Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԺՈՒՄ ԵՆ «ՉԿՈՏՐՎԵԼՈՒ» ՀԱՄԱՐ

Հունիս 25,2008 00:00

\"\"Հուսիկ Բաղդասարյանը Այնթապի ընտրատեղամասերում «պահել» էր Լեւոն Տեր-Պետրոսյանին տրված ձայները

Հայաստանյան ընդդիմությունը պնդում է, որ մարտի 1-ի դեպքերը՝ որպես նախագահական ընտրությունների կեղծված արդյունքների դեմ հասարակության ընդվզումը զսպող գործողություն, ՀՀ իշխանությունների կողմից ծրագրավորված է եղել դեռեւս փետրվարի 23-ից: Դա այն օրն էր, երբ երկրի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց ուժային կառույցների ղեկավարների եւ բարձրաստիճան սպաների հետ եւ հանձնարարականներ տվեց: Դրա հաջորդ օրը եւեթ՝ փետրվարի 24-ին, ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ-ի քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ, գնդապետ Մ. Մարուքյանը՝ «քննարկելով ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանման եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունից ստացված նյութերը», պարզել էր, որ «ՀՀ նախագահական ընտրությունների գործընթացում Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը, Պետրոս Մակեյանը, մյուսներն ու ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, տեղեկանալով, որ, ըստ նախնական տվյալների՝ պարտվել են ընտրություններում եւ ստացել ընտրողների ձայների ընդամենը 21,5%-ը, երկրում օրինական իշխանությունների նկատմամբ անվստահության մթնոլորտ ստեղծելու, հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների բնականոն աշխատանքները կազմալուծելու միջոցով, ինչպես նաեւ զինված խմբավորումներ կազմավորելու եւ դրանք հետագա գործընթացներում օգտագործելու կոչերով, ՀՀ պետական իշխանությունը յուրացնելու, ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ են կատարել»: Ելնելով վերոգրյալից՝ Մարուքյանը որոշել էր «Լ. Տեր-Պետրոսյանի եւ մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու փաստի առթիվ հարուցել թիվ 58200608 քրեական գործը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն ընդունել վարույթ եւ կատարել նախաքննություն»: ՀՀ ՔՕ 300 հոդվածի հատկանիշներ պարունակող սույն քրգործի հարուցումից անմիջապես հետո Լ. Տեր-Պետրոսյանի մի քանի տասնյակ կողմնակիցների բնակարաններում, հենց նույն գիշերվանից սկսած, խուզարկություններ կատարվեցին:

Նրանց թվում էր նաեւ Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձանցից մեկը՝ Մասիսի գումարտակի հրամանատար, ՀՀ նախկին վարչապետ Արամ Զ. Սարգսյանի թիկնազորի ղեկավար Հուսիկ Բաղդասարյանը, որն, ի դեպ, ընտրությունների ժամանակ կարողացել էր «պահել» Լ. Տեր-Պետրոսյանին տրված ձայները, եւ իր համակարգման ներքո գտնվող Այնթապի բոլոր երեք ընտրական տեղամասերում Լ. Տեր-Պետրոսյանը հաղթել էր: Հիշատակված քրգործի հարուցման հենց հաջորդ օրը խուզարկություն էր կատարվել նաեւ Հուսիկի տանը, առգրավվել էր նրան ոստիկանության կողմից անժամկետ թույլտվությամբ ամրագրված, ընդ որում՝ նվեր տրված, «Մակարով» տեսակի մարտական ատրճանակն իր փամփշտակալով, նաեւ «Տիգր» տեսակի որսորդական հրացանն իր 16 փամփուշտներով, նշանակվել էր փորձաքննություն: Պարզվել էր, որ Հ. Բաղդասարյանին պատկանող եւ օրինական գրանցված «Տիգր» տեսակի հրացանից՝ 7.62 մմ տրամաչափի, կրակվում են այդ տրամաչափի փամփուշտներ՝ անկախ նրանից, թե դրանք որսորդակա՞ն են, թե՞ մարտական: «Օրինակ՝ այդ նույն «Տիգրից» կամ «Սայգա» տեսակի որսորդական նոր հրացաններից սկզբունքորեն կարող է կրակվել նաեւ կարաբինի, ԱԿՄ-ի փամփուշտ եւ այլն: Իրավապահները նույն պահին էլ հայտարարել էին, որ Հ. Բաղդասարյանի տանը հայտնաբերված հրացանի 16 փամփուշտները «ապօրինի ձեռք բերված զինամթերք» են»,- պարզաբանեց Հ. Բաղդասարյանի պաշտպան Հովիկ Արսենյանը: «Որեւէ օրինակելի փաստաթուղթ՝ այդպիսի փամփուշտ ձեռք բերելու թույլտվության համար, գոյություն չունի: Դրա համար համապատասխան փաստաթուղթ չի նախատեսվում, իսկ եթե չի նախատեսվում, հետեւաբար Հ. Բաղդասարյանի արարքում հանցակազմ պարզապես գոյություն չունի: Եթե անգամ հանցակազմ էլ լիներ, այն ձեւական էր դառնալու, որովհետեւ այդ փամփուշտը փաստացի կրակվում է իմ պաշտպանյալին պատկանող զենքից, ինչը այլեւս հանցագործության բնույթն ու առանձնահատկությունները էականորեն փոխող հանգամանք է: Եթե առգրավված փամփուշտները իմ պաշտպանյալին պատկանող որսորդական հրացանին չհամապատասխանեին, այլ խնդիր կլիներ»,- պարզաբանեց Հ. Արսենյանը:

Հ. Բաղդասարյանին կալանավորելուց շուրջ 10 օր առաջ ոստիկանությունը «պրոֆիլակտիկայի» համար արդեն մեկ անգամ եղել էր Հ. Բաղդասարյանի տանը եւ ստուգել էր նրան պատկանող եւ տանը պահվող զենքն ու զինամթերքը՝ այդ նույն փամփուշտները, բայց ապօրինի ոչինչ չէր հայտնաբերել: Պաշտպանի մատուցմամբ, Հ. Բաղդասարյանի տան խուզարկությամբ «ապօրինի» զենք-զինամթերքի «հայտնաբերումն» ու նրա կալանքը հստակ քաղաքական ենթատեքստ ունեն, եւ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ սկսվել են հետընտրական գործընթացները, երբ իրավապահները պարզել են, որ Լ. Տեր-Պետրոսյանի համախոհները, վստահված անձինք, իրենց վստահված ընտրատարածքներում, ընտրական տեղամասերում ընտրությունների ժամանակ մեծ նվիրում են հանդես բերել, չեն կոտրվել:

Հ. Արսենյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ վերաքննիչի որոշումը բողոքարկելու համար, թեեւ մեծ հույսեր հայաստանյան արդարադատության հետ չի կապում. «Դատական իշխանությունը պետության նյարդն է, եւ եթե այն չկա, իշխանությունը դառնում է անմեղսունակ: Խոսում են հանդուրժողականությունից: Ի՞նչ հանդուրժողականության մասին է խոսքը, երբ այսպես դաժանորեն են վերաբերվում այն հերոսներին, ովքեր հրաշքով կենդանի են մնացել, եւ ովքեր կենդանի օրինակ են մեր սերունդների համար: Վստահ եմ, որ իշխանությունների խնդիրը մեկն է՝ հպատակեցնել այն քաղաքացիներին, որոնք համախոհ չեն իշխանության հետ: Նրանց ոչ թե քաղաքացիներ, այլ հպատակներ են պետք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել