Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ-Ն ԱՌԱՐԿՈՒՄ Է

Սեպտեմբեր 01,2009 00:00

Իսկ Փաստահավաք խմբի անդամները՝ պնդում

\"\"Օգոստոսի 28-ին ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում հայտնվեցին միանգամից երկու մեծածավալ հաղորդագրություններ, որոնք վերաբերում էին մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով 2008թ. հոկտեմբերի 23-ին ձեւավորված եւ 2009թ. մայիսին լուծարված Փորձագետների փաստահավաք խմբում ընդդիմության ներկայացուցիչների՝ Սեդա Սաֆարյանի եւ Անդրանիկ Քոչարյանի ներկայացրած երկու զեկույցներին: Տարօրինակն այն է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, որի վարույթում է գտնվում «Մարտի 1»-ի գործը, որոշել է հետին թվով եւ նույն օրը հրապարակել իր առարկությունները այն զեկույցների առնչությամբ, որոնք հրապարակվել են առնվազն մեկ ամիս առաջ: Հիշեցնենք, որ դրանցից մեկը՝ «Հատուկ միջոցների կիրառման հետ կապված փաստերի ուսումնասիրության արդյունքները» վերտառությամբ, մամուլում հրապարակվել էր դեռ հուլիսի 19-ին եւ ավելի վաղ էլ փոխանցվել էր «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին, իսկ «ՀՀ ՈԶ թիվ 1033 զորամասի 2-րդ գումարտակի զինծառայող Տ. Աբգարյանի մահվան հանգամանքներին» վերաբերող զեկույցը հրապարակվել էր հուլիսի 29-ին եւ դարձյալ ավելի վաղ փոխանցվել Նիկոյանի գլխավորած հանձնաժողովին: Լուծարված Խմբի ընդդիմադիր անդամներից մեկը՝ Անդրանիկ Քոչարյանը, «Առավոտի» հարցին ի պատասխան, ՀՔԾ-ի կողմից երկու զեկույցներին միանգամից արձագանքելու փաստը որակեց որպես ջղաձգումների արդյունք: Թերեւս պատահական չէր, որ ՀՔԾ-ի պաշտոնական արձագանքը վաղուց հրապարակված այս զեկույցներին տեղի ունեցավ Խմբի ընդդիմադիր անդամների հրապարակած եւ մարտիմեկյան դեպքերին պետական պաշտոնյաների եւ օլիգարխների սափրագլուխների մասնակցությանն առնչվող 4-րդ զեկույցի ակտիվ քննարկման ֆոնին: Թե որքանով են սրանք փոխկապակցված՝ երեւի առաջիկայում պարզ կդառնա: Խմբի անդամների երկու զեկույցների վերաբերյալ առարկությունները, բացի մեծածավալ լինելուց, նաեւ խիստ մասնագիտական ձեւակերպումներ են պարունակում՝ չհաշված, իհարկե, զեկույցի հեղինակների հասցեին ուղղված անձնական բնույթի եւ ոչ կոռեկտ որակումներն ու ձեւակերպումները՝ «հոգեխանգարմունքի մեջ չընկնելու համար փաստաթղթի հեղինակներին», «սա բացահայտ ցինիզմ է եւ լկտի սուտ», «աբսուրդի հասնող աստիճանի անհեթեթ, անգրագետ եւ հիվանդագին» եզրահանգում եւ այլն: Հայտնի է, որ պաշտոնական փաստաթղթերում նման արտահայտություններ սովորաբար տեղ են գտնում միայն այն դեպքում, երբ հակափաստարկները պակասություն են անում: ՀՔԾ-ն, իհարկե, իր առարկություններում «ջրել» է զեկույցի հեղինակների դիտարկումներն ու եզրահանգումները ու մասնավորապես՝ Տ. Աբգարյանի մահվան հանգամանքներին վերաբերող զեկույցի վերաբերյալ իր առարկություններում շեշտել, որ զեկուցողները «փաստաթղթում ակնհայտ խեղաթյուրել են Տ. Աբգարյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով Փորձագետների փաստահավաք խմբին ՀՀ ՈԶ զինծառայողների կողմից տրված բացատրությունները», որոնք «ամբողջությամբ տեսաձայնագրված են», նաեւ հայտարարել է, թե՝ զինծառայողների հետ զրույցների ընթացքում «Սեդա Սաֆարյանը եւ Անդրանիկ Քոչարյանը, գոռգոռալով եւ վիրավորելով բացատրություններ տվող անձանց, ամեն կերպ ջանում են շփոթության մեջ գցել նրանց ու ստանալ իրենց համար ընդունելի պատասխաններ կամ արհեստականորեն ի հայտ բերել հակասություններ: Նման պայմաններում «կորզված» բացատրություններն ակնհայտ խեղաթյուրված վիճակում ներկայացված են հենց այդ երկու անդամների կազմած հիշյալ փաստաթղթում»:

Նկատենք, որ բացատրությունների «կորզման» մասին խոսում է մի մարմին, որն ինքն է «Մարտի 1»-ի նախաքննության ընթացքում բազմաթիվ դեպքերում ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների արդյունքում ցուցմունքներ կորզել ու մնացել է անպատիժ: Բայց ամենակարեւորն այն է, որ Խումբ հրավիրված զինծառայողների հարցազրույցները իսկապես ամբողջովին տեսագրված են: Թե իրականում որքանո՞վ են այդ բացատրությունները խեղաթյուրված ներկայացվել Խմբի անդամների զեկույցներում, եւ որքանո՞վ է ՀՔԾ-ի կողմից զեկույցի հեղինակներին առաջադրված «կեղծիքներ» անելու մեղադրանքը լուրջ՝ ավելի դյուրին կլինի ստուգել, եթե Նիկոյանի գլխավորած ժամանակավոր հանձնաժողովը բարի լիներ եւ լինի դրանք դարձնել հրապարակային քննարկման առարկա: Ասենք՝ հանձնաժողովի անդամներն ու լրագրողները, ինչպես հաճախ է լինում, հավաքվեն ու միասին դիտեն զինծառայողների՝ Խմբին տված բացատրությունների տեսագրությունները: Խմբի ընդդիմադիր անդամները, օրինակ՝ պնդում են, որ այնտեղ շատ հետաքրքիր մանրամասներ կան, խիստ հակասական բացատրություններ՝ նույնիսկ միեւնույն անձի կողմից, ինչպիսիք են ասենք՝ Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Գեղամ Պետրոսյանի երկու բացատրությունները, կամ նույն հատուկ միջոցներ կիրառած զինծառայողներինն ու նրանց հրամանատարներինը: Իսկ առայժմ զեկույցի հեղինակները ընդամենը քմծիծաղով են վերաբերում ՀՔԾ-ի առարկություններին: Միայն Խմբի նախկին անդամ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ա. Քոչարյանն ասաց, թե իրեն հասկանալի եւ ընդունելի չէ ՀՔԾ-ի արձագանքը: «Առավոտի» հետ զրույցում նա ասաց, թե ինքն ու Ս. Սաֆարյանը առաջնորդվել են ԵԽԽՎ 1677 բանաձեւի 8.1 կետով, ու իրենց հեղինակած զեկույցները փոխանցել են ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին եւ թագմանաբար ուղարկել են նաեւ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին, որի գրասենյակը դրանք ուսումնասիրում է: «Մեր ներկայացրած զեկույցները կառուցված են փաստերի վրա եւ լուրջ փաստաթղթեր են»,- պնդեց Կոնգրեսի ներկայացուցիչն ու ասաց, թե վատ չէր լինի, եթե ՀՔԾ-ն էլ իր առարկություններն ուղարկեր Համմարբերգին, որպեսզի «հանձնակատարի գրասենյակում հնարավորություն ունենային համեմատության մեջ պատկերացում կազմել ինչպես իրենց զեկույցների, այնպես էլ դրանց դեմ առարկող ՀՔԾ-ի իրավական որակի եւ ունակությունների մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել