ԼՂՀ ԳԹԿ-ի հրավերով օրերս ՀՀ ԳԹԿ-ն այցելեց իր «ղարաբաղցի» գործընկերոջը: ԼՂՀ ԿԳՆ աշխատակիցների, Ստեփանակերտի դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների ու ՀՀ-ից ժամանած ԳԹԿ-ականների մասնակցությամբ տեղի ունեցավ եռօրյա սեմինար-խորհրդակցություն՝ «Թեստավորման համակարգը եւ թեստային առաջադրանքներ կազմելու սկզբունքները» թեմայով: Շուրջ 200 մասնագետի մասնակցությամբ անցնող խորհրդակցություն-սեմինարի ընթացքում նախ ներկայացվեց, թե ինչու է այս նոր համակարգն ավելի նախընտրելի նախորդի համեմատությամբ, ինչ թերացումներ ունեն, որ բանավոր քննության դեպքում գուցե չլինեին: Օրինակ՝ ԼՂՀ ԳԹԿ-ականներին հուզում էր այն հարցը, թե ինչպես թեստավորել գրականությունը կամ հարց բարձրացվեց՝ եթե ավարտական քննությունները երբեմն աչքաթող են արվում, ապա գուցե ընդհանրապես հանվեն, կամ անցկացվեն կենտրոնացված ձեւով: Ապա անցան խմբային աշխատանքի, որի ընթացքում Երեւանից ժամանած մասնագետների հետ քննարկվում էին թեստ կազմելու հմտություններ:
Օրինակ՝ նախ սխալ թեստ էին կազմում, որպեսզի սխալների վրա սովորեն ճիշտը կազմել: «Առավոտը» ԼՂՀ ԳԹԿ հասարակայնության հետ կապերի գլխավոր մասնագետ Գենյա Գալստյանից հետաքրքրվեց՝ այս առումով իրենց մասնագետները դեռ շա՞տ անելիքներ ունեն: Նա պատասխանեց. «Սա մի գործընթաց է, որ նոր է մուտք գործում մեր երկիր եւ տարեցտարի պիտի կատարելագործվի: Բայց կարեւորն այն է, որ ուսուցիչները գոհ են նոր համակարգից»: Տեղի ունեցան նաեւ թեստային համակարգի տարբեր նրբություններին վերաբերող ելույթներ: Օրինակ՝ ՀՀ ԳԹԿ տնօրենի տեղակալ Արսեն Բաղդասարյանը հանդես եկավ «Թեստային համակարգի առանձնահատկություններն ու առավելությունները» թեմայով՝ նշելով համակարգի դրական եւ բացասական կողմերը եւ նկատեց. «Միասնական համակարգով քննությունների անցկացումը բավականին դրական գործընթաց է, ուղղակի պետք է այն լավ կազմակերպել, ունենալ լավ գրված թեստեր»: Իսկ ՀՀ ԳԹԿ գլխավոր մասնագետ Միրցա Հալաջյանի ելույթը նվիրված էր թեստային առաջադրանքներ կազմելու սկզբունքներին: Նա ներկայացրեց թեստեր կազմելու համար անհրաժեշտ այնպիսի պահանջներ, ինչպիսիք են՝ թեստը կազմելու նպատակը (ավարտական, ընթացիկ), առաջադրանքների եւ պատասխանների ճիշտ ընտրությունը, ժամաքանակը, առաջադրանքների քանակը, տեսակը, նյութի ընտրությունը եւ այլն: Սեմինար-խորհրդակցությունը նաեւ տեղին էր այն առումով, որ շուտով կսկսվեն ընթացիկ ստուգումները. դրանք երկու հանրապետությունների ԳԹԿ-ները կանցկացնեն դեկտեմբերին:
ՀՀ ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանն ասաց, որ «ՀՀ ԳԹԿ-ն համագործակցում է նաեւ ԱՊՀ այլ երկրների իր կոլեգաների հետ: Օրինակ՝ մեկ ամիս առաջ ԳԹԿ էին այցելել ԱՊՀ տարածքում նմանատիպ կենտրոնների ներկայացուցիչներ»: Գ. Մանուկյանը նկատեց, որ ղարաբաղյան սեմինար-խորհրդակցության ժամանակ մասնագետները, հաշվի առնելով միասնական քննությունների ընթացքում գրանցված ահազանգերը, դիտարկումներն ու առաջարկությունները, լրամշակում եւ վերամշակում են ուղեցույցները: