Լրահոս
Օրվա լրահոսը

Քարզայը հռչակվեց Աֆղանստանի ընտրված նախագահ

Նոյեմբեր 03,2009 00:00

Աֆղանստանի ընտրական անկախ հանձնաժողովը չեղյալ է հայտարարել այդ երկրի նախագահի՝ նոյեմբերի 7-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլը: AP գործակալության փոխանցմամբ, երեկ այդ մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահ Ազիզուլլա Լոդինը՝ հավելելով, որ պաշտոնապես Աֆղանստանի ընտրված նախագահ է հռչակվել Համիդ Քարզայը:
Հիշեցնենք, որ նախօրեին Աֆղանստանի նախագահի թեկնածու եւ գործող նախագահ Քարզայի միակ մրցակից Աբդուլլա Աբդուլլան հայտարարել է 2-րդ փուլի ընտրությունները բոյկոտելու իր որոշման մասին՝ համարելով, որ այդ ընտրություններում էլ, ինչպես առաջին փուլում, կեղծիքներն անխուսափելի են, ու թափանցիկ ընտրություններ անցկացնելն էլ՝ անհնարին: Անցած կիրակի օրը Աբդուլլան նաեւ Աֆղանստանի բնակիչներին էր կոչ արել չմասնակցել գործող ընտրական հանձնաժողովի կողմից կազմակերպվող ընտրություններին: Ավելի վաղ նա պահանջել էր ընտրական անկախ հանձնաժողովի նախագահի պաշտոնանկությունը:
Աբդուլլայի այդ հայտարարությունից հետո Աֆղանստանի ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ թեեւ 2-րդ փուլի ընտրություններին մասնակցելու է մեկ թեկնածու՝ ի դեմս գործող նախագահի, այդուհանդերձ, այն տեղի է ունենալու: Աբդուլլայի քայլը, աղբյուրի մատուցմամբ, կարող է Աֆղանստանի ապագա կառավարությանը զրկել լեգիտիմությունից, ինչը հակասում է այդ երկրում իր ռազմական արշավը շարունակող Սպիտակ տան շահերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել