Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ

Մայիս 24,2008 00:00

Կունկնդրենք «ԱԼԻԱՋ»-ին

\"\"Այսօր, առաջին անգամ Հայաստանում, Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում, «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական չորրորդ փառատոնի շրջանակներում, դասական արվեստի երկրպագուներին կներկայանա ճանաչված «ԱԼԻԱՋ» սաքսոֆոնահարների կվինտետը (Գերմանիա): Այլ կոմպոզիտորների գործերի կողքին երաժիշտները հանդես կգան նաեւ Ա. Խաչատրյանի «Սուսերով պարի» մեկնաբանմամբ: Դժվար է պատկերացնել, որ եղել են ժամանակներ, երբ պղնձի եւ ցինկի համաձուլվածքից պատրաստված բուրժուական գործիք համարվող սաքսոֆոնը խորհրդային ժողովուրդների համար պարզապես արգելված էր: Միայն 1934թ. ռուս անվանի կոմպոզիտոր Ա. Գլազունովը համարձակվեց ներկայացնելու իր սաքսոֆոնի եւ լարայինների համար գրած կոնցերտը: Ավելի ուշ ռուս կոմպոզիտորների օրինակին հետեւեցին նաեւ հայերը, օրինակ՝ Ա. Խաչատրյանի բալետներում սիմֆոնիկ նվագախմբի տրադիցիոն գործիքների շարքում հնչում է նաեւ խարակտերային տեմբր ունեցող սաքսոֆոնը: Հիշատակման է արժանի հատկապես Էդ. Հովհաննիսյանի կոնցերտը՝ սաքսոֆոնի եւ լարայինների կազմի համար:

Անդրադառնալով «ԱԼԻԱՋ»-ին, նշենք, որ վերջինիս հիմնադիրն է Գերմանիայում դասական սաքսոֆոնի միակ պրոֆեսորը՝ Դանիել Գոթիեն: Կվինտետի կազմում է նաեւ հայազգի երաժիշտ Կորյուն Ասատրյանը (նկարում՝ ձախից առաջինը): Նա «Առավոտին» ասաց, որ Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան դպրոցն ավարտելուց հետո (դասատու՝ պրոֆեսոր Ալեքսանդր Մանուկյան) հրավեր է ստացել եւ առանց վարանելու մեկնել Գերմանիա: Կ. Ասատրյանից հետաքրքրվեցինք, թե ուսումը ավարտելուց հետո կվերադառնա՞ Հայաստան: Երաժիշտը, որ դեռեւս հայրենիքում շուրջ 20 միջազգային մրցույթների դափնեկիր էր, ասաց. «Հավանաբար կվերադառնամ, ինչպես, օրինակ, այսօր…»: Մեր հաջորդ հետաքրքրությանը, թե ինչո՞ւ, ի վերջո, սաքսոֆոնը լրիվ չի ինտեգրվում սիմֆոնիկ նվագախմբի ընտանիք, «ԱԼԻԱՋ»-ի երաժիշտների՝ Լ. Կուպետչի, Ս. Հանրաթի, Ս. Պոտմեյերի պատասխանները նույնն էին. «Բոլոր ժամանակներում, այսօր էլ աշխարհում քիչ է անդրադարձը ժամանակակից համարվող կոմպոզիտորների երկերին: Հավանաբար, սա է պատճառը, որ նրանք քիչ են ստեղծագործում սաքսոֆոնի համար»:

Ի. Գրինգոլցը Երեւանում է

\"\"Կամերային երաժշտության տանը, ՀՊՖՆ տնօրինության հրավերով, այսօր առաջին անգամ հանդես կգա երիտասարդ ռուս ճանաչված ջութակահար Իլյա Գրինգոլցը եւ հայ արվեստասերներին հայտնի՝ դանիաբնակ դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը: Ի. Գրինգոլցը վերջերս ընդգրկվել է BBC-ի կազմած 12 լավագույն երաժիշտների ցուցակում: «Առավոտի» հետ զրույցում ջութակահարը հայտնեց, որ իր կնոջ՝ Երեւանի կոնսերվատորիայի շրջանավարտ, նույնպես ջութակահար Անի Կուրտիկյանի հետ ծանոթացել է երկու տարի առաջ՝ Ֆրանսիայում կայացած փառատոնին եւ այժմ նորածին դստեր հետ բնակվում են Շվեյցարիայում եւ չի բացառվում, որ մի օր էլ ամուսինները դուետով հանդես գան Հայաստանում. «Հասկանալի է, որ պետք է լավ իմանամ եւ հայերիդ, եւ ձեր բազմադարյա մշակույթը: Հիանալի երաժիշտ ընկերներ ունեմ Եվրոպայում, մասնավորապես՝ կուզեի շեշտել թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի անունը, որի հետ արդեն տարիներ շարունակ համագործակցում ենք կիպրոսյան միջազգային ամենամյա փառատոնի առիթով»: Ի. Գրինգոլցին փոխանցեցինք հայաստանցի երաժիշտների դիտարկումը, այն է՝ կային ժամանակներ, երբ ջութակահարը նախընտրում էր հյուրախաղերով հանդես գալ միայն ամերիկաներում, իսկ վերջին տարիներին նախընտրում է եվրոպաները: Այս առիթով երաժիշտն ասաց. «Պատճառը մեկն է. ամերիկացիները տարված են միայն դասական կոմպոզիտորներով, իսկ եվրոպացիները լսում են ամեն ինչ»:

Հերթական գարնանայինը

Վաղը Կամերային երաժշտության տանը հանդես կգա դաշնակահար, Երեւանի պետկոնսերվատորիայի դոցենտ Տիգրան Ալավերդյանը: Երիտասարդ դաշնակահարը, որի բեմական կարիերան սկսվել է 1994թ., որպես կանոն, տարվա երկու եղանակներին՝ գարնանը եւ աշնանը հանդես է գալիս մենահամերգներով, որոնց մուտքն ազատ է: Մտերիմները նրան կեսլուրջ-կեսկատակ անվանում են Հայաստանի միակ բավարարված երաժիշտ:

Այս առիթով Տիգրանն «Առավոտին» ասաց հետեւյալը. «Ցանկացած արվեստագետի ստեղծագործական ճանապարհին լինում են խոչընդոտներ, ասեկոսեներ… Ես դրանց վրա ժամանակ չեմ վատնում, շարունակում եմ աշխատել ու աշխատել: Դեռ մանկուց տպավորվել է Անդերսենի երկու գորտերի մասին հեքիաթը. հայտնվելով փակ տարայում, նրանցից մեկը համակերպվում է, որ պետք է, ի վերջո, խեղդվի, իսկ մյուսը իր աշխատասիրության շնորհիվ մի կերպ դուրս է պրծնում…»:

Տ. Ալավերդյանը ունի 5 CD, շուտով կթողարկի իր կատարումների DVD-ն, որի տեսագրություններն արված են տարբեր տարիների՝ Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում ունեցած իր մենահամերգներից:

DVD-ներ՝ թատերականին

Երեկ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) խնդրանքով եւ նախարարության միջնորդությամբ Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսաստանյան ընկերությունը (նախագահ՝ Վիկտոր Կրիվոպուսկով) որպես նվիրատվություն 15 հեղինակների 24 ներկայացումների DVD տարբերակներ է հանձնել ԵԹԿՊԻ-ի տեսադարանին: Նպատակը բուհի ուսումնական ծրագիրը առավել հագեցած եւ համակողմանի դարձնելն է, ռուսական թատրոնների անվանի բեմադրիչների լավագույն ներկայացումներին ծանոթանալը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել