Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջողություն՝ սեփական ուժերով

Սեպտեմբեր 01,2009 00:00

\"\"Արդեն 6-րդ տարին է՝ Բուլղարիայի Պրիմորսկո ծովափնյա քաղաքում

անցկացվում է վոլեյբոլի ավանդական միջազգային մրցաշար, որին մասնակցում են տարբեր երկրների առաջատար թիմերը:

Այդ մրցումներին առաջին անգամ մասնակցել է նաեւ Հայաստանի «Սյունիք» աղջիկների թիմը, որը հանդես էր գալիս կրտսեր՝ 1993-94-ին ծնվածների տարիքային խմբում: Թիմի հիմնական խաղացողները Սիսիանի մարզադպրոցի վոլեյբոլիստուհիներն են եղել: «Սյունիքը» ենթախմբում գրավել է առաջին տեղը՝ 2:0 հաշվով հաղթելով Լիտվայի «Կաունաս» եւ Բուլղարիայի «Գաբրովո» թիմերին եւ միայն եզրափակչում 0:2 հաշվով պարտվելով Ղազախստանին, զբաղեցրել է 2-րդ տեղը:

«Առավոտի» հետ զրույցում պատվիրակության ղեկավար, Հայաստանի ֆեդերացիայի նախագահության անդամ Ռազմիկ Սուլթանյանը տեղեկացրեց, որ հայկական կողմի ճանապարհածախսը, սնունդը, գիշերավարձը հիմնականում հոգացել է Սյունիքի մարզպետարանը:

Մեր թերթի այս տարվա օգոստոսի 8-ի «Վոլեյբոլիստուհիներին կաջակցի՞ Սիսիանի քաղաքապետարանը» հրապարակման մեջ թիմի մարզիչ Աղվան Հակոբյանը մտահոգություններ էր հայտնել՝ կապված տարբեր մրցումներում առաջացող ֆինանսական խնդիրների հետ: Հիշեցնենք, որ Սիսիանի վոլեյբոլի կանանց թիմն այս տարի դուրս է մնացել Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունից, որովհետեւ քաղաքապետարանը, որը, մարզչի պնդմամբ՝ պետք է համապատասխան միջոցներով ապահովեր վոլեյբոլիստուհիներին, զլացել էր՝ պատճառաբանելով, թե համապատասխան բյուջե չունի:

Ռազմիկ Սուլթանյանի կարծիքով՝ Հայաստանում վոլեյբոլի զարգացմանը խոչընդոտում են մարզաձեւի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքը եւ ներդրված գումարի չափը: Մեր զրուցակցի բնորոշմամբ. «Պետության գումարները ճիշտ չեն բաշխվում: Վոլեյբոլի նման մարզաձեւը, որն ամբողջ աշխարհում ընդունված է ու շատ երկրներում զարգանում է, Հայաստանում անուշադրության է մատնված»: Հետաքրքրվեցինք՝ Հայաստանի ֆեդերացիան ունի՞ վոլեյբոլի պահպանման ու զարգացման ծրագիր: «Կա միայն պահպանման, բայց ոչ զարգացման ծրագիր, այսինքն, ընդամենը՝ գոյատեւել, մրցավարներին վճարել, անցկացնել Երեւան քաղաքի, հանրապետության առաջնություն՝ տարբեր տարիքներում: Զարգացման ծրագիր հնարավոր է կազմել, բայց անտեղի է, որովհետեւ չկա կառավարական աջակցություն: Իսկ ֆեդերացիան այսքանից ավելին անելու հնարավորություն չունի: Սյունիքի թիմը, որի կրտսեր տարիքի վոլեյբոլիստուհիները կարող են նույնիսկ մեծահասակներին հաղթել, միջազգային մրցաշարին մասնակցելու համար համազգեստ չուներ, ոչ մի տեղից աջակցություն չեղավ,- նշում է պատվիրակության ղեկավարը ու ավելացնում։- Մեր պետությունում ամեն ինչ անձնավորված է… Երբ առաջարկեցի «Միկայի» դահլիճում վոլեյբոլի թիմ հավաքել, մեկ ժամ պարապելու համար պահանջեցին 120 հազար դրամ: Չկա հոգացավ վերաբերմունք: Կարելի էր, չէ՞, Բուլղարիա մեկնելուց առաջ մարզիկների հետ 10 օրով ուսումնամարզական հավաք անել: Ու հնարավոր էր՝ չեմպիոն էլ դառնայինք: Այնինչ, մարզչի հետ ընկել էինք վերնիսաժով մեկ հայկական դրոշով, «Արմենիա» անվանումով համազգեստ էինք փնտրում: Բոլորը դրսում զարմացել էին, թե «Արմենիան», ի՞նչ թիմ է: Աղջիկներից գլխարկներ էին ուզում: Միայն մենք էինք շահագրգռված»:

Ռազմիկ Սուլթանյանը գտնում է, որ սպորտի բնագավառում էլ շատ բաներ իրենց տեղում չեն: Նրա կարծիքով, ֆեդերացիայի նախագահը անկախ պետք է լինի. «Եթե նախագահ է, պետք է մարզիչ լինելուց հրաժարվի: Ոչ մի տեղ նման բան չեմ տեսել, որ նախագահն ինքը թիմ ներկայացնի ու մասնակցի չեմպիոնատին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել