Լրահոս
Օրվա լրահոսը

Շատանում ենք

Մայիս 22,2009 00:00

«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ ամերիկացի եւս 4 կոնգրեսականներ միացել են ու իրենց աջակցությունն են հայտնել Օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչող բանաձեւի նախագծին: Այդպիսով, ինչպես ասված է Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրությունում, Ներկայացուցիչների պալատում բանաձեւի աջակիցների թիվը հասավ 125-ի: Հայկական լոբբիստական կազմակերպությունները, հիասթափված Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի որոշումից, որը ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում ձեռնապահ մնաց 1915 թվականի իրադարձությունները որակել որպես ցեղասպանություն, ավելացնում են իրենց ջանքերը, որպեսզի Կոնգրեսը ճանաչի հայերի ցեղասպանությունը:

«Հայոց ցեղասպանության վերահաստատումները դուրս չեն մնալու 111-րդ Կոնգրեսում»,- հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Նա ասել է, որ Համագումարը շարունակելու է Կոնգրեսի անդամներին ներկայացնել, թե որքան կարեւոր է այդ բանաձեւը: «Դա արվելու է ամբողջ երկրով մեկ, տեղերում իրենց ներկայացուցիչների հետ՝ համայնքների անմիջական, ուղղակի շփումների միջոցով»,- նշել է Արդունին:

Բանաձեւի նախագիծը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ է դրվել մարտին: «Հայոց ցեղասպանության առնչությամբ Միացյալ Նահանգների փաստերի վերահաստատում» վերնագրված նախագիծը ԱՄՆ-ի նախագահին կոչ է անում ապահովել, որպեսզի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը արտացոլի Հայոց ցեղասպանության պատշաճ ըմբռնումը եւ «ճշգրտորեն բնութագրի մեկեւկես միլիոն հայերի ծրագրված ու կանխամտածված բնաջնջումը որպես ցեղասպանություն»:

Ապրիլի 24-ի ուղերձում Բարաք Օբաման չօգտագործեց «ցեղասպանություն» բառը, հայերեն ասելով՝ «Մեծ Եղեռն»: Նրա հայտարարությունից դժգոհ մնացին թե՛ հայկական կազմակերպությունները, թե՛ Թուրքիան:

Նախօրեին՝ ապրիլի 22-ի ուշ երեկոյան, Հայաստանն ու Թուրքիան հայտարարել էին երկկողմ հարաբերությունները կարգավորելու շուրջ համաձայնության գալու մասին:

Մարտին, երբ Կոնգրեսում ներկայացվեց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նոր նախագիծը, դրան սատարում էր 77 կոնգրեսական: Դեռեւս պարզ չէ՝ արդյո՞ք Կոնգրեսում կքննարկվի ու քվեարկության կդրվի այս բանաձեւը:

Նույնպիսի բովանդակությամբ բանաձեւի նախագիծը, որը հայամետ կոնգրեսականները ներկայացրել էին 2007 թվականին, արժանացավ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հավանությանը, սակայն չդրվեց Պալատի լիագումար նիստի քվեարկությանը՝ պաշտոնական Անկարայի եւ Բուշի վարչակազմի խիստ հակազդեցության պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031