Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամերիկյան առաքելությունը» կհայտնվի փակուղում

Սեպտեմբեր 23,2009 00:00

\"\"Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, գեներալ Սթենլի Մաքքրիստալը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային զգուշացրել է, որ հաջորդ տարի Վաշինգտոնը ստիպված է լինելու ավելացնել 62 հազարանոց աֆղանական կոնտինգենտը, որովհետեւ, հակառակ դեպքում, «աֆղանական առաքելությունը» կարելի կլինի համարել «պարտված», իսկ ԱՄՆ-ն էլ ստիպված կլինի մտածել զորքերը Աֆղանստանից դուրս բերելու մասին: AFP գործակալության փոխանցմամբ, այս կանխատեսումը հրամանատար Մաքքրիստալը (նկարում) արել է Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսին ուղղած իր 66 էջանոց զեկույցում, որը թեեւ թվագրված է ս.թ. օգոստոսի 30-ի ամսաթվով, բայց միայն օրերս է հայտնվել ամերիկյան հեղինակավոր The New York Times եւ The Washington թերթերում: Այդ զեկույցը վկայում է աֆղանական առաքելության առջեւ ծառացող դժվարությունների մասին, որոնք Աֆղանստանում ԱՄՆ ուժերի հրամանատարության կարծիքով, տանում են դեպի փակուղի: Զեկույցում նշված է, որ անցած տարվա ընթացքում թալիբները հասել են ռազմական եւ քարոզչական զգալի հաջողությունների, ուստի՝ Մաքքրիստալը նախազգուշացրել է, որ իրավիճակն Աֆղանստանում կարող է դուրս գալ վերահսկողությունից: «Մոտակա հեռանկարում նախաձեռնություն ստանձնելու անընդունակությունը իրական է դարձնում այն վիճակը, երբ խռովարարների նկատմամբ հաղթանակը կդառնա արդեն անհնարին»,- կանխատեսել է հրամանատարը՝ առաջարկելով ամերիկյան զորքերի թվակազմը Աֆղանստանում ավելի շատ ավելացնել, քան այս տարվա համար նախատեսված 21 հազարն է: Հիշեցնենք, որ ներկայումս Աֆղանստանում օտարերկրյա զինուժը հասնում է 100 հազար մարդու, որոնց թվում 62 հազարը միայն ամերիկացի զինծառայողներ են:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կիրակի հայտարարել է, թե Պենտագոնի հետ բոլոր հարցերում չէ, որ համաձայնելու է եւ ամենայն մանրամասնությամբ քննարկելու է Աֆղանստան հավելյալ զորքեր ուղարկելու առաջարկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել