Լրահոս
Օրվա լրահոսը

Կրեմլում տապալում են հայկական միջոցառումները

Օգոստոս 07,2008 00:00

\"\"Եվ ըստ ռեժիսոր Լեւոն Իվանյանի՝ զբաղվում բեմադրական «ռեկետով»

Արտերկրում կազմակերպվող ցանկացած հայկական միջոցառում պարտավորեցնող է. դրանով օտարները պատկերացում են կազմում մեր ազգային նկարագրի մասին: «Առավոտին» հասած հավաստի տեղեկությունների համաձայն, օրինակ, Կրեմլի պալատում անցկացված համերգային երեկոների հայաստանցի բեմադրիչները, պարզվում է, որեւէ կապ չունեն ներկայացվածի հետ, քանի որ գործում են «ստվերային» բեմադրիչներ եւս: Եվ յուրաքանչյուր անգամ կրեմլյան հայկական երեկոների միջոցառումների հեռարձակումից հետո, մասնավորապես՝ արվեստագետների շրջանում, կարծիք է ձեւավորվում, որ դրանք կեղծ հայկական եւ կեղծ ազգային լուծումների վրա արված բեմադրություններ են: Տեղին է հիշել «Հայաստանի օրերը Ռուսաստանում» համերգային ծրագիրը, որի հեռարձակումից հետո, «Առավոտի» դժգոհությանն ի պատասխան, բեմադրիչ-ռեժիսոր Լաերտ Մովսիսյանն ասաց. «Դուք համոզվա՞ծ եք, որ դա իմ աշխատանքն էր,- առանց մանրամասնելու հավելելով,- եթե այնտեղ կան մարինաներ… մե՞նք ովքեր ենք…»:

Վերջերս էլ՝ մայիսին, «Հ1»-ով հեռարձակվեց «Կարոտ» փառատոնը: Վերջինիս կազմակերպիչն է Մոսկվայի Հայ մշակույթի զարգացման հիմնադրամը (ՄՀՄԶՀ, նախագահ՝ Մեծո Իգիթյան, փոխնախագահ՝ Սամվել Հարոյան), բեմադրիչը Լեւոն Իվանյանն է, որը հայտնի է Հայաստանում եւ արտերկրում որպես մեծամասշտաբ հանդիսությունների ռեժիսոր (Եկեղեցիների համաշխարհային «կլոր սեղանի» միջոցառումների, Քեոսայանի ջազ կվարտետի, Ա. Գեւորգյանի հեղինակային երեկոների եւ այլն):

Դառնալով «Կարոտ» փառատոնին, արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ Կրեմլում ներկայացված էր ինչպես հայ, այնպես էլ մեր արվեստին նվիրյալ արվեստագետների ընտրանի՝ Շարլ Ազնավուր, Արմեն Ջիգարխանյան, Պերճ Զեյթունցյան, Սոս Սարգսյան, Իոսիֆ Կոբզոն եւ այլք, որոնք արժանացան «Կարոտի» մրցանակին: Կրեմլի մեծ բեմում հանդիպեցինք Երվանդ Երզնկյանի ղեկավարած էստրադային սիմֆոնիկ նվագախմբին, ակադեմիական երգչախմբին, Ռուբեն Մաթեւոսյանին, Ռաիսա Մկրտչյանին, կարճ ասած՝ Հայաստանը այս անգամ ներկայացված էր իր բարձրակարգ արվեստագետներով, առանց «աստղիկների»: Սակայն այս հանդիսության բեմադրությունն էլ արդարացի դժգոհություն առաջացրեց հայաստանցի արվեստագետների շրջանում:

«Կրեմլի հանդիսության կազմակերպման հարցը երկու հարթություն ունի՝ ոչ մասնագիտական (առաջին հայացքից երեւացող) եւ նեղ մասնագիտական (առաջին հայացքից չերեւացող): Չեմ ուզում մտնել արդարացումների պարզունակ դաշտի մեջ, բայցեւայնպես չեմ էլ կարող չասել, թե ինչ պատահեց հանկարծ, որ ամիսներ տեւող նախապատրաստությունից հետո հսկայական մի ստեղծագործական բանակ հայտնվեց գրեթե անելանելի կացության առջեւ»,- «Առավոտին» ասաց Լ. Իվանյանը: Ըստ մեր զրուցակցի, ճիշտ չէ մտածել, թե կազմակերպիչներն ու ռեժիսորը պատրաստ չէին Կրեմլի բեմ մտնելուն. «Այդ անսպասելի հարթությունը այնքան նուրբ է մշակված եւ այնքան խիստ տոնով է ներկայացվում, որ ակամա ե՛ւ դու, ե՛ւ բոլորը մտածում են, որ Կրեմլ մուտք գործած ռեժիսորը շատ անպատրաստ է ներկայացել եւ նույնիսկ անհրաժեշտ է մի կերպ «փրկել» հանդիսությունը: Եվ հանկարծ Կրեմլում հայտնվում է «փրկիչը» (նկատի ունի տեղի ռեժիսորին-Ս. Դ.), որն էլ սկսում է իր «սեւ» գործը, իրեն թույլ տալով ղեկավարել, կրկնում եմ՝ ամիսներով նախապատրաստած ձեռնարկը: Իսկ արդյունքում՝ կարեւորագույն ակցիան իբր փրկելու անվան տակ ղեկավարում է նյութից բացարձակ անտեղյակ մարդ: Այդ «արջի ծառայությունը» Կրեմլի պալատում հիմնականում մատուցում է գլխավոր ռեժիսոր Մարինա Խուդինան: Այս մասին ես չէի բարձրաձայնի, եթե լինեի միակը, որին նա փորձել է տապալել»: Լ. Իվանյանին հիշեցրինք անցյալ տարի Կրեմլի պալատում նրա բեմադրած Հայաստանի պարի պետական անսամբլի եւ Արա Գեւորգյանի համատեղ փայլուն ելույթների մասին: Բեմադրիչն ասաց, որ 2007-ին իր բախտը բերել էր, որովհետեւ Կրեմլի ռեժիսոր տիկինը գտնվում էր հերթական արձակուրդում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել