Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ…

Ապրիլ 11,2009 00:00

Ինչպես են գիտության դոկտոր դառնում եւ դարձնում՝ Հայկական մանկավարժական համալսարանում

1995թ. Մանկավարժական համալսարանի ընդհանուր մանկավարժության ամբիոնի վարիչ Միքայել Մանուկյանը հաջողությամբ պաշտպանեց «Անձի ձեւավորման հիմնախնդիրը աշակերտական ինքնավարության համակարգում» վերնագրով դոկտորական ատենախոսությունը: Թե՛ համալսարանին առընթեր գործող գիտական աստիճաններ շնորհող ԲՈՀ-ի 020 մասնագիտական խորհրդի անդամները, փորձագետներն ու ընդդիմախոսները, թե՛ ԲՈՀ-ի աշխատակիցները չուզեցին նկատել հետեւյալ ժամանակավրեպ դրույթը. «Աշակերտական ինքնավարության գործունեության մեջ վերջին տարիներին տեղ գտած տեսական թերություններից են զուգահեռականությունը եւ կրկնօրինակումը կոմերիտական, պիոներական եւ աշակերտական այլ կազմակերպությունների եւ ակտիվի գործունեության միջեւ» (էջ 32): Մի՞թե այս դոկտորականին կանաչ ճանապարհ տվողները չգիտեին, որ 1995թ. դպրոցում վաղուց արդեն չկան պիոներական ու կոմերիտական կազմակերպությունները: Չէին ցանկացել նկատել, քանզի այդ դեպքում աշխատանքը կհամարվեր ոչ արդիական ու կվերադարձվեր:

Կարող են ասել, որ սա արդեն անցած- գնացած պատմություն է, եթե չլիներ այսպես դոկտոր դարձած Մնացական Մանուկյանի բուռն ձգտումը՝ իր դստերը եւս դարձնել գիտության դոկտոր, որից հետո՝ արդեն ամբիոնի վարիչ:

Եվ ահա, նրա դուստր Արմինե Մանուկյանը, 2007 թվականին պաշտպանության է ներկայացնում «Պրոբլեմային իրավիճակներում մանկավարժական խնդիրների լուծման տեխնոլոգիական համակարգերը» ատենախոսությունը: Նրա դոկտորական կոչվող ատենախոսության ներածության մեջ եղածն ամբողջությամբ արտագրված է 2001թ. Ռուզան Մուրադյանի «Ուսումնադաստիարակչական գործընթացի կառավարումը դպրոցի զարգացման պայմաններում» թեկնածուական ատենախոսության ներածությունից: Անհասկանալի է, թե ինչպես կարող է դոկտորի գիտական աստիճան հայցողն իրեն թույլ տալ արտագրել բոլորովին այլ թեմայով գրված թեկնածուական ատենախոսությունից:

Ա. Մանուկյանի ատենախոսության 1-ին գլուխը (էջ 15-30) ամբողջությամբ պատճենահանված է Ա. Բալյանի «Մանկավարժական վարպետության հիմունքները» (1988) գրքի 6-34-րդ էջերից, իսկ չորրորդ գլխի 156-165 էջերը՝ Մ. Մանուկյանի «Ուսուցչի անձնային եւ մասնագիտական որակների դրսեւորումը աշակերտական ինքնավարության պայմաններում» գրքից (1989թ. էջ 16-31, 51-56):

Ատենախոսության 217-220-րդ էջերում ներկայացված է Ա. Բալյանի «Խնդիր-առաջադրանքներ մանկավարժությունից» 1989թ. լույս տեսած աշխատության 3-6-րդ էջերի նյութն ամբողջությամբ՝ առանց տառ իսկ փոխելու, իսկ «Ուսուցչի աշխատանքի գիտական կազմակերպումը» ձեւակերպված ենթավերնագրի 225-226 էջերն արտագրված են Մ. Մանուկյանի հիշատակված աշխատության 58-59 էջերից:

Արտառոց է հատկապես հետեւյալը. որպես հետազոտության գիտական նորույթ է ներկայացված «Մանկավարժական աշխատանքի նորովի գիտական կազմակերպումը», որը բառացիորեն արտագրված է Մ. Մանուկյանի, այսինքն՝ իր հայրիկի՝ «Ուսուցչի անձնային եւ մասնագիտական որակների դրսեւորումը աշակերտական ինքնավարության պայմաններում» աշխատության 58-59-րդ էջերից: Բայց սա ինչ նորույթ է, երբ դեռեւս 1989թ. ներկայացրել է ուրիշ հեղինակ:

Երեւի հարկ է ներկայացնել նաեւ մեկ այլ փաստ: Վոլգոգրադ քաղաքում 2005 թ. հոկտեմբերի 6-7-ին կայացած կոնֆերանսի տպագրված նյութերի ցանկում կա նաեւ Ա. Մանուկյանի «Ուսուցչի գիտական աշխատանքի կազմակերպումը» հոդվածը (էջ 705-707), որը ամբողջությամբ դարձյալ արտագրված է Մ. Մանուկյանի «Ուսուցչի անձնային եւ մասնագիտական որակների դրսեւորումը աշակերտական ինքնավարության պայմաններում» (1989թ.) աշխատության 58-59-րդ էջերից: Այս նույն հոդվածը նույն ձեւով վերարտադրված է նույն քաղաքում 2006թ. ապրիլի 18-20-ը կայացած կոնֆերանսի տպագրված նյութերի ցանկում (էջ 83-84), նույն վերնագրով եւ նույն բովանդակությամբ՝ առանց տառ անգամ փոխելու:

1981թ. Երեւանում ռուսերեն լույս է տեսել Ա. Վարդանյանի եւ Ի. Լոգինովի «Մոդելավորումը որպես ուսուցման եւ մանկավարժական հետազոտության միջոց» գիրքը: Այս գրքի 13-րդ էջում ներկայացված են «մոդել» հասկացության սահմանումները՝ վերցված տարբեր աղբյուրներից: Եվ ահա «Մանկավարժական միտք» ամսագրի 2004 թվականի 1-2 համարի 9-րդ էջում լույս է տեսնում Մ. Մանուկյանի եւ Ա. Մանուկյանի «Ուսուցչի գործունեության մանկավարժական մոդելավորման էությունն ու առանձնահատկությունները» հոդվածը, որտեղ բառացիորեն վերարտադրված են այդ սահմանումները՝ որպես հայր եւ դուստր Մանուկյանների ստեղծածը:

Երբ Մանկավարժական համալսարանի մանկավարժության ամբիոնի հետ կապ չունեցող մասնագետները բացահայտեցին գրագողությունը, մերժվեց Ա. Մանուկյանի՝ իր դոկտորականը պաշտպանության ներկայացնելու հայցը: Սակայն, ինչպես հայտնի դարձավ, դրսից մեծ ճնշում է գործադրվում ռեկտորի վրա: Առայժմ նա դիմակայում է: Հիմա Ա. Մանուկյանը փորձում է ներկայացնել նորացված ատենախոսություն, այս անգամ արդեն՝ արտագրված այլ աղբյուրներից, որոնք մեզ հայտնի են, ուստի սպասում ենք գործերի ընթացքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել