Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԵՆՔ ԵՐԱԶՈՂ ՔԱՋՆԱԶԱՐՆԵՐ ԵՆ»

Դեկտեմբեր 12,2007 00:00 Share

\"\"ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը այդպես է բնութագրում ասպարեզում եղած քաղաքական գործիչներին եւ վստահեցնում, որ այսօր քննադատելու իրավունք միայն ինքն ունի:

– Շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ անդրադառնալով այն ընդդիմադիր գործիչներին, ովքեր այդպես էլ չմիավորվեցին միասնական թեկնածու ունենալու գաղափարն իրականություն դարձնելու համար, այլ առանձին-առանձին առաջադրվեցին, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ այդ գործիչներն առաջադրվելու փոխարեն ավելի ճիշտ կանեին, եթե միանգամից հայտարարեին, որ սատարում են Սերժ Սարգսյանին:

– Նախ անհասկանալի է, որ մարդիկ ակնկալում են, որ իրենց հավասար մարդիկ պիտի զոհաբերեն իրենց քաղաքական հավակնությունները առանց պատշաճ բանակցությունների եւ խոսակցությունների. ինձ համար դա անհասկանալի երեւույթ է, որովհետեւ միասնական թեկնածուն ձեւավորվում է բանակցությունների միջոցով, կլոր սեղանի շուրջ հանդիպումների ընթացքում, ինչը եւ ես նախաձեռնել էի եւ կարծում էի, որ ոչ միայն ընդդիմադիր դաշտը, այլեւ գաղափարական արժեքային բարձր նպատակներ ունեցող համակարգի քաղաքական ուժերը պիտի այդ ճանապարհով փորձեին ընդհանուր հայտարարի գալ եւ ոչ թե ինչ-որ թեկնածուի ասպարեզ գալուց հետո մտածեին այդ մասին:

– Նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը իր հարահավաքային ելույթում ասաց, որ մի քանի կուսակցականապետերի համար քաղաքականությունը բիզնեսի տեսակ է, որով նրանք նպաստում են հուսալքմանը եւ ընդդիմության համախմբման կասեցմանը: Նշվել են նաեւ անուններ՝ Արտաշես Գեղամյան, Վազգեն Մանուկյան:

– Ոչ միայն չեմ բացառում, որ այդպես կարող է լինել, մեր իրականության մեջ նույնիսկ թեկնածուի առաջադրման խնդիրը երբեմն ծառայում է նյութական նպատակների, ինչը նույնիսկ բիզնես կոչել չի կարելի, որովհետեւ բիզնեսը հետեւողական, նպատակասլաց աշխատանք է, իսկ նախագահի առաջադրումը ժամանակավոր մի փուլ է: Բայց անգամ այդ ժամանակավոր փուլը դրամահավաքի համար օգտագործելու՝ որոշ կուսակցությունների եւ անհատների մասին ես պատկերացում ունեմ: Եթե կուսակցությունը կամ անհատ գործիչը գիտի, որ ինքն ունի առնվազն 5 կամ 10 տոկոս ձայն եւ գնում է նախագահ դառնալու, այստեղ պիտի մտածես, որ սա կամ հոգեկան հիվանդ է, կամ ծախված է, կամ էլ անձնական հաշիվներ ունի: Ես չեմ ուզում ասել, թե որը՝ ով է, բայց Ալիկ Արզումանյանի ասածի մեջ ճշմարտություն կա: Բայց այլ բան է, որ ինքը դա ասում է՝ հենվելով նույն նպատակն ունեցող մարդկանց մի թիմի վրա, քննադատելով մյուսներին: Որովհետեւ, եթե ՀՀՇ-ն ասպարեզ էր գալիս քաղաքական նպատակներով, պիտի գար խորհրդարանականի ժամանակ: Հիմա ի՞նչ նպատակով է ինքը մնացել ասպարեզում, եթե միասնական թեկնածուի ձեւավորումը չկայացավ եւ չկայացավ ամենից առաջ իրենց մեղքով: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի մարդիկ, որ մասնակցում էին իմ գումարած հավաքներին, շարունակեին մասնակցել, եկեք չբացառենք, որ քաղաքական ուժերից մի քանիսը կարող էին հայտարարի գալ ծրագրի շուրջ եւ նույնիսկ Տեր-Պետրոսյանի շուրջ: Չէ՞ որ նա եւ որեւէ մեկը ի սկզբանե մեր կողմից մերժված չի եղել: Իսկ իրենք եկան մերժելով եւ օլիգարխիկ ճանապարհով իրենց ենթակայեցնելու փորձով, եւ հիմա ուրիշներին քննադատելը, կարծում եմ, տեղին չէ: Այսօր քննադատական խոսք ասելու իրավունք ունեմ միայն ես, որովհետեւ նաեւ իմ վարքով ցույց տվեցի, որ այս ամեն ինչից բարձր եմ կանգնած:

– Դարձյա՞լ մնում եք այն կարծիքին, որ չի կարելի ձայն տալ Տեր-Պետրոսյանին:

– Ես մնում եմ այն կարծիքին, որ քաղաքական գործունեությունը մեկ օր քնից զարթնելով չի լինում, քաղաքական գործիչը հետեւում է ընթացքին, անկախ նրանից, թե այդ պահին ինչ դիրք է զբաղեցնում: Խորհրդարանական ընտրություններին հանդես չգալով՝ ՀՀՇ-ն ցույց տվեց, որ քաղաքական հիմնական գործընթացից ինքն իրեն դուրս է դրել, այսինքն՝ հանդես եկավ որպես մեռած ուժ: Մասնավորապես Տեր-Պետրոսյանը 10 տարի մեռած էր: Չի կարելի լինել պետության նախագահ, անգամ պարզապես քաղաքական գործիչ եւ ժամանակ առ ժամանակ չասել իր խոսքը, եթե ոչինչ անել չես կարող, գոնե կա խոսքի ուժը, մանավանդ՝ փորձառու մարդու խոսքի ուժը: Հիմա 10 տարի քաղաքականապես մեռած մարդու ասպարեզ գալը իր համար կարող է ողբերգական հետեւանք ունենալ:

– Ուրեմն, այս դեպքում ո՞վ է ընտրվելու հանրապետության նախագահ:

– Տարրական տրամաբանությունը հուշում է, որ հենց առաջին փուլով նախագահական ընտրությունները կավարտվեն եւ կավարտվեն Սերժ Սարգսյանի հաղթանակով, որովհետեւ ինքը խորհրդարանական մեծամասնությունն ունեցող ուժերի ներկայացուցիչն է: ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների հետեւանքով հավաքեցին 70 տոկոս, ի՞նչն է հիմա իրենց խանգարում հավաքել 50 պլյուս մեկ տոկոս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել