Լրահոս
Օրվա լրահոսը

Համաձայնագիրը պատրաստ է

Ապրիլ 04,2009 00:00

\"\"Երեկ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, թե հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ համաձայնագրի տեքստը համաձայնեցված է ու մնում է միայն հարմար պահ գտնել այն ստորագրելու համար: Ըստ նրա՝ հայտնի են նաեւ ստորագրվելիք համաձայնագրի կետերը՝ սահմանի բացում, միջազգայնորեն ընդունված սահմանների ճանաչում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ համատեղ հանձնաժողովների ստեղծում, այդ թվում եւ՝ պատմաբանների հանձնաժողովի: Դ. Շահնազարյանի համոզմամբ, եթե այս վերջին կետը ներառվում է ընդհանուր համաձայնագրի մեջ, ապա փաստացի դառնում է դիվանագիտական հարաբերության հաստատման եւ սահմանի բացման նախապայման:

Կոնգրեսի ներկայացուցիչը նաեւ կարծիք է հայտնել, թե ԼՂՀ կարգավորման հարցը ընդամենը ձեւականորեն ներառված չի նախապայմանների մեջ, որովհետեւ Թուրքիան դրանով փորձում է ժամանակ ձգել մինչեւ ապրիլի 24-ը, որից հետո, երբ ԱՄՆ նախագահ Օբաման, ըստ ամենայնի, չի արտասանի ցեղասպանություն բառը, Թուրքիան բավական կաշխուժանա Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Դ. Շահնազարյանը այս համատեքստում նկատել է նաեւ, որ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը դառնալու լուրջ հավակնություն ունի: Ավելին, ամերիկյան որոշ փորձագետներ ԱՄՆ նախագահին խորհուրդ են տալիս այդ հարցով բանակցել Ֆրանսիայի հետ, թեեւ ՀԱԿ ներկայացուցչի դիտարկմամբ, Միացյալ Նահանգներում ավելի շահագրգռված են սահմանի բացմամբ, քան ԼՂՀ խնդրի լուծմամբ: Դ. Շահնազարյանը երեկ անդրադարձել է նաեւ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին՝ ասելով, թե այդ ընտրությունները ՀԱԿ-ի համար կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ձեւ են, եւ որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պայքարում է ոչ թե կոնկրետ անձի, ասենք՝ Սերժ Սարգսյանի կամ առավել եւս՝ Գագիկ Բեգլարյանի, այլ մեր թշնամու՝ բռնության, կեղծիքի ու այլանդակության դեմ: Նա պնդել է, որ ընդդիմության տեսանկյունից հեղափոխությունը լավ է գիտության, մշակույթի ոլորտներում, բայց ոչ երբեք քաղաքականության, իսկ որ Համաժողովրդական շարժումը կստիպի իշխանություններին գնալ արտահերթ նախագահական, խորհրդարանական ընտրությունների, բայց ոչ հեղափոխության՝ Դ. Շահնազարյանը չի կասկածում:

Տուրք չտալով սոցիոլոգիական հարցումներին՝ ՀԱԿ անդամը հայտարարել է, թե իրենց ցուցակը առաջիկա ընտրություններում կարող է հավաքել 75-80 տոկոս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել