Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ չեք աշխատում»

Մարտ 24,2010 00:00

Ռոբերտ Քոչարյանը վերլուծել է տնտեսական վիճակը

\"\"Երեկ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ իրեն երիտասարդ թոշակառու եւ քաղաքականությունը լքած գործիչ համարելը դեռ վաղ է: Նա այս անգամ բացառիկ հարցազրույց է տվել «Մեդիամաքս» գործակալությանը՝ քննադատության ենթարկելով իր հետնորդի՝ Սերժ Սարգսյանի ու նրա կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը: «Այո, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ճգնաժամեր: Դա պետք է գիտակցել եւ նախապատրաստվել դրան լավ տարիներին: Սակայն ոչ թե տնտեսության զարգացումը զսպելով, այլ պահուստների ձեւավորմամբ, պետական պարտքի եւ բյուջեի պակասորդի կրճատմամբ, առեւտրի դիվերսիֆիկացմամբ եւ այլն: Եվ մենք դա արել ենք»,- հայտարարել է Քոչարյանը: Ըստ նրա, իր նախագահության օրոք՝ 1998-ից 2008թթ.-ն, ՀՆԱ նկատմամբ Հայաստանի արտաքին պարտքի հարաբերակցությունը 46%-ից կրճատվել էր մինչեւ 13%: «Բյուջեի պակասորդը իմ նախագահության վերջին տարիների տվյալներով, կազմում էր 2%-ից պակաս, միջին տարեկան ինֆլյացիան՝ 2-4%՝ տնտեսության 12-13% աճի պայմաններում: Միաժամանակ, բյուջետային ֆինանսավորումը 2007թ. կազմում էր կապիտալ շինարարության ընդամենը 7%-ը: Հետեւողականորեն ավելացվում էին ոսկեարժույթ պահուստները: Իսկ 2008թ. սկզբին միայն ֆինանսների նախարարության հաշիվների ազատ մնացորդը կազմում էր 100 մլրդ դրամ: Իդեալական մակրոտնտեսություն, որը խոսում է այն մասին, որ երկիրը ծախսում էր ավելի քիչ, քան վաստակում էր՝ աշխատած միջոցների մի մասը պահելով «սեւ» օրվա համար»,- ասել է նա:

Ռոբերտ Քոչարյանը կարծիք է հայտնել, թե՝ «հենց դա հնարավորություն տվեց ՀՀ նոր իշխանություններին ծախսել խնայողությունները եւ նոր վարկեր վերցնել հակաճգնաժամային ծրագրերի իրականացման համար»: «Եվ դա բնական է: Պատկերացրեք, թե ինչ պետք է ստիպված լիներ անել կառավարությունը, եթե արտաքին պարտքը մինչեւ ճգնաժամի սկիզբը կազմեր ոչ թե ՀՆԱ 13%-ը, այլ, ենթադրենք, 40%-ը: Լրացուցիչ վարկերի նման ծավալ Հայաստանին, բնականաբար, ոչ ոք չէր տրամադրի, քանի որ դա կհանգեցներ անխուսափելի դեֆոլտի:

Կարելի՞ էր արդյոք խուսափել շինարարության ոլորտում այդպիսի անկումից: Կարծում եմ՝ այո, սակայն դա առանձին եւ շատ լուրջ խոսակցության առարկա է, թեեւ հայտնի է, որ պատմությունը ենթադրություններ չի ընդունում: Ես կգերադասեի այսօր սահմանափակվել ընդհանուր բանաձեւով: Անհրաժեշտ է համախմբել ջանքերը բնակարանային պահանջարկի պահպանման համար: Եղանակները բազմաթիվ են: Կարծում եմ, կառավարությունում արդեն կա այդ ըմբռնումը: Չափազանց կարեւոր էր սկսել նախօրոք, երբ ճգնաժամը դեռեւս նոր էր շարժվում դեպի Հայաստան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել