«Դատալեքս» համակարգում «Նիկոլ Փաշինյան» անունով որոնումը 175 գործ է բերում։ Դրանցից մոտ 40-ը վերաբերում է վարչապետի հասցեին հնչեցված խոսքերին, որոնք որակվել են որպես խուլիգանություն, բռնությունն արդարացնելու կամ բռնությամբ իշխանությունը զավթելու կոչ։ Մինչդեռ Փաշինյանի՝ ընդդիմադիրներին «սատկացնելու, կզացնելու» հայտարարությունների առթիվ, ըստ Քննչական կոմիտեի, վարույթ առկա չեն, մինչդեռ նույն բառերը կրկնած քաղաքացու նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Factor TV-ն փորձել է պարզել, թե ինչ տրամաբանությամբ են հարուցվում այս գործերը, և արդյոք օրենքը կիրառվում է առանց խտրականության։ Քաղաքացի Արթուր Մինասյանի գրառումը, որում կրկնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, քրեական վարույթ նախաձեռնելու առիթ են դարձել։
Արթուր Մինասյանը Factor TV-ի հետ զրույցում պարզաբանեց. լսել է Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիրների հասցեին հնչեցրած արտահայտությունները, կարդացել մեր հրապարակումը, համաձայն որի՝ այս խոսքերի առթիվ վարույթ չի նախաձեռնվել և որոշել փորձարկում անել։ «Մտածեցի՝ այ քեզ հետաքրքիր բան․ իշխանությունն ամբողջ օրը խոսում է հանդուրժողականությունից, չհայհոյելուց, և նախընտրական շրջանում վարչապետն այսպիսի հայտարարություններ է անում։ Որոշեցի թեստ անել ու նույն բառերը հասցեագրել Նիկոլ Փաշինյանին և իր թիմին, տեսնել՝ ինչ կլինի»,- մեզ հետ զրույցում պատմեց Արթուր Մինասյանը։ Նա նաև հավելեց, որ իր երկրորդային նպատակը ֆլեշմոբն էր․ մտածում էր, որ այլ մարդիկ էլ կմիանան և, գուցե, այդ պարագայում իշխանությունը հասկանա, որ չի կարելի նման բառամթերքով խոսել ժողովրդի մի հատվածի, այդ թվում՝ ընդդիմության հասցեին։ Փաշինյանի արտահայտությունները նույնությամբ կրկնող գրառումից հետո ոչ միայն Քննչական կոմիտեն վարույթ նախաձեռնեց, այլ նաև Ֆեյսբուքը սահմանափակումներ կիրառեց Մինասյանի էջի նկատմամբ՝ նրա հրապարակային խոսքը դիտարկելով որպես բռնության կոչ։ Մինասյանի գրառումը ջնջվեց, իսկ նոր գրառումների տեսանելությունն ընկավ։
Արթուր Մինասյանն մեզ հետ զրույցում ընդգծեց․ իշխանությանը թույլատրելի է միայն այն, ինչ սահմանված է օրենքով՝ ի տարբերություն քաղաքացիների, որոնց թույլատրելի է այն, ինչ արգելված չէ, մինչդեռ այս դեպքում ստացվում է որ այն, ինչ թույլատրելի է իշխանություններին, քաղաքացիներին չի թույլատրվում, մինչդեռ պետք է հակառակը լիներ․ եթե իշխանության ամենաբարձր օղակում գտնվող անձն անպատիժ նման հայտարարություն է անում, նշանակում է՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա նույնը կրկնելու իրավունք։
«Սատկացնել թրքահպատակ նիկոլաթայֆին»․ ահա այս գրառումն էլ պատճառ է դարձել քաղաքացի Սիլվի Անուշ Հաջյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քրեական հետապնդում հարուցելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Սիլվի Անուշ Հաջյանը 2025 թվականի ապրիլի 24-ին ֆեյսբուքի իր էջում կատարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնային և գործունեության առանձնահատկություններին, կերպարին և գործողություններին ուղղված անձնական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչ պարունակող մեկնաբանություն։ Ըստ մեղադրանքի՝ «Սատկացնել թրքահպատակ նիկոլաթայֆին» արտահայտությունը նպաստում է Փաշինյանի նկատմամբ ընթերցողի մոտ բացասական կարծիքների ձևավորմանը, բացասական հույզերի և զգացողությունների առաջացմանը, նրան հակադրվելու, նրա նկատմամբ անհանդուրժող լինելու, ագրեսիվ և թշնամական գործողություններ կատարելու մտայնության ձևավորմանը»: Մեղադրյալի կարգավիճակ ունեցող Սիլվի Անուշ Հաջյանը դատարանում ներկայացրել է արագացված վարույթ կիրառելու միջնորդություն։ Սա նշանակում է, որ չի առարկել մեղադրանքի դեմ։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել ու պատիժ նշանակել տուգանք 750 հզր դրամի չափով։ Դիտարկենք, որ այս քաղաքացին իր հրապարակային խոսքում օգտագործել էր Փաշինյանի բառերից ընդամենը մեկը՝ «սատկացնել», սակայն, փաստացի, քրեական պատասխանատվության է ենթարկվել ու պատիժ կրել՝ տուգանքի տեսքով։
Կարդացեք նաև
Արաքս ՄԱՄՈՒԼՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Նկարը մշակվել է ԱԲ-ով



















































