Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»

Հուլիս 02,2008 00:00

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց. «Ինձ համար ցավալի է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը նոր է հասկացել, թե պետք է ոստիկաններին եւ բանակին հարգել: Կարծում եմ, որ եթե նա նման մոտեցում ունենար մարտի 1-ից առաջ եւ հիշեր, որ Սերժ Սարգսյանը եղել է իր ընկերը, որին կարող էր դու-ով դիմել, եթե արձագանքեր փետրվարի 26-ին նախագահ Սերժ Սարգսյանի համագործակցության կոչին, մարտի 1-ը չէր լինի»: Առաջին նախագահի կոչը՝ մինչեւ հուլիսի 4-ն ազատ արձակել քաղբանտարկյալներին, ըստ ՀՀԿ մամուլի հարցերի պատասխանատուի՝ վերջնագիր է հիշեցնում. «Եթե-ներով խոսելն արդեն վերջնագիր է: Քանի չի ավարտվել քննությունը, քանի դեռ հասարակության բոլոր անդամներս չունենք ամբողջական տեղեկատվություն քրեական գործերի վերաբերյալ, չենք կարող պնդել՝ քաղաքական բանտարկյալներ կա՞ն, թե՞ չկան: Սերժ Սարգսյանը պարզ նշել է, որ նրանք, ովքեր կատարել են ծանր հանցագործություն, պետք է պատժվեն, իսկ ովքեր՝ ոչ, պետք է մեղմ վարվեն»: Խոսելով ԵԽԽՎ վերջին բանաձեւի մասին՝ նշեց, որ այն խնդիրները, որ ներառված են բանաձեւի մեջ, օրվա հրամայական են, սակայն դրանք առաջին հերթին ընդգրկված են եղել Սերժ Սարգսյանի ծրագրում եւ կոալիցիայի հայտարարության մեջ. «Մեր քաղաքական ուժը գտնում է՝ ժողովրդավարությունը Հայաստանում չպետք է այլընտրանք ունենա: Գնահատելի է, որ բանաձեւով ընդունվեցին այն դրական միտումները, որ տեղի են ունեցել Հայաստանում այս երկու ամիսների ընթացքում, հստակ նշված է, որ բարձր է գնահատվում Սերժ Սարգսյանի քաղաքական կամքի եւ մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծման փաստը, «Ժողովներ եւ հանրահավաքներ, ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելը եւ ափսոսանքով նշվում է, որ որոշ ընդդիմադիր ուժեր չհետեւեցին 1609 բանաձեւին, որտեղ նշվում է, թե անհրաժեշտ է, որ բոլոր քաղաքական ուժերը ընդունեն Սահմանադրական դատարանի որոշումը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել