Լրահոս
Օրվա լրահոսը

Արմենուհի Կյուրեղյան. «Հայաստանը իր հայրենիքը համարողը Հայաստան երկրի հետ նման կերպ ուղղակի չէր կարող վարվել»

Հոկտեմբեր 13,2026 23:03 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՅԴ անդամ, քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով երեկ ու այսօր Շինարարների փողոցում շենք-շինությունները քանդելուն ուղղված իշխանությունների գործողություններին՝ ասաց. «Օրվա իշխանությունը ամեն օր այնպիսի իրավիճակ է ստեղծում երկրում, որ չես կարող դրա մասին չխոսել։ Շինարարների փողոցում երեկ և այսօր կատարված գործողությունները ոչ այլ ինչ են, քան հարձակում մարդկանց սեփականության իրավունքի վրա։

Հասկացանք, եթե դա իրավական գործընթաց է, եթե ունեք իրավական հիմնավորում, որ խանութ է, գույք է՝ պետք է քանդվեն։ Բայց եթե ունեք էլ, դուք նախ պարտավոր եք հաշվարկել այդ մարդկանց գույքը, փոխհատուցել։ Մարդկանց սեփականությունը դուք ուղղակի ոչնչացնում եք առանց հաշվարկելու, գույքի դիմաց գումար փոխհատուցելու մասին պայմանագրեր ստորագրելու։ Սա ոչ այլ ինչ է, քան իրավական «բեսպրեդել»։

Եվ սա մեր այսօրվա «իրավական երկրի» իրական պատկերն է։ Եթե դու նիկոլական ես, ապա քո կրպակը շրջանցվում է, եթե Նիկոլին ձայն ես տվել, ապա չեն տեսնում, որ քո կրպակը ոչ իրավական հիմքերով է սարքվել։ Իսկ այն կինը, որի գույքը նույնպես քանդվում էր և որը ասում էր, թե ընտրություններում Նիկոլ Փաշինյանին է ձայն տվել, շատ-շատերը նրան կասեին. «Քեզ շատ տեղն է»։

Ամեն դեպքում, եթե մարդիկ ձայն են տվել Նիկոլին, պետք է հասկանան, որ վաղը-մյուս օրը իրենց դռանն էլ է չոքելու նման ոչ իրավական գործընթացը։ Ուրիշ գնահատական ես չունեմ տալու։ Ինքս նման նախադասություն երբեք չեմ ասում, բայց ուրիշների խոսքը փոխանցում եմ.

«Ձեզ տեղն է»։ Ամբողջ խնդիրն այն է, որ մարդիկ չհասկանալով իշխանության են բերել մեկին, որն ընդհանրապես չի հասկանում՝ ինչ է իրավունքը, ինչ է պետությունը, չի հասկանում՝ ինչ է հայրենիքը, ինչ է իրավական պետությունը։ Նա հասկանում ու տեսնում է միայն իր ցանկությունը, իր իշխանությունը։ Տեսնում է իր շահը և դրան համապատասխան պատրաստ է ամեն ինչի։ Մի անգամ ասել եմ ու չեմ վախենում ասել՝ նա չի հասկանում՝ ինչ է հայրենիքը։ Գուցե սխալվում եմ, բայց ես չգիտեմ, թե որն է Նիկոլի իսկական հայրենիքը։ Ես ողջամիտ կասկած ունեմ, որ նրա համար հայրենիքը Հայաստանի Հանրապետությունը չէ։ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանը իր հայրենիքը համարողը Հայաստան երկրի հետ նման կերպ ուղղակի չէր կարող վարվել»,- ասաց տիկին Կյուրեղյանը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել