Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍՐԱՅԵԼՑԻՆԵՐԸ ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐԻՆ ՋՈՒՐ ՉԵՆ ՏԱԼԻՍ

Հոկտեմբեր 28,2009 00:00

«Amnesty International» հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունն իր հրապարակած զեկույցում Իսրայելին մեղադրել է պաղեստինցիներին խմելու ջրի աղբյուրներից օգտվելուն դիտավորյալ խոչընդոտելու մեջ: Իրավապաշտպանների տվյալներով, իրավիճակն այդ իմաստով ավելի լուրջ է հատկապես Գազայի հատվածում, որտեղ զգալի է խմելու ջրի պակասն ու կոյուղու բացակայությունը: «BBC»-ի փոխանցմամբ՝ զեկույցում հաստատված է համարվել այն փաստը, որ պաղեստինցիների մեծամասնությունը ստիպված է սեփական կարիքների համար օրական օգտագործել ընդամենը 20 լիտր ջուր, մինչդեռ ջրի այդ քանակությունը համարվում է նվազագույն շեմ անգամ հումանիտար աղետների պարագայում: Կազմակերպության տվյալներով, պաղեստինցիները հայտնվել են այդպիսի ծանր իրավիճակում՝ այն դեպքերում, երբ իրենք՝ իսրայելցիները, հանգիստ օգտագործում են ջուրը իրենց ջրավազանները լցնելու եւ այգիները ոռոգելու համար:
Աղբյուրը տեղեկացնում է, որ իսրայելական կողմն արդեն արձագանքել է կազմակերպության զեկույցի այս հատվածին եւ հերքել իրեն ուղղված մեղադրանքները: Իսրայելի ջրային ռեսուրսների կառավարչության ղեկավարությունը դատապարտել է զեկույցը՝ հայտարարելով, թե այդ տվյալները միակողմանի են, աղավաղված եւ իրականությանը չեն համապատասխանում: Ավելին, կառավարչությունը նաեւ հայտարարել է, թե «Amnesty International»-ը այդ տվյալները հրապարակելուց առաջ իր հետ չի խորհրդակցել ու տեղեկություններ չի պահանջել, այդպիսով՝ իսրայելական կողմին հնարավորություն չի տրվել արձագանքել զեկույցում պարունակվող տեղեկություններին: Իսրայելական կողմը պնդում է, որ վերջին 40 տարիների ընթացքում Իսրայելի կողմից օգտագործվող ջրի քանակությունը նվազել է, իսկ պաղեստինցիներինը՝ աճել է, եւ յուրաքանչյուր պաղեստինցուն բաժին հասնող ջրի քանակը նույնիսկ ավելին է, քան նախատեսված է միջազգային համաձայնագրերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել