Լրահոս
Օրվա լրահոսը

«Անավարտ վեպի» պրեմիերան

Հուլիս 01,2008 00:00

Լիբանանահայ հեղինակ Արա Արծրունու գործը խորհելու տեղիք է տալիս

Հունիսի 30-ին Տիկնիկային թատրոնի բեմում տեղի ունեցավ լիբանանահայ դրամատուրգ, արձակագիր Արա Արծրունու «Անավարտ վեպ» պիեսի պրեմիերան՝ Արմեն Մեհրաբյանի բեմադրությամբ: Բեմադրիչի եւ դրամատուրգի ստեղծագործական «հանդիպումը» տեղի էր ունեցել դեռ 2-3 տարի առաջ, երբ Ա. Մեհրաբյանը, առանց ճանաչելու դրամատուրգին, բեմադրել էր նրա «Մժեղ» պիեսը: «Առավոտը» ստեղծագործական խմբի հետ զրուցեց, երբ Ա. Արծրունին առաջին անգամ էր հանդիպում դերասական կազմին (Յանա Գաբրիելյան՝ Զազա, Լիզա Ենգիբարյան՝ կնոջ կերպար, Մինաս Սինանյան՝ Միքայել, Գրիգոր Գաբրիելյան՝ Ալպեր, Գուրգեն Անտոնյան՝ վիպագիր Ժորժ): Երբ հարցրինք, թե մշակույթի նախարարությունն աջակցե՞լ է բեմադրությանը՝ ստեղծագործական խումբը ծիծաղով պատասխանեց, թե աջակցել են այնքանով, որ չեն մերժել բեմադրությունը: Իսկ Ա. Արծրունուն խնդրեցինք ներկայացնել պիեսը: Դրամատուրգը չուզեց փակագծեր բացել, որ «հանդիսատեսի հաճույքն ու պրպտումի ցանկությունը չկորցնի». «Փաստական գործ մը չէ, այլ անհեթեթի թատրոն: Մարդը դեմք ունի, բայց կգործածե բազում դիմակներ: Ըստ իրենց կարողության եւ պայմաններու՝ կան մարդիկ, որոնք քիչ կգործածեն դրանք, բայց նաեւ կան նրանք, որ կրնան շատ դիմակներ գործածել: Եվ հարց կստեղծվի դիմացինի՝ այդ դիմակները ճանչնալու առումով: Չեմ ուզեր հանդիսատեսին ուղղություն տալ: Այդ դեպքում դասական յուղանկար մը կլլա, մեկը կնայի եւ նույն վայրկյանին կրնա եզրակացնել»: Ա. Արծրունին նշեց, որ «Անավարտ վեպը» գրել է 2004-ին, իսկ 2005-ին այն ստացել է գրական մրցանակ: «Թեմաներս ընդհանուր հայտարարի տակ կմտնեն, որ կյանքի մեջ կան զոհեր եւ դահիճներ: Պիտի փափագիմ, որ հանդիսատեսը կամ ընթերցողը դիտած, նյութի մեջ խորացած ատենը փնտրե, թե ինքը ուր զոհ է, ուր՝ դահիճ: Որեւէ շրջանակի մեջ մարդիկ երկուքն ալ են, սակայն ոմանց քովը զոհի համեմատությունը ավելի մեծ է, քան դահիճինը, եւ հակառակը»,- ասաց Ա. Արծրունին: Իսկ Ա. Մեհրաբյանից հետաքրքրվեցինք, թե «Անավարտ վեպն» ինչո՞վ էր գրավիչ: «Ինձ՝ որպես բեմադրիչի, չի հետաքրքրում բեմում ավարտել ներկայացումը: Շատ վատ են այն բեմադրությունները, որոնք անմիջապես ավարտվում են դահլիճում: Երբ հանդիսատեսը ոչ մի հարց տուն չի տանում՝ դա վերածվում է հնդկական ֆիլմի: Փորձել ենք անել բաներ, որոնք պիտի մնան մարդու մտապատկերում: Գուցե բովանդակային շատ բաներ մարդ չհիշի, բայց բովանդակությունից ծնված մի պատկեր հնարավոր է հիշի ամբողջ կյանքում»,- նկատեց բեմադրիչը եւ հավելեց. «Չի կարող որեւէ բան կատարյալ լինել, ուզածդ առարկայի, մտքի, երեւույթի կատարելությունը դրա մահն է»:

Ներկայացման դերասանական կազմում ընդգրկված են տարբեր թատրոնների դերասաններ: Նրանց փոխանցմամբ՝ այս դեպքում չկան այս կամ այն թատրոնի «ճնշող» հանգամանքները: Ալպերի դերակատար Գ. Գաբրիելյանն ասաց. «Մենք դեղատոմս չենք տալիս: Այստեղ կարեւորը մարդու հոգեվիճակն է: Եթե ձեզ տեսնեք այստեղ եւ կարողանաք մեզնից լավը լինել՝ եղեք: Իսկ Ալպերը ձեռնոց է նետել աշխարհին, ասելով՝ ես այսպիսին եմ, թե այնպիսին, պիտի հաշվի նստեք ինձ հետ»: Իսկ Զազայի դերակատար Յ. Գաբրիելյանը ներկայացրեց. «Զազան հասարակության արարքների ժառանգորդն է: Այս կերպարի միջոցով հանդիսատեսը տեսնում է, թե ինչ է անում կյանքը, հասարակությունը՝ նոր կյանք մտած մարդու հետ, ինչպես է փչացնում անհատին»:

Գ. Անտոնյանի մարմնավորած Ժորժը, արհեստական միջոցներ փնտրելով, միջավայր է ստեղծում վեպի թեմայի համար: Ի բնե մարդկանց տրված հնարավորություններից իր ստեղծած կերպարներին զրկելով՝ ինքն էլ կործանվում է: Միքայելի դերակատար Մ. Սինասյանը խոստովանեց, որ արդեն սիրահարված է այդ կերպարին, որն իրեն ստիպում է միշտ մտածել նրա մասին: «Առավոտը» հիշեց հին հունական այն իրողությունը, երբ պետությունն էր քաղաքացուն գումար տալիս, որ գնա թատրոն, քանի որ այն քաղաքացիական հասարակության ձեւավորման մի օջախ էր: Եվ հետաքրքրվեց՝ այսօր թատրոնը որքանո՞վ է ստանձնել այդ դերակատարությունը: «Հայաստան ավելի վառ մտավորականություն կա, ադոր համար չըսեմ լավ է, բայց նվազ գեշ է իրավիճակը: Լիբանանի մեջ, որ այլասերումը նաեւ մտածողության մեջ է, ենթահողը շատ գեշ է: Ուրախ եմ, որ Հայաստանի մեջ կներկայացվի պիեսը: Որեւէ ատեն չեմ հուսար, որ այլեւս Սփյուռքի մեջ այն բեմադրվի: Այսօր չես կրնա հավաքել 20-30 հոգի եւ Բեյրութին մեջ բեմադրել այսպիսի բան մը: Այլեւս նահանջ է: Սակայն հույս ունիմ, որ հոս ենթահողը ավելի լավ է, որ անհեթեթի այս ժանրը հառաջանա»,- լիբանանյան թատերական իրականությունը բնութագրեց Ա. Արծրունին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031