Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԱՐՁԱԿԱԳԻՐՆ ՈՒ ՀՈՒՆԳԱՐԻԱՆ

Սեպտեմբեր 01,2009 00:00

Դրամատուրգ Նելլի Շահնազարյանը «Առավոտին» հայտնեց, որ հրավեր ունի Հունգարիայի կամերային թատրոնի կողմից: Դեռ անցյալ տարի զանգել ու իրեն շնորհավորել են, որ իր «Թափորը» ստեղծագործությունը, որը զետեղված է «Հայ կին դրամատուրգներ» անգլերեն թարգմանված ժողովածուում, հաջողությամբ բեմադրվել է Հունգարիայում: «Չգիտեմ ինչ ճանապարհով էր ժողովածուն հայտնվել հունգարացիների ձեռքին, ամեն դեպքում՝ հաճելի էր, որ մոնոդրաման ապրիլի 22-ին՝ Հայոց եղեռնի հիշատակի առիթով խաղացել է հունգարուհի Վերադի Մարիան ու, հունգարացիների ասելով, ներկայացման ավարտին 10 անգամ դերասանուհուն բեմ են հրավիրել»,- նշեց մեր զրուցակիցը: Նաեւ հավելեց, որ ինչ-ինչ պատճառներով երկու անգամ մերժել է հունգարացիների հրավերը ու հիմա երրորդ անգամ է հրավիրվում՝ այս տարվա նոյեմբերին: Ն. Շահնազարյանի հավաստմամբ, իրեն նոր գործ են պատվիրել: «Այս տարի նոյեմբերին հրավիրել են ու խնդրել ճշտել ժամկետները: Ես գրել եմ, որ ինձ ավելի հարմար է Հունգարիա այցելել սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին: Հիմա սպասում եմ իրենց արձագանքին»,- նշեց դրամատուրգը: Ի դեպ, 10-օրյա կեցության ծախսերն իր վրա է վերցրել հունգարական կողմը, եթե ճանապարհածախսի հարցը չլուծվի, Ն. Շահնազարյանը դարձյալ չի կարողանա մեկնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել