Լրահոս
Օրվա լրահոսը

Ունենալ եվրոպական չափորոշիչներ

Հունվար 28,2010 00:00

Այդպիսով կբարձրանա ԱՊՀ դիտորդների դերը

ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունների գործունեությունը երբեմն կարող է գնահատվել ոչ բարձր՝ այն պատճառով, որ նրանց գնահատման չափորոշիչներն այնքան մանրամասն եւ խիստ չեն, որքան ԺՄԻԳ-ի չափորոշիչները: Ըստ պատգամավորի, այս հարցը կարծես թե կարելի է լուծված համարել. «Արդեն մի քանի տարի է, ինչ Սանկտ Պետերբուրգում գործում է «Ընտրական գործընթացների եւ ժողովրդավարության ինստիտուտը, որը գլխավորում է պարոն Գլադեյը: Այս ինստիտուտի նպատակը ԱՊՀ շրջանակների համար նույն խստությամբ եւ նույն օբյեկտիվությամբ չափորոշիչների մշակումն է՝ ԱՊՀ տարածքում ընտրություններին հետեւելու համար: Եվ ես առաջարկում եմ. քանի որ այս ինստիտուտը մասնաճյուղեր ունի այլ երկրներում, մասնավորապես՝ Ղրղըզստանում եւ Ադրբեջանում, այդ ինստիտուտի մի մասնաճյուղ էլ բացել Հայաստանում, որովհետեւ այդ մասնաճյուղերի առկայությունը բոլոր երկրներում հնարավորություն կստեղծի մի ցանցային կառույց մշակել, որը կունենա ԺՄԻԳ-ի չափորոշիչների նման չափորոշիչներով ԱՊՀ տարածքում գործող դիտորդական առաքելություն»:
Քանի որ «Առավոտի» զրուցակիցը մասնակցել էր նաեւ հունվարի 20-21-ին Մոսկվայում, ՀԱՊԿ կենտրոնակայանում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների ԵԱՀԿ պատվիրակությունների ղեկավարների խորհրդակցությանը, պարոն Սաֆարյանը անդրադարձավ նաեւ այդ հանդիպմանը: Հայաստանից այդ խորհրդակցությանը մասնակցում էր նաեւ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը: Խորհրդակցության արդյունքում ընդունվել է մի բանաձեւ, որում կարեւորվել է ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցությունը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում. «Սրա մասին շատ վաղուց խոսվել էր, բայց առաջընթաց չկար: Ավելին, այդ խորհրդակցության ժամանակ մշակվել են նաեւ մի քանի կարեւոր բանաձեւեր: Մասնավորապես, խորհրդակցության արդյունքում որոշվեց, որ մեր պատվիրակության անդամ պարոն Դավթյանը, որպես էներգետիկայի ոլորտում որոշակի փորձ ունեցող նախկին փոխնախարար, կհեղինակի եւ ամռանը Օսլոյում կայանալիք նստաշրջանում կպաշտպանի հետեւյալ բանաձեւը. «Տրանզիտ ապահովող երկրների պատասխանատվությունը ԱՊՀ երկրների էներգո-անվտանգության գործում»: Արամ Սաֆարյանի ներկայացմամբ, նույն այդ խորհրդակցության ընթացքում ընդունվել է մեկ այլ բանաձեւ եւս, որը կոչվում է «Հակամարտությունների մեջ գտնվող պետությունների՝ ուժային մեթոդներից հրաժարվելու մասին»: Արամ Սաֆարյանը վստահեցրեց, որ այս բանաձեւը «մինչեւ վերջին ստորակետը» համաձայնեցվել է հայկական պատվիրակության հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել