Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՄ ԵՐԳԵԼ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՆՋՈՒՅՔՆԵՐԻՆ…»

Ապրիլ 06,2010 00:00

«Ա. Խաչատրյան» համերգասրահում խոստովանեց Վախթանգ Կիկաբիձեն

Օրերս «Ա. Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ անվանի էստրադային երգիչ, դերասան Վախթանգ Կիկաբիձեի համերգը:
Մոտ երկու ժամ շարունակ երգիչը դրական լիցքեր հաղորդեց հայ հանդիսականին: Հնչեցին հին ու նոր երգեր: Համերգը պարբերաբար ընդմիջվում էր տեսանյութերով (ցուցադրվեցին հատվածներ կինոֆիլմերից) եւ զրույցներով: Արտիստը մի քանի դրվագ պատմեց իր կյանքից: Օրինակ, այն մասին, որ այդպես էլ չարժանացավ ԽՍՀՄ արտիստի կոչման: «Բանն այն է, որ ես միշտ հրաժարվել եմ երգել կառավարական խնջույքների ժամանակ, հավանաբար ԽՍՀՄ արտիստ կոչմանը չարժանանալու պատճառը հենց դա էր»,- ընդգծեց Կիկաբիձեն:
72-ամյա երգիչը հիշեց նաեւ իր առաջին սիրո մասին գրած երգը: Այն նվիրել էր Վրաստանի ամենասիրուն աղջկան՝ Զոյային, թեեւ նրա հետ մտերմություն անելու, անգամ ծանոթանալու հնարավորություն այդպես էլ չի ունեցվել: «Մեր ժամանակ ընդունված էր բակ իջնել, խաղալ: Այսօր ժամանակները փոխվել են, եւ ծնողները թույլ չեն տալիս երեխաներին բակում շփվել հասակակիցների հետ: Եվ այդպես մի օր բակի ընկերներիս մոտ գլուխ գովեցի, թե իբր հանդիպում եմ Զոյայի հետ: Ընկերներս չհավատացին ու խնդրեցին, որ ապացուցեմ: Այդ օրը ես բարձրացա մեր տան կտուրին եւ ասեղով ու թանաքով ոտքիս դաջվածք արեցի՝ «Վ+Ս», տղաներին ապացուցելու համար: Ի դեպ, դաջվածքը մինչ այսօր էլ ոտքիս կա: Մի ժամանակ ուզում էի ազատվել դրանից, բայց ինչ-որ բան վախեցրեց ինձ եւ չդիմեցի ռիսկի: Այնպես որ, դաջվածքից արդեն 62 տարի անբաժան եմ: Այս պատմությունն էլ առաջին սիրո մասին երգի առիթ դարձավ»,- անկեղծացավ Վ. Կիկաբիձեն:
Կիկաբիձեն ասաց, որ Հայաստանը նույնքան լավ գիտի, որքան Վրաստանը: Իսկ հայ ընկերներից առանձնացրեց լուսահոգի Մհեր Մկրտչյանին եւ ջութակահար Կարո Հայրապետյանին:
Երգիչը հավելեց, որ, հավանաբար, մայիսի վերջին Երեւանում կմասնակցի Մհեր Մկրտչյանին նվիրված հոբելյանական երեկոյին:
Սիրված արվեստագետի հետ հանդիպմանը հայ հանդիսականը, ինչպես ասում են, պատրաստված էր եկել՝ ծաղկեփնջերով ու զամբյուղներով, որոնցով եւ պարբերաբար բեմ էին բարձրանում: Կիկաբիձեն ջենտլմենաբար համբուրում էր բոլոր կանանց եւ աղջիկների ձեռքերը ու սիրով ընդունում նրանց ծաղկեփնջերը:
Արտիստը բեմից կատակեց, թե իբր միշտ գումար է տալիս, որ իրեն բեմադրած կարգով ծաղիկներ հանձնեն բեմում:
Մի աղջնակ այդ երեկո ծաղիկներ նվիրելուց հետո ինչ-որ բան շշնջաց երգչի ականջին…
«Նա ասաց, որ տատիկս ձեզ շատ է սիրում»,- չթաքցրեց Կիկաբիձեն:
Հայ հանդիսատեսը դահլիճից հեռացավ գոհ եւ շնորհակալ: Երկար ժամանակ չէին մարում «Ա. Խաչատրյան» համերգասրահի ինքնաբուխ «բրավոներն» ու ծափահարությունները: Կիկաբիձեն ջանք ու եռանդ չէր խնայել դրա համար: Երգում էր կենդանի, փոքրիկ նվագախմբի ուղեկցությամբ: Հաճախ սիրված երգչին միանում էր դահլիճը, երբ բեմից հնչում էին այնքան հարազատ ու սիրելի երգերը՝ «Իմ տարիները իմ հարստությունն են», «Չեմ շտապեցնում կյանքս»: Համերգը եզրափակեց Կիկաբիձեի այցեքարտը համարվող «Չիտո գրիտոն»՝ «Միմինո» կինոֆիլմի հայտնի երգը:
Նույն օրը կեսգիշերն անց Կիկաբիձեն հյուրընկալվեց «Mezzo Classic House» ակումբ, որտեղ եւս հիմնականում խոսել է Էստրադայից, կինոյից… Չի մոռացել պահաջել մեկ գավաթ օղի:
Ի լուր երկրպագուների, որ շարունակում են ինֆորմացիա պեղել երգչի մասին, ասաց, որ արդեն պապիկ է, ունի երկու թոռ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել