Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՐԱՐՏՈՒԻՑ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԳԱՐԵՋՈՒՐ

Ապրիլ 20,2010 00:00

Ցուցահանդես եւ համտես տոնի շրջանակներում

\"\"
ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը (ձախից),
մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը, նախկին եւ
ներկա փոխնախարարներ Գագիկ Գյուրջյանն ու Սամվել Ավետիսյանը, գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը գարեջուր են համտեսում:

\"\"
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը եւ ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը գիտեն, թե եգիպտական փարավոններն ու հայոց արքաները ինչ են նախընտրել խմել:

\"\"
Մեկ գավաթ գարեջուրը մշակույթի փոխնախարարին հավանաբար գցեց մտատանջությունների գիրկը:

\"\"
«Գիրք» հիմնադրամի նախագահ Ալիս Ադամյանն ու դուստրը՝ նկարչուհի Արեւ Պետրոսյանը լավ խմիչքից չեն հրաժարվի:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983-ից՝ ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օր: Այն 2010-ին նշվեց «Գյուղատնտեսական ժառանգություն» խորագրի ներքո: Հայտնել էինք նաեւ, որ հնագիտական հետազոտությունների արդյունքում բացված հնագույն բնակատեղիները թույլ են տալիս Հայաստանը տեսնել որպես երկրագործական մշակույթի առաջացման օրրան ու խաղողի նախահայրենիք:
Կիրակի օրը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը եւ ԻԿՕՄՕՍ/Հայաստան հ/կ-ն՝ «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ի աջակցությամբ հանդես եկան օրվա խորհուրդը ներկայացնող միջոցառմամբ: Այն բացվեց «Բերդ» պարային համույթի երիտասարդների պարային կատարումներով, ելույթ ունեցան «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, ԻԿՕՄՕՍ/Հայաստանի նախագահ Գագիկ Գյուրջյանը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, գյուղնախարարի տեղակալ Սամվել Ավետիսյանը, մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը եւ ուրիշներ: Ի դեպ, մշակույթի փոխնախարարը ընդամենը կարդաց մամուլի այն հաղորդագրությունը, որը նախապես ուղարկվել էր ԶԼՄ-ներին: Ներկաներից ոմանք հետաքրքիր փաստերով հավաստիացնում էին Հայաստանի՝ երկրագործական մշակույթի, գարեջրագործության եւ գինեգործության նախահայրենիք լինելու մասին: Օրինակ, Հայաստանի պետական ագրարային համալսարանից՝ Անդրեաս Մելիքյանը հայտնեց, որ հնում ցորենի ու գարու հատիկների միջոցով որոշել են ծնվելիք երեխայի սեռը: Դրանք թրջել են հղի կնոջ մեզով, եւ եթե գարեհատիկն է ծլել, նշանակել է՝ աղջիկ է ծնվելու, ցորենի հատիկի դեպքում էլ՝ տղա:
ԻԿՕՄՕՍ/Հայաստանի գլխավոր քարտուղար Հասմիկ Ազիզյանն էլ մրցանակներ հանձնեց Տուրիզմի հայկական ինստիտուտի 4 ուսանողների, որոնց վստահվել էր ներկայացնել Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը ԵԽ հովանու ներքո անցկացվող ամենամյա «Հուշարձանների լուսանկարման միջազգային փորձ» մրցույթին:
Նույն օրը կայացավ նաեւ «Ուրարտուից՝ Երեւանի գարեջուր» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը՝ թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում: Կողք կողքի զետեղված ցուցանմուշների եւ լուսանկարների միջոցով այցելուին ներկայացվեց Հայաստանում գարեջրի արտադրության անցյալն ու ներկան՝ Ուրատուից մինչեւ Երեւանի գարեջուր: Միջոցառումն ավարտվեց թանգարանի ներքին բակում կազմակերպված «Երեւանի գարեջրի» եւ հայկական գինիների այն տեսականու համտեսով, որոնց արտադրությունը խրախուսվել է «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնի» կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել