Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Դեկտեմբեր 12,2007 00:00

Ձերբակալվել են

Ինչպես «Առավոտը» տեղեկացրել էր, նոյեմբերի 28-ին Սիլիկյան թաղամասի «Հայր եւ որդի Մարտիրոսյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Մարմարի աշխարհ» խանութ-արտադրամասի մոտ տեղի էր ունեցել զինված ընդհարում: Արդյունքում՝ վիրավորվել եւ հիվանդանոց էին տեղափոխվել Կարլեն եւ Հրանտ Մարտիրոսյանները: Երեկ ՀՀ ոստիկանության ՏՎ-ից տեղեկացանք, որ այդ գործով ձերբակալվել է երեք անձ: Նոյեմբերի 30-ին ոստիկանության բաժին էր ներկայացել 1985թ. ծնված Հմայակ Հ.-ն եւ հայտնել, որ նոյեմբերի 28-ին «Մարմարի աշխարհ» խանութ-արտադրամասի մոտ իրեն ամրակցված «Վիկինգ-ՄՌ-446» տիպի ատրճանակից կրակել է եւ դիմել փախուստի:

Իսկ դեկտեմբերի 7-ին ոստիկանության բաժին է ներկայացել 1971թ. ծնված, նախկինում դատված Սարգիս Ղ.-ն եւ հայտնել, որ իր մոտ եղած «Մակարով» տիպի ատրճանակից Մարտիրոսյանների ուղղությամբ կրակել է, ոտքերին վնասվածքներ պատճառել եւ դիմել փախուստի: Նույն օրը ոստիկանության բաժին է ներկայացել նաեւ 1985թ. ծնված Արման Մ.-ն եւ ներկայացրել «Վալտեր» տիպի գազային ատրճանակ: Ատրճանակներն առգրավվել եւ ուղարկվել են փորձաքննության:

Մեքենան շրջվել է

Նախորդ օրը Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին «ՍուպերՄԱԶ» մակնիշի 61 ՕՕ 424 պ/հ ավտոմեքենան իր կցորդով դուրս էր եկել երթեւեկելի մասից եւ շրջվել: 47-ամյա վարորդը՝ Նորիկ Սաֆարյանը եւ ուղեւորներ՝ 35-ամյա Արայիկ Գալոյանն ու 36-ամյա Դավիթ Տենեսյանը դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Աշտարակ քաղաքի հիվանդանոց:

Ոստիկանության դեմ

Երեկ հաղորդագրություն էր տարածել Վանաձորի հելսինկյան գրասենյակը: Ըստ այդ հաղորդագրության, դեկտեմբերի 5-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մերժել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» կազմակերպության հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ տեղեկություն տրամադրելուն պարտադրելու պահանջի մասին: Հայցադիմումում նշվել էր, որ օգոստոսի 9-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պաշտոնական գրությամբ դիմել էր ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն՝ ծառայողական քննության նյութերը տրամադրելու խնդրանքով:

Դրանք առնչվում էին մարտի 26-ին ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնություններին, որի կապակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր Լոռու մարզի դատախազություն:

«Դատախազությունը պաշտոնական գրությամբ պատասխանել էր, որ քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունների կապակցությամբ իրականացվել է ծառայողական քննություն, եւ կարգապահական տույժի է ենթարկվել Վանաձորի ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպեր-լիազոր Ա. Նահապետյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ի դեպ, երբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խնդրել էր ՀՀ ոստիկանությունից տրամադրել ծառայողական քննության նյութերը, Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը մերժել էր՝ պատասխանելով, որ ծառայողական քննության այդ նյութերը՝ Անվտանգության վարչության կանոնադրության համաձայն, հանդիսանում են ներքին օգտագործման փաստաթղթեր եւ տրամադրման ենթակա չեն: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նույն տեղեկատվության ստացման համար երկրորդ գրությամբ դիմել է ՀՀ ոստիկանապետին՝ հղում կատարելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին, որով ծառայողական քննության նյութերը տրամադրման ոչ ենթակա տեղեկատվություն չեն համարվում:

Միաժամանակ կազմակերպությունը նշել է, որ ՀՀ «Իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն՝ տվյալ դեպքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության կանոնադրությունն ավելի ստորադաս իրավական ակտ է: Այս դեպքում գործում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, որով ծառայողական քննության նյութերը տրամադրման ենթակա են:

«Մասնագիտացված» խումբը

Ըստ Ազգային անվտանգության մամուլի կենտրոնի, ձերբակալվել է կազմակերպված խումբ, որը զբաղվել է ավտոմեքենաների առեւանգմամբ: Խումբը, հանցավոր աշխարհի հեղինակությունների միջնորդությամբ, հետագայում բանակցությունների մեջ էր մտել տուժողների հետ եւ համապատասխան գումարի դիմաց վերադարձրել իրենց կողմից գողացված մեքենաները: Որոշ դեպքերում առեւանգված մեքենաները հրկիզել կամ վնասել են, երբ տուժողները չեն ցանկացել կապի մեջ մտնել իրենց հետ: 2006-2007 թվականներին Երեւանում կատարված ավտոառեւանգման 24 դեպքերի փաստերով հարուցված են քրեական գործեր: «Հաշվի առնելով հանցագործության հասարակական վտանգավորությունը՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ գործը քննում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել