Լրահոս
Օրվա լրահոսը

Բնականոն եւ արդարացված

Հուլիս 02,2009 00:00

Պետություն-թատրոն կապի այս դրսեւորումն են ցանկանում ՀՀ վաստակավոր արտիստները:

\"\"\"\"

Թատերական աշխարհում ժառանգական կապը հաճախ կարեւոր դեր ու նշանակություն է ունեցել: Թատրոններում կարծես ավանդույթ է նաեւ դերասանական եւ ռեժիսորական ընտանիքների գոյությունը:

Նելլի Խերանյան եւ Տիգրան Ներսիսյան զույգը մեկն է, որի կենսագրության մեջ ընդհանուր շատ բան կա. միասին՝ Թատերական ինստիտուտ, ապա՝ Արտիստական եւ Համազգային թատրոններ, հետո էլ, շուրջ 15 տարի՝ Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոն, ուր ՀՀ վաստակավոր արտիստ ամուսինները դարձել են այդ օջախի առաջատար դերասաններ, շատ հաճախ էլ իրենցով պայմանավորել թատրոնի հաջողությունները: Նրանք ամուսիններ կամ սիրահարներ են նաեւ բեմում, օրինակ՝ Շանթի «Հին աստվածներ», Չեխովի «Բալի այգին», Պ. Զեյթունցյանի «Արշակ թագավոր», Ա. Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի», Ա. Քամյուի «Կալիգուլա» ներկայացումներում: Ըստ էության, կյանքում եւ բեմում միասին են կիսում ուրախություններն ու դժվարությունները: Հատկապես վերջինից այսօր անմասն չեն թատերաշխարհի մարդիկ: Հավանաբար ցածր աշխատավարձերը, սոցիալական ծանր բեռը բաժին են ընկել նաեւ ամուսիններին, սակայն, ինչպես ցույց է տալիս ժամանակը, նրանք երբեւէ չեն մասնակցել էժանագին շոուների, «արտաթատրոնական» միջոցառումների: Եվ անգամ նրանց համատեղ մասնակցությունը «Հանուն սիրո» հեռուստասերիալում ոչ այնքան նյութական, որքան ստեղծագործական բացատրություն ունի, քանի որ ամուսինների խաղը տարբերվում է բազմաթիվ սերիալներում իրար նմանվող կատարումներից:

Արդյոք տեւական համատեղ գործունեությունը երկուսի ստեղծագործության մեջ էլ չի՞ ձեւավորում միօրինակություն կամ գուցե հակառա՞կը՝ առավել ամրապնդում է համախոհությունը: Այս հարցով «Առավոտը» դիմեց Ն. Խերանյանին եւ Տ. Ներսիսյանին: «Միօրինակության մասին թող հանդիսատեսն ու թատերագետներն արտահայտվեն: Չնայած վերջիններս դերասանի արվեստին, կարելի է մտածել, անդրադառնում են միայն սեւացնելու նպատակով: Ինչ վերաբերում է համախոհությանը, թատերարվեստին նույն տեսանկյունից նայելն այնքան էլ կարեւոր չէ: Իսկ բեմում կարեւոր է, երբ գործընկերդ, իմ դեպքում՝ ամուսինս, լինի ազնիվ: Բեմում կարեւորում եմ ազնվորեն տրվելու եւ ստանալու ունակությունը»,- ասաց Ն. Խերանյանը: Ըստ Տ. Ներսիսյանի էլ, տարիների համատեղ կյանքը շատ ավելի հեշտացրել է միմյանց հասկանալը, համագործակցելը, մի խոսքով՝ ստեղծագործական ընթացքը:

Այսօր պետություն-թատրոն հարաբերությունները արդյո՞ք սերտ են ու արդարացված՝ հարցին տիկին Խերանյանը պատասխանեց. «Անցած 15 տարիների ընթացքում վերջին 3-ը ամենասերտն են: Եթե էքսկուրս կատարենք դեպի հայ թատրոնի տարեգրություն, կտեսնենք, որ եղել են ժամանակներ, երբ պետությունը նույնիսկ բռնություն է գործադրել թատրոնի նկատմամբ…»: Ընդհատելով կնոջը, Տ. Ներսիսյանը շարունակեց. «Դժվար տարիներին մենք պարզապես կորցրինք պետություն-թատրոն կապը: Մշակույթն էլ մղվեց եթե ոչ հետին պլան, ապա դիրքերը նկատելիորեն զիջեց: Համաձայն եմ Նելլիի հետ. վերջին երեք տարիներին ուզում ենք վերականգնել ամեն ինչ, այդ թվում՝ պետություն-թատրոն կապը, բայց դրա համար նախ եկեք ճշտենք, թե որն է այդ արժեհամակարգը, որպեսզի սերտացումը կայանա բնականոն եւ լինի արդարացված»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել