Թեհրանի՝ որպես Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքի օրերն այլեւս հաշված են: Այս մասին տեղեկացնում է «News-Israel»-ը՝ վկայակոչելով բրիտանական «The Guardian»-ը: Երկրի մայրաքաղաքը փոխելու գաղափարն առաջարկել է Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին: Առաջարկի պաշտոնական պատճառաբանությունն այն է, թե այն շրջանը, որտեղ գտնվում է Թեհրանը, սեյսմավտանգ է: Մեկ այլ վարկածով, նման որոշման պատճառը վերջին նախագահական ընտրությունների արդյունքների դեմ ընդդիմության զանգվածային բողոքի միջոցառումներն են: Թե կոնկրետ որտե՞ղ կտեղափոխվի Իրանի մայրաքաղաքը, աղբյուրի մատուցմամբ, առայժմ հայտնի չէ:
Իրանի իշխանությունները, վկայակոչելով սեյսմոլոգներին, ասում են, որ մեկ հզոր եւ գրեթե անխուսափելի երկրաշարժից հետո Թեհրանի կործանման վտանգը շատ մեծ է: «Թեհրանը սխալմամբ է մայրաքաղաք դարձել»,-ասել է սեյսմոլոգ Բահրամ Աքաշեյխը՝ հավելելով, որ եթե իրեն 40-50 տարի առաջ լսած լինեին, թույլ չէր տրվի Թեհրանը մեգապոլիսի վերածել:
Ի դեպ, Իրանի մայրաքաղաքը փոխելու մասին առաջին անգամ խոսվել է դեռ 20 տարի առաջ, բայց միայն 2003թ.-ին, երբ Իրանի հարավ-արեւելքում տեղի ունեցած խոշոր երկրաշարժը 40 հազար մարդու կյանք խլեց, երկրի կառավարությունը սկսեց այդ հարցը լրջորեն քննարկել: