյանը հայտարարեց, որ ինքը ՀՀԿ անդամ չէ, իսկ իրենց բուհի ներսում բոլոր տեսակի քաղաքական թեմաները փակ են. «Մեր ուսխորհրդում կան մարդիկ, ովքեր անդամակցում են տարբեր կուսակցությունների, բայց դա չի խոչընդոտում բուհի ներսում հասարակական գործունեությանը»:

Ռ. Մակարյանն էլ նշեց, որ ինքը ՀՀԿ անդամ է, սակայն դա չի ազդում իր ուսանողական հասարակական գործունեության վրա. «Բուհում կուսակցական կամ քաղաքական դրսեւորումը մարդիկ տարբեր ձեւով են պատկերացնում: Օրինակ, ընդդիմության շատ ակտիվիստներ բուհերում թռուցիկներ են բաժանում, իսկ դա քաղաքական գործունեություն է: Ստացվում է, որ մենք բուհում չզբաղվելով քաղաքական գործունեությամբ՝ մեղադրվում ենք, իսկ այն մարդիկ, որոնք իրականում զբաղվում են, հայտարարություններ, թռուցիկներ են բաժանում՝ ոչ: Դա ընդունվում է իբրեւ սովորական երեւույթ, հետո էլ նման մարդիկ (նկատի ունի Նարեկ Գալստյանին- Ե. Հ.) փորձում են հանդես գալ քաղբանտարկյալի լուսապսակով»:

«Առավոտի» դիտարկմանը, թե Ագրարային համալսարանը, ըստ որոշ հարցումների, հայտնվել է կոռումպացված բուհերի ցանկում, նույն բուհի ուսխորհրդի նախագահը պատասխանեց. «Ես ձեզ հրավիրում եմ Ագրարային համալսարան՝ հանդիպելու ուսանողների հետ, ծանոթանալու այն բոլոր գործընթացներին, որոնք ազդում են բուհում կոռուպցիայի մակարդակի նվազեցմանը»: Երեկ «Առավոտը» 3 բանախոսներից էլ հետաքրքրվեց, արդյոք եղե՞լ են դեպքեր, երբ ուսխորհուրդը կանգնել է ուսանողի «թիկունքին», կամ պատահե՞լ է, որ իրենց ջանքերով կաշառակեր դասախոսներ են աշխատանքից հեռացվել ու վերականգնվել ուսանողներ: Ռ. Մակարյանի խոսքերով, նման դեպքեր՝ դասախոսների հետ կապված, եղել են. «Ուղղակի չեմ ուզում ազգանուններ տալ: Իսկ այն ուսանողները, որոնք վատ են հաճախում բուհ եւ ունեն ցածր առաջադիմություն, իհարկե՝ հեռացվում են: Ամեն դեպքում աշխատում ենք նրանց դարձի բերել: Վերջին տարիներին 500 ուսանող է հեռացվել մեր բուհից, իսկ 500 ուսանողն արդեն ներկայացնում է մեկ ոչ պետական բուհ: Բուհի կանոնադրության համաձայն, վերականգնվելու իրավունք յուրաքանչյուրն էլ ունի, կարծում եմ՝ մեր աջակցությունը անտեղի է»:

Ն. Մանթաշյանն էլ նշեց, որ, օրինակ, իրենք ԵՊՏՀ-ում վերացրել են գրքավաճառությունը: Իսկ Ռ. Բոստանջյանը պատասխանեց, որ իրենց բուհում ուսանող-դասախոս հարաբերությունները այնքա՜ն անկեղծ են, որ խնդիրներ երբեք չեն առաջանում: Հիշեցնենք, որ Տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի դեկանի առանձնասենյակում ամիսներ առաջ դասախոսի կողմից ծեծի էր ենթարկվել ազգությամբ հույն մի ուսանող («Առավոտ», 05.07.2007):

«Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են իրենց պահելու ուսխորհուրդները նախագահական ընտրությունների ժամանակ, դեռ առաջարկ, խնդրանք կամ հրահանգ չե՞ն ստացել: Ն. Մանթաշյանը շեշտեց. «Ոչ մի տեղից չենք կարող հրահանգ ստանալ: Մեզ մոտ հրահանգները չեն գործում, խնդրանքներ ու առաջարկություններ էլ չենք ընդունում: Ընտրությունների հետ կապված՝ անհատական աշխատանքներ չենք տանում: Օրենքը արգելում է բուհում քաղաքականությամբ զբաղվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել