Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ` 35 ՏԱՐԻ ԱՆՑ

Հոկտեմբեր 30,2009 00:00

Այսօր Քաղբանտարկյալների միջազգային օրն է, ու այդ կապակցությամբ թվով տասը հ/կ-ներ երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է, թե հոկտեմբերի 30-ը որպես քաղաքական բանտարկյալների օր առաջին անգամ նշվել է 1974թ.-ին, խորհրդային «ուղղիչ աշխատանքային ճամբարներում»՝ ի հիշատակ քաղաքական ռեպրեսիաների միլիոնավոր զոհերի եւ ի հարգանք բոլոր նրանց, ովքեր անարդարացիորեն դատապարտվել են: «Ամոթալի է, որ այսօր, 35 տարի անց, անկախ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ, եւ իսպառ բացակայում է արդարադատությունը: 2008թ. փետրվարին իշխանությունների կողմից կեղծված ընտրությունների եւ խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված ջարդի արդյունքում տասը քաղաքացիներ սպանվեցին, հարյուրավոր ընդդիմադիր գործիչներ եւ ժողովրդավարական շարժման աջակիցներ ձերբակալվեցին, շատերն էլ ստիպված անցան ընդհատակ: Ընտրությունները եւ դրանց հաջորդած իրադարձությունները ոճիր էին ժողովրդավարության դեմ, իսկ հետագա գործընթացները՝ արդարադատության համակարգի ավերում: Մարտի 1-ին տեղի ունեցածի վերաբերյալ ճշմարտությունը բացահայտելու, զոհվածների սպանության հանգամանքները պարզելու փոխարեն իշխանությունները ձեռնամուխ եղան ստի եւ ընդդիմությանը վարկաբեկելու քստմնելի արշավի ու թատերականացված դատավարությունների: Տաղտկալի մասնակի համաներումը, որի արդյունքում քաղբանտարկյալներից շատերը ազատ արձակվեցին, չէր կարող փոխարինել արդարադատությանը: Ավելին, «համաներումը» 17 ազնիվ քաղաքացիների թողեց բանտախցերում: Բոլոր այդ մարդիկ դատապարտվել են անարդարացիորեն, շատերը մեղադրվում են մինչեւ 10 տարի ազատազրկում նախատեսող հոդվածներով՝ հիմնականում ոստիկանների եւ նրանց գործակալների կեղծ ցուցմունքների հիման վրա»,- ասված է հայտարարության մեջ, որի հեղինակները պահանջել են ազատ արձակել բոլոր 17 քաղբանտարկյալներին եւ Հայաստանում վերջ տալ քաղաքական ռեպրեսիաներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել