Լրահոս
Օրվա լրահոսը

Խոստացված «անակնկալներ»

Սեպտեմբեր 01,2009 00:00

Կազմակերպիչների խոստումները չիրականացան

Օրերս Սեւանի ափին գտնվող «Մայամի» հանգստյան գոտում կայացավ «Ֆորշ ընդ ֆրենդս» ընկերության եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնած «Երաժիշտներ հանուն խաղաղության» երաժշտական առաջին ռոք փառատոնը, որին մասնակցում էին ռոք եւ բլյուզ ժանրի խմբեր Հայաստանից՝ Ֆորշ եւ «Ռե Մինոր», «Ռեինկարնացիա», «Դորիանս», «Բամբիռ», Վրաստանից՝ «Սթրինգ», «Բաքուր», «Սմայլ» եւ այլն: Համերգն անցավ ռոքային տրամադրության մեջ, ալկոհոլի ազդեցության տակ. բեմ դուրս եկող յուրաքանչյուր երաժիշտ, Ֆորշի գլխավորությամբ, հանդիսատեսի առջեւ ներկայացավ հարբած վիճակում: Ինչպես օգոստոսի 12-ին էկոնոմիկայի նախարարությունում կայացած ասուլիսի ժամանակ խոստացավ փառատոնի կազմակերպիչ եւ մասնակից Ֆորշը, հանդիսատեսին սպասվում էր անակնկալներով լի անմոռանալի երեկո:

Առաջին անակնկալը հանդիսատեսի համար առավոտյան ժամը 11-ից ճանապարհ ընկնելն էր: Նշենք, որ մասնակիցների տեղափոխումը Սեւան՝ իրականացվեց կազմակերպիչների կողմից, որը մտնում էր տոմսի արժեքի մեջ: Ի դեպ՝ տոմսն արժեր 5000 դրամ: Չնայած, ըստ հայտարարության, միջոցառումը սկսվելու էր ժամը 17-ին, կազմակերպիչները նպատակահարմար գտան հանդիսատեսին Սեւան տեղափոխել առավոտյան ժամը 11-ին: Եթե միջոցառումը սկսվելու էր այդքան ուշ, ապա ի՞նչ նպատակ ուներ հանդիսատեսին այդ ժամին Սեւան տեղափոխել… Հաջորդ անակնկալն էլ՝ «Մայամի» լողափի մուտքի մոտ միջոցառման եկածների պայուսակը ստուգելն էր: Նշենք նաեւ, որ փառատոնի տոմսերի ետեւամասում գրված էր՝ «սնունդ չբերել», ինչն էլ միջոցառմանը եկած որոշ մարդկանց թյուրիմացության մեջ էր գցել. մարդիկ կարդալով «սնունդ չբերել» արտահայտությունը, կարծել էին՝ տոմսի արժեքի մեջ մտնում է նաեւ իրենց տրվող սնունդը:

«Թվում էր՝ տոմսերի վրա սնունդ չբերելու նախազգուշացումը ենթադրում էր, որ այնտեղ սնունդ կտրամադրվի, չէ՞: Բայց՝ ոչ… Այնտեղ ոչ թե սնունդ տրամադրվեց, այլ վաճառվեց, այն էլ՝ իրենց հոր գներով»,- «Առավոտի» հետ զրույցում վրդովված պատմեց հանդիսական տիկին Հասմիկն ու շարունակեց. «Ես այստեղ եմ իմ փոքրիկ աղջկա հետ: Երկուսիս համար 10 000 դրամ եմ վճարել, սնունդ չեմ վերցրել, մտածելով, որ տոմսի գումարի մեջ է մտնում: Բայց պարզվում է՝ այդպես են գրել, որ մենք էդ թանկ ու կրակ ուտելիքը առնենք ու իրենց գրպանները լցնենք: Մի փոքրիկ բուտերբրոդն արժե 700 դրամ, դրանով անգամ շունը չէր կշտանա, ինչ եմ ասում՝ շունը նույնիսկ վրան չէր նայի»:

Հանդիսատեսին տեղափոխող ավտոբուսներից մեկի վարորդի՝ Գեւորգի խոսքով էլ. «Սա թալան է oրը ցերեկով: Մտածելով, որ հետաքրքիր ժամանակ կանցնի, տղայիս էլ եմ բերել, բայց ինչ կմտածեի՝ սնունդ ներս չեն թողնի, եւ տղաս այդքան երկար ժամանակ սոված կմնա: Ես դեռ ոչինչ, որ սոված մնամ, բայց նա ընդամենը 6 տարեկան է»:

23-ամյա ռոքի սիրահար Նաիրան էլ նշեց. «Ես գումար չեմ խնայում ռոքի համերգներին մասնակից լինելու համար: Այսօր հետաքրքիր օր էի սպասում, բայց հիասթափված եմ: Հավելյալ գումար հետս չէի վերցրել, ստիպված եմ ողջ օրը սոված անցկացնել: Սնունդ չվերցրեցի, քանի որ զգուշացված էր: Դեռ պայուսակս էլ ստուգեցին»:

Քաղաք վերադառնալու մասին էլ նախօրոք ոչ մի հստակ ժամ չհայտարարվեց: Հանդիսատեսը համերգի երկրորդ կեսից տեղեկացավ, որ քաղաք է վերադառնալու կեսգիշերին: Հայտարարությունից քիչ անց համերգի հաղորդավարը՝ Եգոր Գլումովը, «գովազդեց» «Մայամի» լողափի վարձով տրամադրվող հյուրանոցային համարների, քոթեջների եւ վրանների մասին: Վերջում էլ հավելեց, որ, բացի գիշերելու տեղ տրամադրելուց, «Մայամիի» տնօրինությունը տրամադրում է նաեւ պահպանակներ եւ աղջիկներ:

Դժգոհությունների հետ կապված պարզաբանումներ ստանալու համար կապվեցինք «Երաժիշտներ հանուն խաղաղության» ռոք փառատոնի կազմակերպիչ, աջակից եւ հովանավոր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ: Ըստ նախարարության զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանի. «Նախարարությունն ուղղակի կազմակերպիչ չէ, եւ այդ հարցերի պատասխանները մենք չենք կարող տալ: Բայց նախապես զգուշացումը սնունդ չբերելու՝ չի նշանակում, որ այնտեղ սնունդ են տալու: Եթե ասում են սնունդ մի բեր, նշանակում է այնտեղի առաջարկվող սննդից պետք է օգտվես: Սա՝ զուտ լոգիկայի տեսանկյունից: Իսկ եթե սխալ են ընկալել այդ մի քանի հոգին, դա չի նշանակում, որ բոլորն են այդպես ընկալել: Այնտեղ մեծ բազմություն կար եւ ոչ մեկը չդժգոհեց: Կարող է ինչ-որ մեկն էլ ասում էր՝ ինձ վերջում պետք է ուղղաթիռով տանեք տուն… Դա նույնն է՝ որ գնաս ռեստորան եւ հետդ ուտելիք տանես: Ոչ ոք չի հայտարարել, թե սնունդը մտնում է տոմսի արժեքի մեջ»:

Հ. Գ. Մեզ հուզող հարցերի պատասխանները ստանալու համար էկոնոմիկայի նախարարության տրամադրած երկու հեռախոսահամարներով փորձեցինք կապվել նաեւ Ֆորշի հետ, բայց՝ ապարդյուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել