Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆԵ՞Լ, ԹԵ՞ ՀԵՏԱՊՆԴՎԵԼ

Մայիս 02,2009 00:00

Փաստաբանները դիմելու են Սահմանադրական դատարան

\"\"
Փաստաբանների պալատի նախագահ Ռ. Սահակյանը մտահոգված է:

Փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի, Արթուր Գրիգորյանի, Արա Զաքարյանի եւ Դիանա Գրիգորյանի նկատմամբ հարուցվել էին քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով. փաստաբաններն իրենց առարկությունները նախագահող դատավորների ոչ օրինական գործողությունների դեմ արտահայտել են՝ լքելով դատական նիստերի դահլիճը:

Ինչպես «Առավոտում» տեղեկացրել էինք, այդ կապակցությամբ ՀՀ փաստաբանների պալատի ակումբում կազմավորվել էր աշխատանքային խումբ՝ Արա Զոհրաբյան, Կարեն Մեժլումյան եւ Հայկ Ալումյան:

Աշխատանքային խումբը, քննարկելով իրենց գործընկերների գործողությունները, մի քանի օր առաջ հանգեց այն եզրակացության, որ «Դահլիճը լքելու համար փաստաբանների նկատմամբ չէր կարող քրեական գործ հարուցվել, այդ հարցը կարող էր քննարկվել ՀՀ փաստաբանների պալատի կողմից՝ կարգապահական վարույթի շրջանակներում»:

Ըստ փաստաբանների աշխատանքային խմբի, փաստաբանների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելն ուղղված է փաստաբանական ինստիտուտի դեմ: Մասնագիտական գործունեություն ծավալելիս, ըստ փաստաբաններից շատերի, իրենք հայտնվում են մի իրավիճակում, երբ պետք է որոշեն՝ առարկել դատարանի գործողությունների դեմ՝ հիմք ընդունելով իրենց պաշտպանյալների շահե՞րը, թե՞ քրեական պատասխանատվության ենթարկվելու երկյուղի տակ պահպանել լռություն՝ ի վնաս իրենց պաշտպանյալի: Նշված փաստաբանները աշխատանքային խմբի եզրակացությամբ հայտնել են իրենց կարծիքը, եւ «հայտնած կարծիքի կամ այլ դիրքորոշման համար քրեական հետապնդում հարուցելը, իր բուն էությամբ, անխուսափելիորեն առաջացնելու է, այսպես կոչված, «սառեցնող» ազդեցություն, ընդ որում, ոչ միայն տվյալ պաշտպանի, այլեւ ընդհանրապես փաստաբանական մասնագիտության նկատմամբ»՝ ասվում է աշխատանքային խմբի եզրակացության մեջ:

Աշխատանքային խումբը վերոհիշյալ խնդիրը քննարկելուց հետո հանդես է եկել հետեւյալ առաջարկություններով:

1.Հրավիրել մամուլի ասուլիս:

2.Դիմել ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին եւ միջազգային կազմակերպություններին:

3. Մեծ խմբով փաստաբանների ներգրավել որպես Մուշեղ Շուշանյանի, Արա Զաքարյանի, Արթուր Գրիգորյանի եւ Դիանա Գրիգորյանի պաշտպաններ՝ իրականացնելով ակտիվ պաշտպանական գործողություններ:

4. Ծայրահեղ դեպքում մեծ փաստաբանների խմբով ցույց տալ իրավիճակի անհեթեթությունը՝ նմանատիպ գործողություններ կատարելով:

5. Դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարցով:

Աշխատանքային խմբի կոչում կա նաեւ այսպիսի կետ. «Առաջարկում ենք՝ այն փաստաբանները, ովքեր անհատույց կհամաձայնեն ստանձնելու Մուշեղ Շուշանյանի, Արա Զաքարյանի, Արթուր Գրիգորյանի եւ Դիանա Գրիգորյանի պաշտպանությունը, մինչեւ 2009թ. մայիսի 12-ը իրենց համաձայնությունը եւ տվյալներն ուղարկել ՀՀ փաստաբանների պալատ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել