Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելում քաղաքացիություն են տալիս օդանավակայանում

Նոյեմբեր 03,2009 00:00

Իսկ մեզ մոտ միայն տուգանում են

Սպարտակ Կոնստանտինիդիս-Մանասյանը 10 տարի առաջ դիմեց ՀՀ ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչություն (Օվիր), ներկայացնելով փաստաթղթեր: Ըստ այդ փաստաթղթերի, Իսրայել մեկնած մեր հայրենակցին Իսրայելի դեսպանը տվել էր երաշխավորագիր առ այն, որ պետությունը համաձայն է ընդունել նրան, նրա կնոջը՝ որպես իր քաղաքացիների, «այնքանով, որ կնոջս մայրը հրեական արմատներ ուներ», տեղեկացնում է Ս. Կոնստանտինիդիս-Մանասյանը:
Հայաստանյան Օվիրի միջոցով պարոն Սպարտակի ընտանիքը դուրս է գալիս Հայաստանից, չհրաժարվելով, իհարկե, ՀՀ քաղաքացիությունից: Ի դեպ, ինչպես «Առավոտին» փոխանցեց պարոն Սպարտակը, իրենք Իսրայելում քաղաքացիություն ստացան…օդանավակայանում:
Տարիներ հետո պարոն Սպարտակն ու կինը վերադառնում են հայրենիք: Երկուսն էլ նպաստառու են, հաշմանդամ:
«Իմանալով, որ մեր երկրում ընդունվել է «Երկքաղաքացիության մասին» օրենքը, դիմեցինք Օվիր՝ մեր իրավունքները վերականգնելու: Ոստիկանության Արաբկիր համայնքի անձնագրային բաժանմունքում մեզ ենթարկեցին տուգանքի՝ ՀՀ կառավարության 20.09.07 1110-ն որոշման պահանջներին տեղյակ չլինելու համար: Տուգանքը հօգուտ թաղապետարանի էր: Դրանից հետո օրինական հարց ծագեց, թե ինչպես կարող էինք մենք 1999-ին տեղյակ լինել 8 տարի հետո գրվելիք որոշման մասին»,- նշում են նպաստառուները: Այդ որոշման ընթացակարգի համաձայն. «Այլ երկրի քաղաքացիություն ստացած անձն անձամբ կամ փոստով մեկամսյա ժամկետում այդ մասին պետք է տեղյակ պահի ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչություն»: «Եթե կառավարության լիազոր մարմինը համարվում է Օվիրը, եւ եթե մենք երկրից դուրս ենք եկել Օվիրի գիտությամբ եւ թույլտվությամբ, ապա դա համարվո՞ւմ է սահմանված կարգի խախտում, եւ որո՞նք են այդ կարգերը, որոնց մասին գրված չէ հավելվածում», հարցնում են նրանք: Պարոն Սպարտակի կարծիքով, խախտվել են իրենց իրավունքները այն պահից, երբ տուգանքի ենթարկեցին իրեն օրենքի չիմացության համար: Ի դեպ, այդ օրենքն ու որոշումը վերաբերում են այն անձանց, ովքեր առանց պետության գիտության են դուրս եկել երկրից: Այն տպավորությունն է, թե պետությունը «հետին թվով» պատժիչ-որոշում է ընդունել` եթե գնացել ես, ապա տուգանվում ես: «Այն էլ ասեմ, որ մեր հայաստանյան անձնագրի գրանցման էջը փակել, վրան գրել են. Իսրայել, մշտական բնակության», հավելում են հեռակա զրուցակիցներս:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Ակնկալում ենք ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պատասխանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել