Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՔԵԼ՝ ԱՂՈԹՔ ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՄԵՋ

Փետրվար 24,2009 00:00

Առաքելը ԼՂՀ Հադրութի շրջանի գյուղերից մեկն է, որ ղարաբաղյան շարժման սկզբնական շրջանում տասնչորս գյուղերի հետ միասին ենթարկվեց ավեր ու ավարի: Ազերին ավերակ դարձրեց գյուղը, վառեց ու թալանեց տները: Գյուղացիները փրկվեցին՝ ով ինչպես կարող էր:

\"\"
Ցավոք, Առաքելում այսպիսի տեսարանները շատ են:

Հետո պատերազմ եղավ, շատերը զոհվեցին ռազմի դաշտում, շատերը հեռացան, ու հետո շատերն էլ չցանկացան վերադառնալ իրենց մոխրացած գյուղը եւ տեղափոխվեցին ամերիկաներ, եվրոպաներ, ռուսաստաններ: Սակայն գյուղը այսօր ապրում է՝ հաղթահարելով բազում, հաճախ՝ անհաղթահարելի թվացող, դժվարություններ:

Մխում են ավերակները

Օրն այնքան արեւոտ էր ու բնությունն այնքան հիասքանչ, որ գյուղը միայն պայծառ գույների մեջ էր: Թվում էր՝ դրախտավայր է, մնում է՝ ապրես ու երջանիկ լինես:

Սակայն ավերակների պես, ավերակների մեջ դեռ մխում են վերքերը, որ տարիների հետ չեն մոռացվում, սպիանում են միայն ու չեն մոռացվում: Դեռ ավերակ են գյուղի շատ տներ: Մինչեւ 88-ի չարաբաստիկ մայիսը այստեղ այնպիսի աշխուժություն էր տիրում, որ նախանձել կարելի էր ջրի գնացող ջահել հարսներին, աղբյուրի կողքի լողավազանում շոգը ցրող տղաներին, թոնրակտրին իլիկ մանող պառավներին: Բնությո՞ւնը ոչինչ չէր խնայել նրանց համար, թե՞ նրանք գիտեին գոհ եւ ուրախ ապրելու զարմանահրաշ գաղտնիքը… Սակայն… Ու գյուղը վերածվեց ավերակների: Ազերին ոչինչ չխնայեց, անգամ հինավուրց եկեղեցին քանդեց, վերածեց փլատակների… Նայում ես ու սարսռում՝ մի՞թե սա մարդ է արել:…

Այսօրվա Առաքելը

Հակառակորդը սխալվեց: Գյուղը չմեռավ, գյուղը վեր հառնեց ավերակներից, վեր հառնեց, որովհետեւ վերադարձան գյուղացիները, նրանք, ովքեր չվերադառնալ չէին կարող, քանզի հոգով են կապված գյուղին: Վեր հառնեց, որովհետեւ մենք գիտենք քարից հաց քամել…

Այսօր առաքելցիներն ապրում են 140 հոգով, հող են մշակում, անասնապահությամբ են զբաղվում: Համայնքն ունի 250 հա վարելահող, որից սեփականաշնորհված է 84-ը, այս տարի այդ 84 հեկտարի վրա էլ աշնանացան է կատարվել: Ունեն 6 հա սեփականաշնորհված խաղողայգի եւ իրենց գործունյաները՝ Վալյան, Կայծերը, որոնց ուզում են նմանվել:

Առաքելի համայնքի մեջ է մտնում նաեւ Սարալանջ գյուղը, այստեղ նորակառույց տներում վերաբնակեցված է 9 ընտանիք: Ասում են՝ Սարալանջում ամռանը օձեր շատ են լինում՝ դա վատ է, բայց որ արդեն ապահովված են ջրով՝ դա լավ է:

– Ամեն ինչ նորմալ է: Ապրում ենք էլի, լուծելով մեր խնդիրները,- ասում է համայնքի ղեկավար Արմեն Սեյրանյանը:

– Մի՞թե, իրոք, խնդիրներ չունեք: Արդեն գյուղը ապահովվա՞ծ է ջրով:

– Դեռ լրիվությամբ՝ ոչ: Բայց շուտով, շատ շուտով կապահովվի: Մենք հիմա հենց այդ աշխատանքներն ենք կատարում, շուտով գյուղը կապահովվի ե՛ւ խմելու, ե՛ւ ոռոգման ջրով: Բայց ահա անմխիթար վիճակում է Հադրութ-Առաքել ճանապարհահատվածը: Չունենք երթուղային տաքսի: Հադրութ ենք հասնում՝ ով ինչպես կարող է:

– Իսկ երիտասարդ ընտանիքները ապահովվա՞ծ են տներով:

– Ոչ, դա եւս խնդիր է, որ լուծում է պահանջում:

Այբ-բեն-գիմ

Առաքելի դպրոցը ունի 30 աշակերտ: Դպրոցի տնօրենն ասում է, որ դպրոցը հագեցած է մասնագետներով, միայն օտար լեզվի մասնագետի կարիք ունեն: Ուսուցիչները երիտասարդ են, լեցուն ավյունով ու նոր գաղափարներով: Եվ թեկուզ անշուք է դպրոցի արտաքին տեսքը եւ կատարվում են ընթացիկ վերանորոգումներ, դպրոցը ներսից հաճելի տպավորություն է թողնում: Չկան դատարկ պատերով դասասենյակներ՝ ամենուր պաստառներ են, մեծերի լուսանկարներ: Ուսուցիչները անմար են պահում իրենց սիրելի մանկավարժ Երվանդ Աբրահամյանի հիշատակը: Նրա գրչին են պատկանում հայ եւ օտար հեղինակների նկարները, հայոց լեզվի դասասենյակի շատ գործեր, նա է սկսել դպրոցների համար նախադեպը չունեցող մի գործ՝ դպրոցական թանգարանի ստեղծումը:

Իրինան

\"\"Իրինան արդեն հինգ տարի Առաքելի դպրոցի ֆիզկուլտուրայի եւ զինվորական գործի ուսուցչուհին է: Զինվորական համազգեստը նրան շատ է սազում: Հինգ տարի անընդմեջ, տաքին թե ցրտին, ինչով որ հաջողվի, նա գալիս է Առաքել, որտեղ իրեն սպասում են իր աշակերտները:

– Իսկ ինչպե՞ս եք կարճում երեկոները: Ի՞նչ զբաղմունք կա երիտասարդների համար:

– Դե, կարելի է ասել՝ ոչ մի: Մենք իրար հետ ընկերություն ենք անում, իրար տներ հյուր ենք գնում,- ասում է Իրինան ու նրա հետ համաձայնում են երիտասարդները:- Մի խոսքով, ձգտում ենք ուրախ անցկացնել մեր ժամանակը:

Ասում են՝ ընկերությունը կրկնապատկում է ուրախությունը ու կիսով չափ պակասեցնում թախիծը:

Առաքելցիների բաժին հրաշքը

Այն Առաքել հասավ Իրինայի միջոցով: Իրինան էլ շատերի նման odnoklassniki.ru կայքի «բնակիչ» է եւ, բացի իր նկարներից, կայքում տեղադրել է նաեւ գյուղի երկու հինավուրց չինարիների լուսանկարը եւ նրան գրել է արմատներով առաքելցի Հմայակ Աբրահամյանը՝ Դերբենդ քաղաքից: Դրսում ապրող առաքելցին օգնություն է առաջարկել, իսկ Իրինան իր հերթին առաջարկել է օգնել գյուղի դպրոցին ու մանկապարտեզին: Հմայակ Աբրահամյանը գումար է ուղարկել, որով Իրինան դպրոցի համար տպիչ է գնել, մանկապարտեզի համար էլ՝ փոշեկուլ:

Այնքա՜ն լավն են երեխաները

«Ղողանջ» մանկապարտեզը Առաքելի ամենալուսավոր վայրն է: Հավանաբար՝ մանկության բույրից ու ժպիտներից է, որ այստեղ այդքան ջերմ էր:

Իբր քնած էին, բայց երբ ներս մտա՝ չարաճճիներն իսկույն «բացահայտվեցին»՝ կիսաբաց այքերով հետեւում էին հյուրերին:

Մանկապարտեզի վարիչ Նուշիկ Ղահրամանյանը այստեղ է մանկապարտեզի բացման առաջին օրվանից: Իսկ դա 1996 թվականին էր՝ Ֆրանս-Ղարաբաղ կազմակերպության հովանավորությամբ: Դրանից հետո միառժամանակ մանկապարտեզի հովանավորությունը իր վրա վերցրեց «Երկիր» հասարակական կազմակերպությունը: Հետո այնպես ստացվեց, որ մանկապարտեզը որոշ ժամանակ հովանավորներ չուներ եւ կանգնած էր փակվելու վտանգի առաջ: Շրջանի ղեկավարությունը եւս կողմ էր մանկապարտեզի փակմանը, սակայն վարիչը իր աշխատողների հետ առանց աշխատավարձ ստանալու աշխատեցին եւ պահեցին այն: Այսօր «Ղողանջն» իր հարկի տակ ընդունում է 25 երեխայի: Ասել է թե՝ քսանհինգ ուրախություն, ապագա:

Մանուկներն իրենց օրը սկսում են մարմնամարզությամբ, աղոթքով, ապա երգում են Ղարաբաղի հիմնը, խաղում ու հանգստանում են լուսավոր եւ հարմար սենյակներում, տառաճանաչ են դառնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել