Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՈՐԾԱՐԱՆԸ ԿԱՆԳՆԵԼ Է ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻ ԱՌՋԵՎ»

Մարտ 03,2009 00:00 Share

Կապանցիների հավաստմամբ՝ հանքարդյունաբերական գործարանը փակվել է՝ ղեկավարների սխալ աշխատանքի պատճառով:

Կապանում գործող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» լեռնահարստացման կոմբինատի հազարավոր աշխատակիցներ խուճապի մեջ են: Ընկերությանը պատկանող հանքը նախորդ տարեվերջից չի շահագործվում, իսկ հարստացուցիչ կոմբինատն աշխատում է մասնակի: Այս ամենի հետեւանքով կոմբինատի հարյուրավոր աշխատակիցներ ներկայումս գործազուրկ են:

Օնիկ Սարգսյանը 2008-ից հարկադիր պարապուրդի մեջ է եւ ստանում է իր աշխատավարձի 2/3-րդը՝ մոտ 100 հազար դրամ: Մեզ հետ զրույցում նա պատմեց. «Ստացածս գումարը տուն չեմ տանում: Աչքիս վիրահատության համար 300 հազար վարկային գիծ եմ բացել ու ընդամենը մեկ տարվանն եմ փակել: Երբ փորձեցի քարտով աշխատավարձս ստանալ, պարզվեց, որ բանկը լրիվ պահել է, քանի որ իմացել է՝ պարապուրդի մեջ եմ: Ու արդեն ինչքան ժամանակ է՝ ես տուն չեմ կարողանում փող տանել, 2 հաշմանդամ երեխա ունեմ, կնոջս աշխատածն էլ մի բան չի, չենք կարողանում անգամ յոլա գնալ»: 27-ամյա Էդգար Թամրազյանն էլ աշխատել է կոմբինատի հետախուզական խմբում, սակայն նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել էր, եւ կոմբինատն այլեւս չի երկարացրել այն: «Առավոտի» հետ զրույցում Էդգարի հայրն ասաց. «Ես հույս չունեմ, որ տղաս աշխատանք կգտնի, վախենամ՝ թողնի-գնա արտասահման: Իմ 40 հազար թոշակով ընտանիքս ո՞նց պահեմ»:

Մեզ հետ զրույցում կոմբինատի աշխատակիցները վստահեցնում էին, որ ճգնաժամը ամենեւին կապ չունի կոմբինատի չաշխատելու հետ. «Էդ ճգնաժամը Քաջարանի կոմբինատի վրա չի՞ ազդում, մեր վրա՞ է մենակ ազդում: Իրանց անհաջողությունը իրանց աշխատանքի ոչ ճիշտ կազմակերպումից է: Դրա համար էլ կոմբինատը կանգնել է կոտրած տաշտակի առջեւ: Իրենց քմահաճույքի համար փակել են այն բաժինը, առանց որի հանքը իրավունք չունի աշխատել, դա օդափոխության եւ տեխնիկական բաժինն է, նաեւ ՕՏԵԿԱ-ն: Մեզ միշտ պատճառաբանում էին, որ շահույթ չեն ստանում, բայց կոմբինատը նորմալ աշխատել է, ուրեմն պիտի շահույթ էլ ունենար: Ինչո՞ւ ղեկավարների աշխատավարձերը չեն պակասեցնում, այլ սեւագործ բանվորինն են իջեցնում»:

«Դինո գոլդ մայնինգ քամփնիի» ֆինանսական մենեջեր Արա Մարկոսյանն էլ հաստատեց, որ ընկերությունը, իսկապես, 2007-ի ընթացքում մի շարք ավելորդ ծախսեր է արել եւ սխալ մենեջմենթով աշխատել: Որպես օրինակ Ա. Մարկոսյանը նշեց, որ արտերկրից հրավիրված մասնագետների համար բնակարաններ են վարձվել մոտ $2000-ով, ղեկավարները շատ բարձր աշխատավարձ են ստացել, սակայն լավ չեն կառավարել կամ արտադրության համար օգտագործվող որոշ նյութեր շատ թանկ են գնել, այնինչ՝ հնարավոր էր նաեւ էժան ձեռք բերել:

Կոմբինատի համայնքների եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ռուբինա Տեր-Մարտիրոսյանի խոսքերով էլ. «Կոմբինատի 1526 աշխատակիցներից մոտ 150-ի պայմանագրերը չեն երկարացվել, իսկ 40%-ն էլ հարկադիր պարապուրդում է: Ինչ վերաբերում է որոշ բաժինների փակմանը, ապա նշեմ, որ օդափոխության բաժինը ոչ թե փակվել է, այլ վերանորոգման փուլում է, կրճատվել է միայն կարի արտադրամասը, իսկ ՕՏԵԿԱ-ն տեղափոխվել է ֆաբրիկայի տարածք: Բացի այդ, 2006-ից սկսած, կոմբինատը շահույթ չի ունեցել, մենք նույնիսկ շահութահարկ չենք վճարել: Նոր տնօրենի գալուց հետո, 2008-ին սկսում էինք ինքնածախսման կետի հասնել, այն էլ ճգնաժամը սկսեց»:

Ինչ վերաբերում է կոմբինատի հետագա գործունեությանը, Ռ. Տեր-Մարտիրոսյանն ասաց, որ տնօրենների խորհրդի քննարկումից հետո պարզ կլինեն հետագա ծրագրերը՝ կվերցնե՞ն վարկ, թե՞ ոչ: Իսկ առայժմ ընկերությունը վարկ ստանալու համար կառավարությանը չի դիմել. «Գուցե, որպես արտահանող, կառավարությունը մեզ ինչ-որ արտոնություն տա»,- առաջարկում է Ռ. Տեր-Մարտիրոսյանը:

Հ. Գ. Մեր այցը Կապան քաղաք կազմակերպել էր «Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել