Լրահոս
Օրվա լրահոսը

NO PASARAN!

Հունիս 18,2008 00:00

Ուզում եմ ձեր թերթի միջոցով արտահայտել զարմանքս ու տագնապը, որով դիտեցի վերջերս «Կենտրոն» հեռուստաալիքով «Ուրվագիծ» հաղորդաշարի այն թողարկումը, ուր Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահ ներկայացող ոմն Վ. Բաբայան հանդես եկավ մի շարք հայտարարություններով, որոնք քաղաքակիրթ աշխարհում վաղուց որակվում են որպես սովորական ֆաշիզմ: Մի կողմ թողնելով մարտի 1-ի ողբերգության մասին երիտասարդ գործչի հասուն ցինիզմով լցված դատողությունները, չեմ կարող հետեւել հաղորդավար Պետրոս Ղազարյանի օրինակին եւ անտեսել Բաբայանի վեհատես պերճախոսության գոհարները՝ «հրեական խաղերի», «թուրք-ամերիկյան դավանանքի» եւ նման այլ էժանագին գլուխգործոցների շարքից, որ մեզանում միշտ հանդես են գալիս այն պահերին, երբ պետք է քողարկել սեփական սխալներն ու ապիկարությունը: Եթե Բաբայանն այնքան է արհամարհում հայ ժողովրդին, որ հարյուր հազարների հասնող բողոքարարների համարում է օտարերկրյա գործակալներ կամ նրանց խամաճիկներ, դժվար է նրանից ակնկալել հարգանք այլ ազգերի նկատմամբ: Սակայն որքան նողկալի է հնչում նման քարանձավային ու գավառական շովինիզմը եղեռն ապրած ու աշխարհի ցանկացած անկյունում ապաստան գտած հայ ազգի ներկայացուցչի շուրթերից:

Արդյո՞ք չմոռացավ Բաբայանը նշել իր «դիմակազերծումների» ցուցակում ազգությամբ հրեա ԱՄՆ դեսպան Մորգենթաուին, որի հովանավորությամբ հազարավոր հայ մանուկներ ցեղասպանությունից փրկվեցին ամերիկյան որբանոցներում: Կամ՝ նույնպես հրեա Արմին Վեգներին, որի լուսանկարները դարձան Հայոց եղեռնի գրեթե միակ տեսանելի ապացույցը:

Պատերազմի տարիներին աշխատելով Արցախում որպես «Ա1»-ի եւ «Վեստիի» հեռուստալրագրող, ես չեմ տեսել ազատամարտիկների շրջանում այնպիսի ազգայնամոլություն ու ատելություն հակառակորդի հանդեպ, որն այսօր հանդես են բերում անգամ սեփական համաքաղաքացիների վերաբերյալ՝ վառոդի հոտին անծանոթ որոշ «երիտհայեր»: Սրանք նույնքան հեռու ու օտար են մեր երիտասարդությանը, որքան այս նույն կուշտ ու ցինիկ կեցվածքով 1980-ականների «կոմսոմոլի» ջահել առաջնորդ-դուրսպրծուկները՝ արցախյան ազատամարտիկներ տված մեր սերնդին: Այսօր իշխանության հասնելու համար «երիտհայերի» այս տեսակը կոմսոմոլից արագ վերածվեց «Հիտլերյուգենդի», հագնելով մոլի ազգայնականների դիմակները: Նրանցից ոչ մեկը չի հիշել ազգային արժանապատվության մասին՝ մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու համար: Մինչդեռ Հրանտ Դինքի հուղարկավորության բազմահազարանոց ցույցի եկած թուրքերը, որոնք Ստամբուլում կրում էին «Ես հայ եմ» կարգախոսը, իրական ազգամիջյան համերաշխության ու ժողովրդավարության դաս էին տվել, որին, իհարկե, անհաղորդ մնացին մեր «երիտհայերը»:

Ոչ ոք իրավունք ու մենաշնորհ չունի խոսելու հայ երիտասարդության անունից: Այսօր, Չե Գեւառայի ծննդյան տարեդարձին ուզում եմ կոչով դիմել մեր երիտասարդներին՝ ֆաշիզմը չի անցնի Հայաստանում: Ինչպես ասում էին Իսպանիան ֆաշիստներից պաշտպանող ինտերբրիգադների կամավորները՝ No Pasaran!

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել