Լրահոս
Օրվա լրահոսը

Թույլատրեք, որ հարեւան պետությունում միտինգ անեն

Հունիս 17,2008 00:00

Համազեկուցողները գոհ չեն 1609 բանաձեւի պահանջների կատարման ընթացքից

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն արդեն Հայաստանում են եւ իրենց պահում են իսկական դիվանագիտական սառնասրտությամբ, հարցեր են տալիս իշխանություններին եւ ընդդիմությանը ու պատասխանները լսելիս անգամ աչք չեն թարթում, չեն մատնում իրենց, թե ի՞նչ են մտածում 1609 բանաձեւի պահանջների կատարման մասին: Համազեկուցողները երեկ hանդիպել են ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի (երեկոյան պատվիրակության կազմի հետ ճաշել են «Մարիոթ» հյուրանոցում), Տիգրան Թորոսյանի, «Ժառանգություն» խմբակցության, Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի, գլխավոր դատախազի, նաեւ՝ Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Դիտորդական առաքելությանը հետաքրքրող հիմնական հարցը եղել է այն, թե ինչու չի կայացվել քաղաքական որոշում եւ չեն ազատվել քաղաքական հայացքների համար կալանավորված անձինք, թե ինչու են իշխանությունները ԵԽԽՎ 1609 բանաձեւի ընդունումից հետո եւս 18 անգամ արգելել հանրահավաքների անցկացումը: Ի դեպ, հանդիպումների ընթացքում զգացվել է, որ համազեկուցողները բավականին կոշտ են տրամադրված, իսկ հունիսի 20-ի հանրահավաքի մերժումը դիտել են բացարձակ անթույլատրելի, անգամ «կատակել» են, ասելով՝ եթե շարունակ մերժում եք, գուցե արտոնեք, որ հանրահավաքներն անցկացվեն հարեւան որեւէ պետությունում: Առանձնապես հիացած չեն եղել մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմամբ:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը մեզ տեղեկացրեց, որ հանդիպմանը մասնակցել են խմբակցության բոլոր պատգամավորները, բացի Րաֆֆի Հովհաննիսյանից. «Նրանց հետաքրքրում էին խիստ կոնկրետ հարցեր, մասնավորապես՝ 1609 բանաձեւի կատարման ընթացքը, մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրության հարցերով ստեղծված հանձնաժողովի ճակատագիրը, իսկ ամենից շատ՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու խնդիրը: Հարցնում էին, թե 1609 բանաձեւի յուրաքանչյուր կետի ուղղությամբ «Ժառանգությունն» ինչ քայլեր է կատարել: Մենք ասացինք, որ մեր խմբակցության ղեկավարն արդեն գնահատական է տվել, ասելով, որ կատարված կեսքայլերը չեն կարող համարվել բանաձեւի պահանջների կատարում»:

Ըստ Ս. Սաֆարյանի՝ համազեկուցողների տրամադրվածությունը «չերեւացող» էր:

Եվրախորհրդի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են նաեւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, հետընտրական զարգացումների ընթացքում կալանավորվածների դատապաշտպանների, ինչպես նաեւ նախագահին կից՝ բանաձեւի կատարման աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30