Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխողներ եւ ոչ իշխանության տակ գտնվողնե՞ր

Ապրիլ 16,2008 00:00

Նախկինում եւ հիմա

Հայոց երկրի 12 մայրաքաղաքների պատմության ընթացքը բազմիցս վավերագրվել է, թագակապ ասպետության մենաշնորհ ունեցող Բագրատունիները օրինադրել են արքաների թագը, կապել ապարոշը, զենքերը:

Հնում թագադրման հանդիսավոր արարողությունը վերածվում էր բերկրալի տոնի: Պատվի էին արժանանում նախարարները, շինարարներն ու ռամիկները: Արքունիքում եւ արքունիքից դուրս խնջույքի սեղաններ էին բացվում: Բոլոր դասերը գինի ըմպելով, հաճությամբ արեւշատություն էին կամենում թագադրված արքային: Արարողակարգին մասնակիցներից ոչ մեկը տարամերժված, անպարկեշտորեն խաբված իրեն չէր զգում, քանի որ Գահնամակով սահմանված արքունի վայելուչ կարգուկանոնով գահը ժառանգաբար անցնում էր հորից որդի: Երանական այդ տոնից ի՞նչ է փոխանցվել նախագահական պաշտոնաստանձնման արարողությանը… Գրեթե ամեն ինչ ջնջված է…

Ապրիլի 9-ին հպատակներիս համար մատուցվում էր ՀՀ նորընտիր նախագահի երդման արարողակարգը: Կապույտ էկրանը կարեկցանք էր առաջացնում, որ շքեղ մեքենան, նորընտիր նախագահին աթոռ հասցնելու համար ընթանում էր մայրաքաղաքի անկենդան սրտի վրայով: Քաղաքացիներից, հետեւակներից, տրանսպորտից եւ ամեն տեսակի կենդանի շնչից սարսուռ չզգալու համար ամայացվել էին փողոցներն ու ծառուղիները:

Ինչպես էի ցանկանում, որ իմ երկրի նախագահը լիներ օրհնված, բարեբանված, անխաբելի եւ մխիթարիչ: Ինձ համար ցանկալի էր, որ նա կողոպտվածի նման իրեն չզգար, զորեղ լիներ իրավունքի մեջ, տիրոջ նման ընթանար բազմության միջով, ծաղիկների նվիրում լիներ, մարդկանց համար մխիթարիչ ու ախորժելի լիներ ընթացքը մեքենայի: Եվ այդ մեքենայի սպիտակ գույնը տոնելի լիներ եւ չհակադրվեր այն կանանց սեւ գլխաշորերին, որոնք մտքով արդարություն են աճեցնում, մոմ վառում ու խնկարկում անմեղ զոհերի հիշատակին: «Տոնական» օրվա ճաճանչն ապրեցնող չէր, տագնապներ կային ու թափված արյան 40 օր: Լիահույս սպասված օրը մայրաքաղաքում, մարզերում եւ սփյուռքում փոխակերպվել էր սգո երթերի, բողոքի ցույցերի, իսկ բանտերում՝ հացադուլների ալեկոծության: Նախագահի երդման օրը որ անստվեր, անեղծանելի եւ պերճաշուք երեւա, մահակներով եւ վահաններով զինավառ օրինապահներ էին փողոցներում կանգնեցվել, իսկ Ազատության հրապարակում՝ զինվորական շքերթի պատրաստ զինվորականներ:

Եվ օրվա պատկերի տակ նախագահը դեմոկրատիայի կարկատուն բառերով երդվում էր, որ յուրաքանչյուրի հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանն է լինելու: Եվ ակնարկում էր նաեւ, որ իշխանության եւ ժողովրդի արանքում պատ է տեսնում, որի մեջ կային հառաչներ, հեծության ձայներ, ցասկոտ բողոքներ:

– Եկեք խորտակենք պատը,- ասում է մտահոգ:

Այո, նախագահական աթոռը լեգիտիմ դարձնելու մտահոգությունը ստիպում է առճակատման հանդարտեցման՝ պատի քանդման, հարաբերությունների նորոգման:

Անվիճելի է, որ պատը ճակատով կամ խոսքով չի քանդվում, հարկավոր է, որ նախագահը խոսքից գործի անցնի: Ոչ թե ուրիշներին պետք է արիություն ներշնչի քանդիչ գործողություններ կատարելու համար: Այլ ինքը խիզախորեն նաեւ «վայրէջք» կատարելու քայլ պետք է անի: Պատի բարձրացման շաղախը եղել է ընտրությունների գործընթացը: Խոհեմությունը եւ նրբավարությունը ստիպում է իմաստնության ծառան լինել՝ նոր արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել: Մաքուր, վստահելի նոր ընտրությունը կլինի այն կշիռը, որ կարծր պատը կոչնչանա: Այլապես՝ կանգուն պատի դեպքում կմնան իշխողներ եւ ոչ իշխանության տակ գտնվողներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել