Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 03,2009 00:00

Սկզբից ռմբակոծեցին, հիմա վերականգնում են

Երկուշաբթի օրը եգիպտական Շարմ-էլ-Շեյխ քաղաքում բացվել է պաղեստինյան Գազա հատվածին ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցին նվիրված միջազգային համաժողովը: Նախօրեին Եգիպտոս է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Ըստ «Ռոսիյսկայա գազետա» թերթի, ենթադրվում է, որ Քլինթոնն իր հետ բերել է $900 միլիոն արժողության չեկ՝ Գազայի վերականգնման համար: Իր այցի ընթացքում Քլինթոնը մի շարք երկկողմանի բանակցություններ է անցկացնելու, իսկ այնուհետեւ այցելելու է Իսրայել՝ Պաղեստինյան ինքնավարություն, ապա՝ Բելգիա, Շեյցարիա եւ Թուրքիա: Թերթը հիշեցնում է, որ Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածի դեմ պատճառ են դարձել ոչ միայն ավերածությունների, այլեւ 1300 պաղեստինցիների մահվան, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ էին: Արաբական պետությունների լիգայի հաշվարկներով, Իսրայելի հարձակման հետեւանքները վերականգնելու համար անհարժեշտ է մոտ $3 միլիարդ: Չնայած միջազգային հանրության բոլոր ջանքերին, Գազայի հատվածի վերականգնման աշխատանքները ձգձգվում են այդ անկլավի Իսրայելի կողմից շրջափակման, ինչպես նաեւ ներպաղեստինյան հակասությունների պատճառով: Շրջափակումը կարող է վերացվել, եթե կողմերի միջեւ զինադադարի մասին պայմանագիր կնքվի, սակայն այդ ուղղությամբ Եգիպտոսի միջնորդ ջանքերն առայժմ ապարդյուն են անցնում:

Սպանվել է Գվինեա-Բիսաուի նախագահը

Երեկ առավոտյան ապստամբ զինվորների կողմից սպանվել է Գվինեա-Բիսաուի նախագահ Ժոաո Բառնարդո Վիեյրան: Վերջինիս թիկնապահների տվյալներով, նրա դիակը գտնվում է նախագահական առանձնատանը: Ականատեսները պնդում են, որ երկրի մայրաքաղաքում երեկ ամբողջ օրը կրակոցների ձայներ էին լսվում: Կիրակի օրը մի հզոր պայթյուն ավերել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի շենքը:

Պայթյունի հետեւանքով մահացու վերքեր է ստացել շտաբի պետ, գեներալ Բատիստա Տագմե Նա Վայը: Զինվորական հրամանատարության ներկայացուցիչները Նա Վայի մահվան պատասխանատվությունը դրեցին երկրի նախագահի վրա: «Պրեզիդենտ Վիեյրան առավոտյան ցանկանում էր փախչել եւ նրա վրա հարձակվեցին Նա Վային հավատարիմ զինվորները եւ սպանեցին»,- հայտարարում են զինվորականները: Երեկ Գվինեա-Բիսաուի մայրաքաղաքում փակվել են 2 մասնավոր ռադիոկայաններ:

Ըստ զինվորականների, դա արվել է լրագրողների անվտանգությունն ապահովելու համար: BBC-ին հիշեցնում է, որ Գվինեա-Բիսաուն Արեւմտյան Աֆրիկայում գտնվող Պորտուգալիայի նախկին գաղութն է եւ աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը: Տարբեր երկրների ոստիկանների ներկայացուցիչները պնդում են, որ այդ երկիրը Լատինական Ամերիկայից դեպի Եվրոպա կոկաինի տեղափոխման գլխավոր տարանցիկ կենտրոնն է: Այստեղ բազմիցս տեղի են ունեցել զինվորական հեղաշրջումներ:

Իշխանության կուսակցությունը հաղթում է ամենուր

\"\"Վերջին տվյալների համաձայն, «Յեդինայա Ռոսիա» կուսակցությունը հաղթել է գրեթե բոլոր ռեգիոնալ ընտրություններում, որտեղ մարտի 1-ին անց են կացվել օրենսդիր ժողովի ընտրություններ: Ըստ «Կոմերսանտ» թերթի, ընտրողների ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Կաբարդինո-Բալկարիայում, իսկ ամենացածրը՝ Վլադիմիրի մարզում: Ըստ իշխող կուսակցության խորհրդի նախագահության քարտուղար Վյաչեսլավ Վոլոդինի՝ իրենց համար լավագույն ցուցանիշները Թաթարստանում էին, որտեղ «Յեդինայա Ռոսիային» կողմ է քվեարկել 79,51%-ը: Վոլոդինի տվյալներով, որոշ քաղաքներում անց է կացվելու 2-րդ փուլը, սակայն այստեղ նույնպես իր կուսակիցները առաջնային դիրքերում են: Հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել Սմոլենսկի մարզում, որտեղ «Յեդինայա Ռոսիայի» պաշտոնական թեկնածուն պարտություն է կրել, սակայն հաղթել է այդ կուսակցության մեկ այլ անդամ: Միեւնույն ժամանակ, ընդդիմության ներկայացուցիչները ահազանգում են խախտումների մասին: Օրինակ, մերձմոսկովյան Խիմկիում քաղաքապետի ընտրությունների ժամանակ դիտորդներին պարզապես հեռացնում էին ընտրական տեղամասերից, քանի որ վերջիններս փորձում էին բողոքներ գրել, սակայն ընտրական հանձնաժողովները գործը ներկայացրին այնպես, իբրեւ նրանք խանգարում էին ընտրական պրոցեսին: Բացի այդ, մարդկանց հոծ խմբեր բերվում էին մեքենաներով, իսկ հիմնարկներում ղեկավարները սպառնում էին աշխատանքից ազատելով, եթե իրենց աշխատակիցը չքվեարկի գործող քաղաքապետի օգտին: Համանման խախտումներ է գրանցել նաեւ Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել