Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՍԿՈՒ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՂԵՏԱԲԵՐ ԿԼԻՆԻ»

Սեպտեմբեր 10,2008 00:00

\"\"Բնապահպանները մտավախություն ունեն, որ ոսկու նոր ֆաբրիկայի կառուցման հետեւանքով կվտանգվի խմելու ջրերի համակարգը:

«Արարատի ոսկու արտահանման ձեռնարկության» (ԱՈԱՁ) նոր սեփականատեր «GeoProMining» ընկերությունը ծրագրել է Գեղարքունիքի մարզում՝ Սոթքում, նոր հարստացուցիչ ֆաբրիկա կառուցել: Բնականաբար, նոր ֆաբրիկան ունենալու է նաեւ իր պոչամբարը, որը կառուցվելու է ֆաբրիկային կից: Ըստ «GeoProMining»-ի ծրագրի, ոսկու նոր ֆաբրիկան եւ պոչամբարը լինելու են Սեւանի ավազանում:

Այսինքն՝ ֆաբրիկայից արտանետվող ավելորդ նյութերը լցվելու են Սեւանա լիճը: Չնայած «GeoProMining»-ի այն հավաստիացումներին, որ պոչամբարը կառուցվելու է ժամանակակից տեխնոլոգիաներով եւ բնությանը հասցված վնասը չնչին է լինելու, բնապահպանները պնդում են, որ ծրագրի իրագործման դեպքում կվտանգվի Սեւանա լճի էկոհամակարգը: Ըստ մասնագետների, պոչամբարը, որտեղ հավաքվում են ֆաբրիկայից արտանետվող թունավոր նյութերը, երկրաշարժի կամ այլ բնական աղետի հետեւանքով, անգամ թեթեւ ճաքի դեպքում, կվտանգի ամբողջ հանրապետության ստորգետնյա ջրերի ավազանն ու բերքատու տարածքները: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի բնապահպանության հարցերով խորհրդատու Քնարիկ Օգանեսյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ «GeoProMining»-ի այս նախագիծը տարածաշրջանի համար կարող է աղետալի հետեւանքներ ունենալ. «Սեւանի մոտակայքում ֆաբրիկա կամ պոչամբար կառուցելը նշանակում է ամբողջ թունավոր նյութերի արտանետումը լիճ: Որքան էլ վստահեցնում են, որ աշխարհում կիրառվող լավագույն մեթոդներով են կառուցելու եւ այն անվտանգ է լինելու, ոչ ոք չի կարող 100% անվտանգության երաշխիք տալ: Սեւանը ամբողջ տարածաշրջանի խմելու ջրի աղբյուրն է, հենց վրացիների խմելու ջուրն էլ է Սեւանից»:

Նշենք, որ ըստ «GeoProMining»-ի ծրագրի, պոչամբարը պետք է կառուցվի Գագարինում, ինչն, ըստ մասնագետների, կվտանգի Հրազդան գետը:

«Եթե, Աստված չանի, երկրաշարժ կամ տեխնիկական ինչ-որ վթար լինի կամ, ասենք, ռումբ պայթի, ուրեմն ամբողջ պոչանքը՝ թունավոր նյութերով, որոնցից ամենավտանգավորը ցիանիդն է (մկնդեղ)՝ թափվելու է Հրազդան գետ, իսկ Հրազդանը հոսում է Հայաստանով մեկ: Այն նաեւ ոռոգման ջրի աղբյուր է: Ստացվում է՝ վտանգում ենք նաեւ ստորգետնյա ջրերի ողջ ավազանը»,- «Առավոտին» հավաստիացրեց Ք. Օգանեսյանը: Նշենք, որ ԱՈԱՁ-ի տնօրենի հավաստմամբ, ընկերությունը պոչամբարի կառուցման համար ներդնելու է $300 միլիոն:

Որպես այլընտրանքային անվտանգ տարբերակ, բնապահպանները «GeoProMining»-ին առաջարկել են հանքանյութը տեղափոխել Արարատի ֆաբրիկա: Սրան ի պատասխան՝ ընկերության տնօրեն Դմիտրի Կալանդաձեն հայտարարել է, որ Արարատի գործարանը սարսափելի վիճակում է, եւ այն վերանորոգելուց կամ անգամ նորը կառուցելուց հետո էլ հանքանյութն այնտեղ տեղափոխելն իրենց ֆինանսապես ձեռնտու չէ. «Շահույթ ստանալու համար մեզ անհրաժեշտ է տարեկան 2 միլիոն տոննա հանքանյութ եւ եթե անգամ երկաթուղու տարբերակը հաշվի առնենք, ապա այն հնարավորություն է տալիս տեղափոխել ընդամենը 300 տոննա: Հանքանյութը երկաթուղով տեղափոխելու համար պետք է դրա որոշ հատվածը վերանորոգել, որը կարժենա մոտ 140 միլիոն դոլար»: Բացի այդ, ընկերության տնօրենը բնապահպաններին հայտնել է, որ ինքը հանքավայրը գնել է ոչ թե բարեգործություն անելու եւ աշխատավարձեր վճարելու, այլ աշխատելու եւ շահույթ ստանալու համար: Նշենք նաեւ, որ «GeoProMining»-ի տնօրենը հավաստիացրել է, որ ֆաբրիկան ու պոչամբարը կկառուցվեն միայն այն դեպքում, երբ բնապահպանների հետ ընդհանուր համաձայնության կգան:

Բնապահպանները հույս ունեն, որ «Սեւանի մասին օրենքը», որը արգելում է լճի էկոհամակարգին վնասող որեւէ գործունեություն ծավալել, ֆաբրիկայի կառուցման համար արգելք կհանդիսանա: Չնայած դրան, բնապահպանները մտավախություն ունեն, որ Սեւանա լճից ջուր բաց թողնելու վերաբերյալ վերջերս Ազգային ժողովի կայացրած որոշման նման, ԱԺ-ն այս օրենքում էլ հօգուտ «GeoProMining»-ի փոփոխություններ կանի եւ օրենքը «կհարմարեցնի» սեփականատիրոջ շահերին:

Նշենք, որ «GeoProMining»-ը 2007 թվականին հնդկական «Vedanta Resources»-ից գնեց բաժնետոմսերի 82,4%-ը եւ պարտավորվեց նախկին սեփականատերերի պարտքերն էլ՝ մոտ 25 միլիոն դոլար, մարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել