Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնասպանությունը՝ մեծ սպորտում

Նոյեմբեր 17,2009 00:00

«Նա, ով չի կարող հաղթահարել մելանխոլիան եւ սպանում է իրեն այսօր, կցանկանար ապրել, եթե սպասելու համբերություն ունենար»:

ՎՈԼՏԵՐ

Հոգեվերլուծական դպրոցի հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը ժամանակին ներմուծեց «մահվան բնազդ» եզրույթը. այլ կերպ մեծ գիտնականը չէր կարողանում բացատրել բազմաթիվ երեւույթներ, որ ի վիճակի է կատարել իր հետ մարդ արարածը: Ըստ հոգեբանների, բոլոր ինքնասպանությունների հիմքում՝ անգիտակցականի  մակարդակով, ընկած է երեք փոխկապակցված պատճառ. վրեժ, ատելություն (սպանելու ցանկություն), դեպրեսիա (մահանալու ցանկություն) եւ մեղքի զգացում (սպանված լինելու ցանկություն)… Սոցիոլոգներն էլ կարծում են, որ սուիցիդն անմիջականորեն կապված է անձի սոցիալական ինտեգրացիայի աստիճանի հետ:
Նոյեմբերի 15-ին գերմանական ֆուտբոլն իր հիմնը դարձած «You’ll never walk alone» երգի ուղեկցությամբ հրաժեշտ տվեց հավաքականի դարպասապահ Ռոբերտ Էնկեին, որը մի քանի օր առաջ նետվել էր գնացքի անիվների տակ ու մահացել:
Պատահարի հաջորդ օրն արդեն ոստիկանությունը հաստատեց մարզիկի ինքնասպանության վարկածը, հրապարակվեց նրա վերջին՝ հրաժեշտի նամակը, ուղղված ընտանիքին եւ իր հետ աշխատող բժիշկներին: Էնկեն նրանցից ներողություն էր հայցում իր ընկճված վիճակը թաքցնելու, դիտավորյալ ստի համար: Այդ ամենը, սակայն, արդեն էական չէ, քանզի ճակատագրական «թռիչքը» կատարված է: Այժմ միայն մնում է ենթադրել, թե իրականում ի՞նչը նրան ինքնասպանության դրդեց՝ դստեր մա՞հը, երկրորդ դստերը կորցնելու վա՞խը, թե՞ մեկ այլ պատճառ:
Անբացատրելի է մնացել նաեւ 2009-ին մեկ այլ ֆուտբոլիստի ինքնասպանության պատճառը: Շատերն են հիշում Երեւանի «Փյունիկի» եւ Հայաստանի պատանեկան հավաքականների հարձակվող Սարգիս Արոյանի ողբերգական մահը. հունիսի 9-ին հայկական բանակում պարտադիր զինվորական ծառայություն անցնող Արոյանը ինքնասպանություն գործեց՝ նետվելով Հաղթանակի կամրջից: Լուսավոր պատանին՝ միակը անկախացած Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ, որ միջազգային հանդիպումներում դարձել է հեթ-տրիկի հեղինակ եւ դեռ նոր-նոր էր մուտք գործում հասուն ֆուտբոլի աշխարհ, կարծես ոչ մի պատճառ չուներ կյանքից հեռանալու, բայց նույնպես ճակատագրական «թռիչքը» կատարեց…
Ցավոք, մարզիկների ինքնասպանությունների շարքը Էնկեով եւ Արոյանով չի սահմանափակվում: Հուլիսի 11-ին բրազիլական Պորտու-դե-Գալինյաս քաղաքի հյուրանոցներից մեկում՝ սեփական համարում ինքնասպան եղավ հայտնի կանադացի բռնցքամարտիկ Արտուրո Գատտին: Երկու ամիս անց մեկ այլ հայտնի բռնցքամարտիկ, պեկինյան օլիմպիադայի բրոնզե մեդալակիր՝ իռլանդացի Դարեն Սազերլենդը կախված հայտնաբերվեց իր լոնդոնյան բնակարանում: 2008-ին կյանքին ինքնակամ հրաժեշտ տվեց Լեհաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ադամ Լեդվոնը, 2007-ին՝ հեծանվասպորտի Եվրոպայի հնգակի չեմպիոն, հայազգի Յուլիա Առուստամովան: 2006-ին էլ ինքնասպանության միանգամից երկու, բարեբախտաբար՝ անհաջող փորձ կատարվեց. նախ պատուհանից դուրս նետվելով փորձեց կյանքին վերջ տալ Իսպանիայի ջրագնդակի հավաքականի անփոխարինելի դարպասապահ Խեսուս Ռոլյանը, ապա՝ Թուրինի «Յուվենթուսի» ֆուտբոլիստ Ջանլուկա Պեսսոտոն ցած նետվեց ակումբի գրասենյակի տանիքից:
Սրանով սուիցիդի պատմությունը սպորտում, ցավոք, չի ավարտվում: Կարելի է հիշել նաեւ «Կոտայքի» ֆուտբոլիստ Հարություն Հարությունյանի ողբերգական ցատկը Հաղթանակի կամրջից՝ 20 տարի առաջ…
Շատ բան կարելի է հիշել, եւ ամեն անգամ կրկնել նույն հարցը, որն այդպես էլ անպատասխան կմնա. ինչո՞ւ են երիտասարդ, տաղանդավոր, հանրաճանաչ մարզիկները դիմում այս ծայրահեղ քայլին… Ինչո՞ւ են նրանք, որոնց կամքն առավել կոփված պիտի լինի մարզական փոշոտ ու փշոտ արահետներում, կորցնում այդ ուժը եւ չեն կարողանում դիմակայել այն կյանքին, այն բարդություններին, որոնց դեմ անխտիր  բոլորս ենք պայքարում: Պայքարում ենք, բայց մարդասպան՝ անձնասպան չենք դառնում…
Ինքնասպանությունը վերջին քայլն է, որին բերում են բազմաթիվ պատճառներ, դրանցից յուրաքանչյուրն էլ, իր հերթին, նույնպես անթիվ-անհամար այլ պատճառների հետեւանք է: Պարզապես, պետք է հիշել. ամեն ինչ մեր ձեռքերում է եւ առաջին հերթին՝ կյանքը, որը մեզ պարգեւել են, բայց նրանից հրաժարվելու իրավունք չեն տվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել