Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԻՉԸ ՊԱՐՏՎԵՑ

Սեպտեմբեր 09,2008 00:00

Ֆուտբոլում պարտությունից ոչ ոք ապահովագրված չէ: Անգամ Հայաստան-Թուրքիա ազգային հավաքականների պարագայում:

Բայց պարտվել էլ կա՝ պարտվել էլ:

\"\"Զուտ մարզական առումով խաղի հաշվից առանձնապես նեղսրտել չարժե: Բոլորն էլ գիտեն, որ Թուրքիայի հավաքականն օբյեկտիվորեն ուժեղ է: Պարտությունը քաղաքականացնելն էլ ճիշտ չէ: Մնում է հոգեբանականը, ու բոլորս էլ ճնշված ենք:

Այլ հարց է, թե մենք հաղթել կամ գոնե չպարտվել կարո՞ղ էինք: Միանշանակ՝ այո: Վկա՝ Թուրքիայի հավաքականից ոչ պակաս ուժեղ Պորտուգալիան, Լեհաստանը…

\"\"Հայաստան-Թուրքիա խաղը հատկապես մեզ համար տարբերվում էր մյուսներից: Բացի այն, որ խաղալու էինք աշխարհի ուժեղագույն թիմերից մեկի հետ, անչափ մեծ դեր էր կատարելու նաեւ հայտնի հոգեբանական պատրաստվածությունը: Հանդիպմանն ամբողջ հանրապետությունն է հետեւել, ու յուրաքանչյուրն իր մեջ ունի իր գնահատականը: Դրա համար ընթացքը նկարագրելու հարկ չկա: Ավելի հետաքրքիր են գլխավոր մարզիչների մեկնաբանությունները:

Խաղից առաջ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը լրագրողներին պատմում էր, որ իր՝ գլխավոր մարզչի, դերը խաղի ճիշտ մարտավարություն մշակելն է, որ գոհ է հավաքի ժամանած ֆուտբոլիստների մարզավիճակից. որ բոլորն էլ վճռականորեն նախապատրաստվում են առաջիկա հանդիպմանը: Այն ժամանակ «Առավոտը» հետաքրքրվեց, թե գլխավոր մարզիչը կարեւորություն տալի՞ս է տղաներին հոգեբանորեն նախապատրաստելուն, որքանո՞վ է դա հաջողվում եւ պարոն Պոուլսենի համար միավո՞րն է կարեւոր, թե՞ անկաշկանդ խաղալն ու դիտարժան ֆուտբոլ ցուցադրելը: «Առաջին հերթին՝ միավորը,- պատասխանեց նա:- Բայց ուրախ կլինեմ, եթե բոլոր տղաները ցուցադրեն իրենց ողջ կարողությունը»: Իսկ թե տղաները ցուցադրեցի՞ն իրենց կարողությունները, կարծիքները տարբեր են: Մեր տեսակետով՝ ոչ լրիվ: Եթե խոսքը ֆիզիկականի, դաշտում անընդհատ շարժման մեջ լինելու մասին է, բոլորն էլ աշխատեցին: Սակայն կոլեկտիվ խաղն այն չէր: Կազմակերպված գրոհները քիչ էին ու մարում էին մրցակցի տուգանային հրապարակ չհասած: Սուր փոխանցումները չէին ստացվում: Ու արդյունքում մրցակցի դարպասին գրեթե հարվածներ չեղան: Մեր ֆուտբոլիստների կատարողական վարպետությունն, անկասկած, ներում է այս ամենին: Այ, հենց հոգեբանական պատրաստվածության պակասն էր մեր կարծիքով խանգարում մարզչի ասած ինքնադրսեւորվելուն: Այս միտքը խաղից հետո հաստատեց նաեւ ինքը՝ մարզիչը, նշելով, որ իր սաները չկարողացան իրենց լավագույն որակները դրսեւորել նաեւ ավելորդ նյարդայնության ու լարվածության պատճառով:

Եղան հարցեր, կապված մեկնարկային կազմի ընտրության հետ: «Եթե նախընտրել էիք պաշտպանողական ոճը, ի՞նչ իմաստ ուներ հենց սկզբից երեք հարձակվող հայտավորել» հարցին դանիացի մասնագետը պատասխանեց, որ իր համոզմամբ ճիշտ ընտրություն է կատարել: «Էդգար Մանուչարյանն այս խաղում մերոնցից ամենավատն էր: Նրան «Այաքսում» երկար ժամանակ թողնում են հանդես գալ միայն փոխարինող կազմում: Ի՞նչն էր պատճառը, որ Ռուսաստանի երիտասարդական առաջնության լավագույն ռմբարկու, Մոսկվայի «Լոկոմոտիվի» եւ մեր երիտասարդական հավաքականի հարձակվող Հովհաննես Գոհարյանին ընդհանրապես չէիք հրավիրել: Չէ՞ք կարծում, որ սխալվել էք»,- հետաքրքրվեց գործընկերներիցս մեկը: «Ոչ»,- եղավ պատասխանը: Մարզիչը համոզված էր, որ Գոհարյանն ի վիճակի չէր լինի թուրքերի պաշտպաններին լրացուցիչ խնդիրներ առաջադրել:

Պոուլսենը լրագրողների հետ հանդիպումներում անընդհատ հիշեցնում էր, որ Թուրքիան ՖԻՖԱ-ի սեպտեմբեր ամսվա դասակարգման ցուցակում 10-րդն է, հետեւաբար, պարտվելու դեպքում կարող ենք ասել, որ զիջել ենք աշխարհի լավագույն հավաքականներից մեկին: Սեպտեմբերի 10-ին արտագնա խաղում հանդիպելու ենք նույն ՖԻՖԱ-ի ցուցակը գլխավորող Իսպանիայի հետ: Եթե առաջնորդվենք Պոուլսենի ասածներով, ուրեմն, ասենք, 0:10 հաշիվն է՞լ նորմալ պետք է համարենք:

Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թերիմին առաջին հինգ հարցերը տալու իրավունք վերապահվեց թուրք լրագրողներին: Թերիմը շնորհակալություն հայտնելով սպասվածից ավելի ջերմ ընդունելության արժանանալու համար, չմոռացավ հատուկ շեշտել նաեւ, որ սրտնեղել է իր երկրի հիմնը հնչելու ժամանակ որոշ տրիբունաներում հնչած սուլոցներից: Հենց այդ ժամանակ հնչեց ներկաներից մեկի բջջային հեռախոսի զանգը: Մարզիչը նրան թուրքերեն սաստեց ու դիմեց մյուսներին հեռախոսներն անջատելու խնդրանքով: Սակայն հարցերի հերթը մեզ հասնելու պահին հնչեց երկրորդ զանգը, եւ Թերիմը, որ ասես հենց դրան էր սպասում, ընդհատեց ասուլիսն ու հեռացավ՝ ասելով. «Ես ձեզ նախապես զգուշացրել էի»:

Հավատարմագրերը բաժանելիս ֆեդերացիայում մեզ տեղեկացրին, որ արտասահմանից սպասվածից անհամեմատ մեծ թվով լրագրողներ են ժամանել: Դրա համար օթյակի սուղ պայմանների պատճառով հարկադրված են տեղացիներիս տեղ հատկացնել արեւմտյան տրիբունայի 2-րդ սեկցիայում: Բնականաբար, ըմբռնումով մոտեցանք: Բայց պարզվեց, որ մեզ տրամադրված հավատարմագրման վկայականի նույն տեղի վրա տոմսեր են վաճառվել: Կոնկրետ իմ եւ մի քանի գործընկերներիս տեղերը գնել էին Հոլանդիայից եկած հայեր: Մի կերպ հարմարվեցինք: Իսկ երբ խաղի ավարտին խնդրեցի իրենց տոմսերը տալ ինձ, մերժեցին՝ ասելով, որ դրանք պահելու են որպես հիշատակ: Այլապես, դրանց պատճենները պատրաստվում էինք տպագրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել