Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Դեկտեմբեր 12,2009 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնմեկերորդ

ՍԱՆՅԱՆ

Եվ Հրանտը մի քիչ մտածեց ու հոգոց հանելով ասաց՝ «էս գործից շատ եմ հոգնել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ուզում եմ մի քիչ հանգստանամ», եւ ես ժպտալով ասացի՝ «Բեյրութում կհանգստանանք», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «գրողների հետ հնարավոր չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «առավոտից իրիկուն գրողների հետ եմ շփվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «երեւի չես պատկերացնում», եւ ես ասացի՝ «պատկերացնում եմ», եւ Հրանտն ասաց՝ «մինչեւ էս աթոռին չնստես՝ չես պատկերացնի», եւ ես ժպտալով ասացի՝ «առանց նստելու էլ պատկերացնում եմ», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ գրական լեզվով գրես, պետական մրցանակ էլ կտանք», եւ ես ժպտալով ասացի՝ «Հալեպից էլ եմ շատ գոհ», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես քեզանից հեչ էլ գոհ չեմ», եւ ես զարմացած հարցրի՝ «խի՞», եւ Հրանտն ասաց՝ «գալիս ժամերով նստում՝ էս վիսկիներիս քոքը տալիս ես», եւ ես զարմացած ասացի՝ «քանի անգամ վեր էի կենում, բայց դու բաժակս նորից լցրիր», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «հեչ հանաքի չես դիմանում», եւ ես տեղիցս վեր կենալով ասացի՝ «ճիշտ ես ասում. քեզ գործից ահագին կտրեցի», եւ Հրանտը նորից բաժակս լցնելով ասաց՝ «երանի չէր՝ ինձ գործից կարենայիր կտրեիր», եւ ես ասացի՝ «հիմի երեւի ընդունարանում ահագին մարդ ա սպասում», եւ Հրանտն ասաց՝ «դրա համար էլ ուզում եմ, որ մի քիչ էլ նստես» եւ ժամացույցին նայելով ավելացրեց՝ «մի քսան րոպե էլ որ նստես, երեւի հույսները կկտրեն՝ կգնան», եւ ես ասացի՝ «որ սպասում են՝ երեւի կարեւոր հարց ունեն», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «ես իրենց կարեւոր հարցերը լուծելու զորություն չունեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մեկը լինի՝ իմ հարցերը լուծի», եւ ես ասացի՝ «իրանք կարծում են, որ ամեն հարց կարաս լուծես», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ գրական լեզվով գրես, պետական մրցանակի կներկայացնենք», եւ ես ժպտալով ասացի՝ «նախ ե՛ս պիտի ցանկանամ, որ ինձ պետական մրցանակի ներկայացնեք», եւ Հրանտն ասաց՝ «քո ցանկանալը շատ քիչ ա. մենք էլ պիտի ցանկանանք», եւ ես ժպտալով հարցրի՝ «իմ ցանկանալը հեչ կարեւոր չի՞», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «կարեւորը գրական լեզվով գրելն ա», եւ ես ժպտալով ասացի՝ «զարմանալի ա, որ դու էլ ես խոսակցականին դեմ», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կյանքում դեմ չեմ. գրականության մեջ եմ դեմ», եւ ես ասացի՝ «գրականության մեջ ամենից շատ դու ես խոսակցականն օգտագործել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ թե խոսակցականն օգտագործել եմ, այլ խոսակցականից օգտվել եմ», եւ ես ժպտալով ասացի՝ «Թումանյանն էլ ա ահագին օգտվել», եւ Հրանտը ժպտալով հարցրեց՝ «ես ե՞մ շատ օգտվել, թե՝ Թումանյանը», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «երեւի Թումանյանը», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Թումանյանն ու ես մեր չափը ճանաչում ենք», եւ ես հարցրի՝ «ի՞նչ իմաստով», եւ Հրանտն ասաց՝ «Թումանյանն ու ես գոնե արձակի մեջ ենք խոսակցականից օգտվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դու բանաստեղծություններիդ մեջ ես խոսակցականը շաղ տալիս», եւ ես ասացի՝ «բայց դու ընդհանրապես բանաստեղծություն չես գրում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «որովհետեւ չափս ճանաչում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «էս անտիպոեզիաներդ ոնց որ վատը չեն», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ գիրքը համարյա լրիվ խոսակցականով եմ գրել, դրա համար էլ հավանել ես», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հավանելը չգիտեմ, բայց իրիկունները մի քանի կտոր կարդում եմ», եւ ես ժպտալով ասացի՝ «գիտեմ», եւ Հրանտը զարմացած հարցրեց՝ «որտեղի՞ց գիտես», եւ ես ասացի՝ «ինչքան ձեր տուն եմ էկել, էդ գիրքս ձեր սեղանին տեսել եմ», եւ Հրանտը հարցրեց՝ «մեր ո՞ր սեղանին ես տեսել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «խոհանոցի», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «ամեն օր ընթրիքից հետո մի քանի կտոր կարդում եմ» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «չարազի տեղ», եւ ես ժպտալով հարցրի՝ «մարսողական ա՞», եւ Հրանտը ծիծաղելով ասաց՝ «հետո կերեւա», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, նպատակիս հասել եմ», եւ Հրանտը հարցրեց՝ «նպատակդ ո՞րն էր», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «որ Հրանտը գրածներս կարդա», եւ Հրանտն ասաց՝ «միշտ էլ կարդացել եմ», եւ ես ասացի՝ «մի կողմից կարդում ես, մյուս կողմից ձեռ ես առնում», եւ Հրանտը զարմացած հարցրեց՝ «ի՞նչն եմ ձեռ առել», եւ ես ասացի՝ «խոսակցական լեզվով գրելս», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ոչ թե գրելդ եմ ձեռ առնում, այլ՝ խոսելդ» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «բայց Բեյրութում գրական լեզվով լավ էլ դայլայլում էիր», եւ ես ժպտալով հարցրի՝ «Հալեպը՞», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիշողությունդ էնքան էլ լավը չի», եւ ես հարցրի՝ «ի՞նչ իմաստով լավը չի», եւ Հրանտը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «վաբշե», եւ ես հարցրի՝ «ի՞նչն եմ սխալ հիշում», եւ Հրանտն ասաց՝ «էդ գրական ելույթդ ոչ թե Հալեպում էր, այլ՝ Դամասկոսում», եւ ես հիշելով ասացի՝ «ճիշտ ա» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «դաշնակների դահլիճում էր», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էնտեղի բոլոր դահլիճներն էլ դաշնակներինն են», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «չեմ հիշում՝ էդ դահլիճում ինչ եմ խոսել», եւ Հրանտն ասաց՝ «համ խոսեցիր, համ էլ արտասանեցիր», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «չեմ հիշում՝ ինչ եմ արտասանել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես էլ չեմ հիշում, բայց հիշում եմ, որ դահլիճը շատ բուռն ծափահարեց», եւ ես հիշելով ասացի՝ «ես էլ եմ հիշում», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «շատ հայեցի ելույթ էր» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «նաեւ՝ հայրենասիրական», եւ ես հարցրի՝ «բա խի՞ ես ծիծաղում», եւ Հրանտը ժպտալով հարցրեց՝ «լաց լինե՞մ», եւ ես ասացի՝ «բան չեմ հասկանում», եւ Հրանտը ժպտալով հարցրեց՝ «ի՞նչը չես հասկանում», եւ ես հարցրի՝ «հիմի գրականս ա՞ ծիծաղելի, թե՝ խոսակցականս», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էրկուսն էլ», եւ ես ժպտալով հարցրի՝ «էրկուսն է՞լ, թե՝ երկուսն էլ», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «նույն բանն են» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ընդհանրապես՝ քո ու գրականության կապն ա ծիծաղելի», եւ ես զարմացած հարցրի՝ «խի՞ ա ծիծաղելի», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «անսովոր ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «փաստորեն, նորություն ա», եւ ես հարցրի՝ «ձեռ ե՞ս առնում», եւ Հրանտը միանգամայն լուրջ ասաց՝ «դու էլ ինձ էիր ձեռ առնում», եւ ես զարմացած հարցրի՝ «ե՞րբ եմ ձեռ առել», եւ Հրանտը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «վաբշե» եւ մի քիչ մտածեց ու միանգամայն լուրջ հարցրեց՝ «որ ասում էիր՝ «Խումհարը» նորություն ա՝ ձեռ չէի՞ր առնում», եւ ես ասացի՝ «ես լրիվ լուրջ եմ ասել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես էլ եմ լրիվ լուրջ ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց վերնագիրն իզուր ես փոխել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ ուրիշների համար ենք գրում, ոչ թե՝ մեր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ուրիշների՛ ճշմարտությունն ենք գրում, ոչ թե՝ մերը» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «կաշիներիցս դուրս ենք գալիս, որ չլինի թե՝ հանկարծ ճշմարտությունը գրենք», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «էդ իմաստով դու կարաս հանգիստ ըլնես», եւ Հրանտը ժպտալով հարցրեց՝ «խի՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «որովհետեւ ահագին ճշմարտություններ ես գրել», եւ Հրանտը ժպտալով հարցրեց՝ «ձեռ ե՞ս առնում», եւ ես ասացի՝ «շատ փոքր եմ, որ քեզ ձեռ առնեմ», եւ Հրանտը հարցրեց՝ «էդ ի՞նչ ճշմարտություններ եմ գրել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «շատ», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամենակարեւորին չենք անդրադարձել ու ամենակարեւորի մասին չենք գրել», եւ ես հարցրի՝ «ամենակարեւորը ո՞րն ա», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ իմանայի՝ կգրեի», եւ ես ասացի՝ «էդ «Խումհարիդ» մեջ հենց ամենակարեւորն ես գրել», եւ Հրանտը հարցրեց՝ «ամենակարեւորը ո՞րն ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «չգիտեմ» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «որ իմանայի՝ կգրեի», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «հեն ա՝ լավ էլ գրում ես», եւ ես հարցրի՝ «ի՞նչ եմ գրում», եւ Հրանտը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ճշմարտություններ», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց ճիշտը մի հատ ա», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «գողականով ա ճիշտը մի հատ» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ճիշտը հիվանդանում ա, բայց չի մեռնում», եւ ես զարմացած հարցրի՝ «էդ խոսքն ումի՞ց ես լսել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մի քիչ էլ մենք ենք շրջապատի տղա», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց քո շրջապատում էդ խոսքը դժվար թե ասեին», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «լավ էլ կասեին», եւ ես հարցրի՝ «ո՞վ կասեր», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «մեկը՝ դու», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց չեմ ասել», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «համ ասել ես, համ էլ գրել ես», եւ ես զարմացած հարցրի՝ «ե՞րբ եմ գրել», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «գրածներդ էլ չես հիշում», եւ ես հացրի՝ «որտե՞ղ եմ գրել», եւ Հրանտն ասաց՝ «Արամի թերթի վերջին էջի տակ» եւ ժպտալով հարցրեց՝ «էդ «Առավոտի» վերջին էջի հումորները դու չե՞ս գրում», եւ ես զարմացած հարցրի՝ «որտեղի՞ց գիտես», եւ Հրանտը ծիծաղելով ասաց՝ «ես կարող ա՞ շրջապատ չունեմ, ախպեր» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ճիշտը հիվանդանում ա, բայց չի մեռնում», եւ ես ասացի՝ «էդ խոսքն ուրիշներից եմ լսել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «պարզ ա, որ ուրիշներից լսած կլինես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ գողերի ու գողականների չափ էլ չկանք», եւ ես հարցրի՝ «ի՞նչ իմաստով», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրենք իրենց ճշմարտություններն ավելի ճշգրիտ են ձեւակերպում, քան մենք՝ մերը», եւ ես ժպտալով ասացի՝ «որովհետեւ իրանց ճիշտը մի հատ ա», եւ Հրանտը ծիծաղելով ասաց՝ «ճիշտը հիվանդանում ա, բայց չի մեռնում» եւ մի քիչ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «էդ վերջին էջի հումորներիցդ զգացվում ա, որ մի օր արձակի կանցնես», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «դժվար թե», եւ Հրանտն ասաց՝ «ո՞նց թե՝ դժվար թե. փաստորեն, արդեն անցել ես», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց եմ անցել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հայոց պատմության էդ պարոդիաներդ իսկական արձակ են», եւ ես ասացի՝ «դրանք կատակով եմ գրում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բանասիրականն ինձնից հեշտ ես ավարտել, բայց մինչեւ հիմա չգիտես, որ երգիծական արձակ էլ կա», եւ ես ժպտալով ասացի՝ «Արամն աշխատավարձ ա տալիս՝ գրում եմ», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «լավ էլ գործդ գտել ես», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց նեղացողները շատ են», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «որովհետեւ նորություն ա», եւ ես ասացի՝ «ում մասին գրում եմ՝ նեղանում են», եւ Հրանտն ասաց՝ «չեն հասկանում, որ դու էլ ընտանիք ու ապրուստի կարիք ունես», եւ ես ասացի՝ «նույնիսկ ամենաանմեղ կատակից են նեղանում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «իրենց նեղանալուց շատ ե՞ս նեղվում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ուզում եմ, որ գրածներս մարդկանց մենակ ուրախություն պատճառեն», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դրա համար էի՞ր դաշնակների ամբիոնից հայրենասիրական բանաստեղծություններ արտասանում», եւ ես ժպտալով հարցրի՝ «Հալեպը՞», եւ Հրանտը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «չէ՝ Դամասկոսը»:

Հիմա, երբ արդեն իմ ու Հրանտի էս զրույցը պատահաբար ու պատեհաբար հիշելով գրի եմ առել, ուղեղիս աշխատանքն արդեն համեմատաբար կարգավորված է, համենայն դեպս՝ ինձ էդպես է թվում, ու ես արդեն հարյուր տոկոսով եմ համոզված, որ Հրանտը սխալվել է՝ ժամանակին իր էդ վեպի վերնագիրը փոխելով, եւ չնայած ինքս էլ էդ խումհար կոչվածից երբեւէ գաղափար չեմ ունեցել, այդուհանդերձ, կնոջս հասցրած էս գարեջրերի շնորհիվ աշխատունակությունը վերագտած ուղեղիս էս գործունեությունն ու ինքնագործունեությունն անառարկելի փաստեր են, եւ դուք էլ եք վկա, որ էս աննախադեպ խումհարիս ու կնոջս բերած էս գարեջրերի շնորհիվ էս առավոտ մի քանի անգամ շատ գրեցի, քան սովորական առավոտներն էի գրում, ընդ որում՝ գրեթե ամբողջովին հիշեցի ու գրի առա իմ ու Հրանտի՝ շուրջ տասը տարվա վաղեմության էդ զրույցը, որին անդրադառնալու նպատակ երբեւէ չէի էլ ունեցել, մանավանդ որ՝ մեր էդ օրվա զրույցից որեւէ կոնկրետ բան չէի էլ հիշում, բայց ահա՝ էս աննախադեպ խումհարիս շնորհիվ ոչ միայն որոշակի բառեր ու նախադասություններ հիշեցի, այլեւ Հրանտի մտահոգ ու հոգսաշատ դեմքն աչքերիս առաջ հառնեց, եւ չնայած էս ամենն իրոք անբացատրելի ու անհասկանալի է, այդուհանդերձ, հիմա ճարահատյալ մտածելով՝ մանրից սկսում եմ հասկանալ էն՝ ինչը ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ երկու տարի անընդմեջ Մոսկվայի Գորկու ինստիտուտի էդ հանրակացարանում ապրելով. ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ՝ ամբողջ գիշեր խմելուց ու առավոտվա գարեջրով շարունակելուց հետո ինչպե՞ս է Շուկշինի հայրենակից Ռոդիոնով Սանյան ցերեկները նստում ու անվրդով շարունակում նախորդ իրիկուն կիսատ թողած իր գյուղագրությունը, ավելի ճիշտ՝ ավանագրությունը, որովհետեւ իր հերոսները ոչ թե մաքուր գյուղացիներ էին, այլ՝ գյուղատիպ ու քաղաքատիպ ավանի բնակիչներ, եւ իր էդ հերոսները հիմնականում իրենց առօրյա հոգսերի հետ եւ առօրյա հոգսերի մեջ էին եւ, որ ամենակարեւորն էր, մշտապես շողշողում էին իրենց բարոյական նկարագրով, եւ չնայած իր էդ հերոսները հիմնականում փոքր մարդիկ էին ու առավոտից իրիկուն իրենց պստիկ հոգսերի մեջ էին տառապում ու տապակվում, Սանյայի գրչի տակ էդ պստիկ մարդկանց պստիկ հոգսերն էն աստիճանի էին մեծանում ու ահագնանում, որ ընթերցողի մտապատկերում հընթացս ու հետզհետե մեծանում ու հսկայանում էին նաեւ էդ մշտական հոգսերի մշտական կրողները, որոնք առավոտից իրիկուն իրենց ցավերի ու հոգսերի մեջ էին եւ երբեք գինարբուքների ու մանավանդ խումհարի մեջ չէին հայտնվում, եւ ընթերցողի մտքի ծայրով անգամ չէր կարող անցնել, որ էդ ամենը գրողն ու նկարագրողը մշտապես գինարբուքների ու խումհարի մեջ է գտնվում, եւ չնայած Սանյային հիմնականում գինարբուքների մեջ եմ տեսել, իր ընթերցողի անունից խոսելու իրավունքն ինձ միանգամայն հանգիստ խղճով եմ վերապահում, որովհետեւ մի քանի ամիս շարունակ իր հիմնական ընթերցողն էի, եւ չնայած ութսուներկուսի սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր իր հիմնական ընթերցողն էի, իրեն ոչ մի անգամ գրելիս ու ստեղծագործելիս չեմ տեսել ու չեմ էլ պատկերացնում՝ ինչպես էր Ռոդիոնով Սանյան իր ամենօրյա գինարբուքներից ու խումհարներից անմիջապես հետո նստում ու գրում իր երկարբարակ պատմվածքներն ու վիպակները, եւ չնայած իրեն երբեւէ գրելիս չտեսա, իր գրածն անմիջապես՝ հենց նույն կամ, ամենաուշը, հաջորդ օրն էի տեսնում, որովհետեւ Ռոդիոնով Սանյան՝ նույն ինքը Ալեքսանդր Ռոդիոնովը, որ դեռեւս տասնութ տարեկանում Վալենտին Ռասպուտինի գրավոր դրվատանքին էր արժանացել «Յունոստում» տպագրված իր չափազանց երկար պատմվածքի համար, մեր կուրսեցիներից միայն ինձ էր վստահում իր առաջին ընթերցողի դերը, որովհետեւ ես մեր կուրսեցիներից միակն էի, որ գրական ճաշակ ունեի ու Սանյային էլ չէի նախանձում, ավելի ճիշտ՝ ինքն էր էդպես կարծում. այսինքն, ինքը համարում էր, որ գրական չափազանց նուրբ դիտողականության ու չափազանց բարձր ճաշակի տեր եմ, եւ չնայած գինարբուքից ու խումհարից անմիջապես հետո գրած իր էդ երկարաշունչ պատմվածքներն ու վիպակներն ամբողջությամբ չէի կարդում, ինքը երբեւէ չիմացավ ու նույնիսկ չկասկածեց էլ, որ իր էդ գրածները կիսատպռատ եմ կարդում, որովհետեւ ամեն կարդալուցս հետո էնպիսի նուրբ դիտողություններ էի անում ու իր գրվածքների առավելություններն էնքան տեղին էի նշում ու գովում, որ Սանյայի մտքով անգամ չէր անցնում, որ ես իր էդ երկարբարակ պատմվածքներն ու վիպակներն աչքի պոչով ու թռնելով եմ կարդում, եւ իր մտքով էդ բանը չէր էլ կարող անցնել ոչ միայն էն պատճառով, որ իմ դիտողություններն ու գովեստները վերաբերում էին իր տվյալ գրվածքի գրեթե բոլոր էջերին, այլեւ էն պատճառով, որ գիշերը գինարբուքի ու առավոտյան խումհարի մեջ գտնված մարդը դիմացինի ազնվությանն ու անկեղծությանն անվերապահորեն է հավատում, մանավանդ որ՝ ինքն ինձ գրական բարձր ճաշակի ու նուրբ զգացողությունների կրող համարելով՝ ինձ կոնկուրենտ չէր համարում՝ ոչ միայն էն պատճառով, որ էն թվերին դեռեւս արձակագիր չէի, այլեւ էն պատճառով, որ ես ոչ ռուս էի ու ոչ էլ՝ ռուսալեզու հրեա. այսինքն, իր կոնկուրենտներն արձակագիրներն էին, եւ առաջին հերթին՝ ռուս ու ռուսալեզու արձակագիրները, եւ հատկապես ու առանձնապես ռուս գյուղագիրներն ու ռուսալեզու հրեա քաղաքագիրները, եւ առաջին հերթին՝ ռուս գյուղագիրներն ու ավանագիրները, որոնց պատմվածքների ու վիպակների հերոսները Սանյա Ռոդիոնովի պես առավոտից իրիկուն խմում էին, եւ ռուս շովինիստ արձակագիր Ալեքսանդր Ռոդիոնովին ամենից ավելի հենց էս ռուս գյուղագիրներն ու ավանագիրներն էին կատաղեցնում, եւ սրանց դեմ կատաղության պահերին Սանյա Ռոդիոնովը մռնչալով ասում էր՝ «էս մուժիչոկները ջհուդներից էլ են վատ. սրանք ռուս աշխատավոր մարդուն բոզ կամ ալկաշ են դուս բերում», եւ սա վերջնական կարծիքն էր զտարյուն ռուս Ալեքսանդր Ռոդիոնովի, ում արձակի մասին «Յունոստ» ամսագրում Վալենտին Ռասպուտինը դեռեւս յոթանասունականների սկզբներին դրվատական ահագին ծավալուն կարծիք էր հայտնել, եւ Սանյան մեր համակուրսեցի ռուս գյուղագիրներին արհամարհանքով ձերեւենշչիկ էր անվանում՝ համարելով, որ եթե ռուսալեզու հրեաները ռուս աշխատավոր մարդուն մտածված ու հատուկ նպատակով են վարկաբեկում, ապա էդ պրիմիտիվ ձերեւենշչիկներն էդ նույն բանն առանց հասկանալու՝ բայց շատ ավելի լավ են անում, ու եթե դրանց գրածներին հավատաս՝ ռուս մարդը խմելուց բացի ուրիշ զբաղմունք չունի, ու էս ամենը կարծիքն էր էն մարդու՝ ով մեր հանրակացարանում ամբողջ երկու տարի առավոտից իրիկուն խմելով էր զբաղված, ու որ ինքը խմելուց խմել արանքներում նաեւ չափազանց երկար պատմվածքներ ու վիպակներ էր գրում, էդ մասին միայն ես գիտեի, որովհետեւ ինքը ռուսալեզու հրեաներին չէր վստահում ու ռուս ձերեւենշչիկներին էլ արհամարհում էր եւ միայն ինձ էր ցույց տալիս իր էդ երկարաշունչ պատմվածքներն ու վիպակները, ու էդ փաստը հիմա եմ միայն էսպես հպարտությամբ նշում, որովհետեւ Սանյայի էդ գրածները նույնիսկ թռնելով կարդալն էր իսկական տանջանք, մանավանդ որ՝ Սանյան ուշ-ուշ էր իր գրամեքենայի ժապավենը փոխում, ավելի ճիշտ՝ ոչ մի անգամ էդ ժապավենը չէր փոխել, ու իր մեքենագրած տառերից քչերն էին նշմարվում, բայց նշմարվածներն էլ բավական էին, որպեսզի ես կարդալով ու զարմանալով համոզվեի, որ իր էդ մեքենագիր աննշմար էջերի մեջ տառասխալներն ու վրիպակները բացառվում են, եւ դա ապշեցուցիչ էր, որովհետեւ էդ աննշմար էջերն առանց բացառության մեքենագրվում էին հեղինակի ամենօրյա խումհարից ու միժամյա քնից անմիջապես հետո՝ մինչեւ ուշ իրիկուն՝ ընդհուպ էն պահը, երբ Սանյայի հետ խմելու էդ օրվա հավակնորդներն արդեն կազմ ու պատրաստ էին, եւ դա նախորդ օրվա կազմը չէր եւ չէր էլ կարող նախորդ օրվա կազմը լինել, որովհետեւ սովորական ու նորմալ մարդ արարածն ի վիճակի չի երկու օր վրա-վրա էնքան խմել՝ ինչքան որ Սանյան ու իր հիմնական սեղանակիցներն էին խմում, եւ հիմնականները մի քանիսն էին, առաջին հերթին՝ Սանյա Ռոդիոնովի կրտսեր զեմլյակ Անդրյուշան, որը ոչ միայն Ալթայից էր ու Սանյայի ազդեցությամբ ավանային թեմաներով պատմվածքներ էր գրում, այլեւ Սանյային իր վարպետն էր համարում՝ նախ գրելու ու գրականության իմաստով եւ հետո նոր՝ խմելու, եւ Անդրյուշան միակն էր, որ երբեք Սանյային չէր լքում ու անխտիր բոլոր գինարբուքներին ներկա էր, եւ չնայած Անդրյուշան գրականության ինստիտուտի շարքային ուսանող էր ու մեր բարձրագույն կուրսերի հետ որեւէ կապ չուներ, մշտապես հանրակացարանի մեր յոթերորդ հարկում էր, եւ հազվադեպ էր իրենց չորրորդ հարկ իջնում, եւ մշտապես հանրակացարանի մեր էդ ամենավերջին հարկում լինելով ու գտնվելով՝ իր պաշտելի վարպետի զանազան կարգադրություններն էր կատարում, չնայած, ինչքան հիշում եմ, Ռոդիոնովն Անդրյուշային որեւէ կարգադրություն չէր էլ անում, որովհետեւ Անդրյուշան էն բացառիկ ուշիմ աշակերտներից էր, ովքեր իրենց վարպետի ցանկությունն առանց ավելորդ ցուցումի են կռահում ու գլխի ընկնում, եւ Անդրյուշայի դեպքում դա էնքան էլ բարդ բան չէր, որովհետեւ իր վարպետը կյանքից ու մարդկանցից առանձնապես մեծ պահանջներ չուներ, եւ Անդրյուշայի հիմնական պարտականությունը հանապազօրյա օղու լինելիության ապահովումն էր, ինչպես նաեւ՝ տվյալ գիշերվա խմելու տեղի ապահովումը, որովհետեւ Սանյա Ռոդիոնովը հեչ չէր սիրում, երբ խմելու արարողությունն իր սենյակում էր տեղի ունենում, ու էդ նրբությունն էլ էր Անդրյուշան բոլորից լավ հասկանում, եւ երբ որեւէ անտեղյակ մեկն առաջարկում էր Սանյայի սենյակում հավաքվել, Անդրյուշան էդ անտեղյակին կուլտուրական ձեւով հասկացնում էր, որ Ալեքսանդր Ռոդիոնովի սենյակը ոչ թե խմելու տեղ է, այլ միայն ու միայն՝ գրելու, եւ եթե անտեղյակն Անդրյուշայի ասածը լավ չէր ըմբռնում, Անդրյուշան ավելի հասկանալի ու սպառիչ բացատրում էր, որ իրենք բոլորն իրենցից կախված ամեն ինչ պիտի անեն, որպեսզի Պուշկինի, Գոգոլի, Տոլստոյի, Ռասպուտինի ու Վասիլի Մակարիչ Շուկշինի գրական ավանդույթներն արժանի շարունակություն ունենան, եւ էդքանը հերիք էր, որպեսզի անտեղյակներն անմիջապես հասկանային, որ Աստծո, Անդրյուշայի ու բոլորի կողմից գրական չափազանց մեծ պարտավորություններ են դրված Ռոդիոնով Սանյայի մշտապես ճոճվող ուսերին:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել