Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍԿԵ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Սեպտեմբեր 01,2009 00:00

\"\"Երիտասարդությունը յուրաքանչյուր հասարակության դիմանկարն է, ապագայի կերպարն ու ներկայի հաջողության գրավականը:

Մեր հասարակությունում առավելապես երիտասարդությանն է վերապահված մեր պետության ապագա բարօրության խնդիրը, եւ այն ուտոպիստական կարծիքն է ձեւավորվել, որ բյուրոկրատիզմն ու քաշքշուկները կվերանան, երբ պետական կառավարման համակարգից աստիճանաբար դուրս գան սովետական մտածողության մարդիկ, սովետական դաստիարակությամբ քաղաքացիները: Տարիներ առաջ ես ինքս էլ ունեի այդ համոզմունքը եւ անհամբեր սպասում էի, թե երբ է երիտասարդ նորանկախ պետության սերունդը իրականացնելու դեմոկրատական կառավարման սկզբունքները առանց խորհրդային չինովնիկության ու պեդանտության: Սակայն այսօր գիտակցում եմ, որ շատ սխալվել եմ, անչափ եմ սխալվել, որովհետեւ այսօրվա երիտասարդությունը կրկնակի ու եռակի անգամ չինովնիկ ու բյուրոկրատ է: Այսօրվա երիտասարդը, դեռեւս նորեկ, անփորձ ու անգետ, միայն համալսարանական իր դիպլոմով արդեն մեծարանքի ու ինքնասիրահարվածության այնպիսի մոլուցքով է տառապում, որ ստիպված ես նրան հիշեցնել, որ այդ համալսարանը մինչ իրեն հազարավոր շրջանավարտներ են ավարտել: Իհարկե, ոչ բոլորը, բայց երբ քանակը ստեղծում է որոշակի միջավայր, ապա այն քչերը կամ թողնում հեռանում են պետական ոլորտից, կամ հարմարվում են, դառնում շարքային կոնֆորմիստ:

Թող տպավորություն չստեղծվի, թե ես քարոզում եմ վերադարձ սովետական կարգերին, բայց այսօր շատ ավելի բարձր է այն պաշտոնյան, որը նախկին կոմունիստ, այսօր լիբերալ դեմոկրատ, փորձում է հաղթահարել նաեւ իր սովորույթներն ու ձեռք բերել նոր գիտելիքներ, քան այն երիտասարդը, որը դեռեւս չկայացած, վերածվում է պաշտոնյայի: Այսօր շատ նախանձելի է գիտելիքի, փորձի, աշխատանքի հանդեպ այն մշակույթը, որ ուներ սովետական համակարգը, շատ նախանձելի է պաշտոնավարման տեխնոկրատական այն մոդելը, որ ունի Եվրոպան, շատ ցանկալի է ԱՄՆ ծառայողի պաշտոնեական վարքագիծը՝ հասարակ, պարզ եւ մատչելի՝ վերից մինչեւ վար:

Այս ամենի մեջ մենք լավագույն հնարավորությունն ունենք կառուցել հայ երիտասարդ պաշտոնյայի դիմանկարը՝ գրագետ, համեստ, նպատակասլաց: Ցավոք, այն, ինչ մենք ունենք մեր երիտասարդների մեջ, հեռու է այս երեքից, եւ այլ որակներ են բնութագրում նրան՝ անգրագիտություն, ինքնաբավություն եւ ամբիցիաներ: Միգուցե մեղավոր է ավագ սերունդը, որ այսպիսի դաստիարակություն է տվել այս երիտասարդությանը, միգուցե մեղավոր են ժամանակներն ու բարքերը: Բայց ցանկացած արդարացում չի ազատում պատասխանատվությունից, եւ յուրաքանչյուր երիտասարդ եթե փոքր-ինչ քննադատորեն վերաբերվի իրեն, փոքր–ինչ զուսպ ու համեստ լինի, ազգովի կշահենք, իսկ եթե ոչ ապա…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել